Վահե Անթանեսյան. «Երկու արձանագրության շուրջ»
Advertisement 1000 x 90

Վահե Անթանեսյան. «Երկու արձանագրության շուրջ»

Հաղարծինի Սուրբ Աստվածածին վանքի գավթի հարավային կողմում ժամանակին թագավորական տապանատուն է եղել, ուր այժմ պահպանվել են երկու տապանագրեր. «Սմբատ թագավոր» և «Այս է հանգստարան թագավորաց… Գ…» արձանագրություններով [1]:

Այս տապանագրերի վերաբերյալ ժամանակին հնչել են տեսակետներ, որ դրանք պատկանում են Բագրատունյաց գահատոմի արքաներ Սմբատ II-ին /977-990/ և Գագիկ I-ին /990-1020/: Տեսակետը, մասնավորապես, արծածել է Ի. Էլլարյանը [2], որին պաշտպանել է նաև պատմական գիտությունների  դոկտոր Ռ. Մաթևոսյանը իր «Հայկական զինանշաններ» արժեքավոր աշխատության մեջ [3]:

Սակայն փաստերի վերլուծությունը այլ բան է ապացուցում:

Նախ, քիչ հավանական է, որ Բագրատունյաց գահատոհմի վերոհիշյալ արքաները թաղվեին ոչ թե քաղաքամայր Անիում, այլ Հայաստանի ծայրագավառներից մեկում, այն էլ` այդպիսի խղճուկ ու աննշան դամբարանում:

Վերը նշվածն արծածել է նաև Ի. Էլլարյանը, նշելով, որ ազնվազարմ ու մեծազոր անձանց գերեզմանների վրա դրել են ոչ թե սովորական տապանաքարեր կամ գերեզմանաքարեր, այլև վեհաշուք հուշարձաններ [4]:

Բացի այդ, Հաղարծինի Սուրբ Աստվածածին եկեղեցին մասնագետների գնահատմամբ կառուցվել է 1071թ. [5], Գագիկ I-ի մահից շուրջ կես  դար հետո:

Հիշյալ տապանաքարերը չեն կարող պատկանել Սմբատ II և Գագիկ I շիրիմներին նաև այն պատճառով, որ նրանք թաղված են Անիում: Կոնկրետ Սմբատ II մասին մատնացույց է անում Ստեփանոս Ասողիկը.

«…եւ մեռաւ անդեն եւ թաղեցաւ ի նմին քաղաքի …» [6]: Նաև` երբ Սմբատ II-ի կասկածելի հանգամանքներում մահից հետք հուզումնր են առաջանում Անիիում, Գագիկ I-ը ստիպված է լինում բացել եղբոր գերեզմանը. «…որ պատմել քաղաքին եւ զօրացն եթէ ահա մեռեալ է» [7]:

Գագիկ I-ի գերեզմանատեղին կոնկրետ մատնացույց անող տվյալ չկա, բայց Բագրատունյաց զորեղ տիրակալը նույնպես պիտի թաղվեր քաղաքամայր Անիում:

Եթե նույնիսկ տապանագրի Գ–ն Գագիկ է, ապա այն Անվո Գագիկ I-ը չէ: Ուրեմն, ո՞վ է թաղված Հաղարծինում:

Բագրատույաց տոհմում Գ տառով սկսվող անուններից տարածված էին Գագիկը և Գուրգենը: Գուրգեն անունը տարածված էր հատկապես Բագրատունյաց Տայքի և Արտանուջի ճյուղերում, սակայն նրանք արքայական տիտղոս չեն կրել: Մեզ հետաքրքրող ժամանակահատվածում Գ տառով գահակալներ Անիում երկուսն էին` Գագիկ I-ը /990-1020/ և Գագիկ II /1042-1045/: Գագիկ I-ի վարկածն արդեն քննարկեցինք, ինչ վերաբերվում է Գագիկ II-ին, նա զոհվել է Հայաստանի սահմաններից դուրս և հասկանալի պատճառներով մեր հետքրքրության շրջանակներից դուրս է:

Կյուրիկյան արքայատոհմի առաջին գահակալի` Գուրգենի տապանաքարը Սանահնա վանքում է [8]:

Սակայն Կյուրիկյան տոհմում Գ տառով այլ գահակալներ ևս կային` Կյուրիկյանների Կախեթի արքայատոհմի հիմնադիր, Լոռու Դավիթ Անհողին թագավորի /989-1048/ որդին` Գագիկը /1035-1058/:

Մեր կարծիքով` վերոհիշյալ տապանաքարը պատկանում է հենց այս Գագիկին, իսկ Սմբատը դա Դավիթ Անհողինի մյուս որդին է, որ ավագ եղբոր` Կյուրիկե II-ի /1048-1089/ գահակիցն էր Տաշիր-Ձորագետի գահին:

Լոռու մարզի Ախթալա քաղաքից դեպի արևմուտք հին, լքված գյուղատեղի կա` Ապրոյի գոմեր անվամբ: Գյուղատեղին իր անվանումն ստացել է այստեղ իր միայնակ ծերությունն ապրած Ապրո /Աբրահամ/ Աղաբաբյանի անունից:

Դատելով գյուղատեղի հուշարձաններից` /խաչքարեր, գերեզմաններ …/ այստեղ միջնադարում մեծ բնակավայր է եղել: Բնակավայրը լքվել է XVIII դարի կեսերից և ցավոք, տեղի հուշարձանները լավ չեն պահպանվել: Բնության այս գողտրիկ անկյունը կարող է հետաքրքրել էկոտուրիզմի սիրահարներին: Բավական է նշել, որ սառնորակ, վճիտ ջուրը, մաքուր օդն ու հարուստ անտառը պահպանվում են իրենց նախնական անարատությամբ: Ապրոյի գոմերից մոտ 5 կմ արևմուտք` անտառածածկ լեռան գագաթին է գտնվում Թոփրակ Կալա /այժմ հայտնի է Կկվի բույն անվամբ/ ամրոցը, որ Պղնձահանքի /Ախթալա/ միջնադարյան հուշարձաններից է: 2003 թ. հոկտեմբերին գյուղատեղից քիչ հեռու հայտնաբերեցինք փոքրիկ խաչքար. կոտրված, վրայի արձանագրությունը մասամբ եղծված: Արձանագրությունն ուներ նվիրատվական բնույթ.

ՙԻ թւին ՉԻԲ /1237/9 կամաւն ԱՅ/ եւ ողորմութեամբ ՍԲ Նշանիս Հ / աղբատա ես` Դանիել եւ եղ [բայր] քն / կանգնեցինք զ խաչ եւ զ Մա [րկ] / ոսե գնեցինք զեգիս Խ դահ [եկանաւ] / xxx նվիրեցինք xxx Տերն xxx / վանիցս ամենիւ գիտոյ ով / հակառակն անել ջանա մեծաց կամ փոքր / աց ՅԺԸ /31810/ -իցն նզոված/  եղիցի: Վասն մեղացն մերին [թողութեան]: / Ամեն:

Տեքստից կարելի է ենթադրել, որ գյուղը ժամանակին պատկանել է Հաղպատի գյուղախմբին ինչպես գյուղատեղից ոչ հեռու գնտվող մյուս բնակավայրերը` Նեղոց, Գլիզնաձոր, Խոջակաձոր /Խանջակ/, Տշտաձոր, Գադուկ…

Արձանագրության վերծանումից հետո խաչքարը նորոգեցինք, ջարդված մասերը միացրեցինք ցեմենտով:

Արձանագրության հայտնաբերումը օգնեց նաև որոշ սրբագրումներ կատարել: Մասնավորապես, Կ. Ղաֆադարյանի «Հաղբատ» գրքում վերոհիշյալ Դանիելի և իր եղբայրների մասին կա արձանագրություն.

«Շնորհաւք տեառն Յիսուսի, հրամանաւ տէր Յովհաննէսի գրեցաւ գիրս յիշատակի Գ քահանայից եղբարց` Անդրեի, Դանիելի, Տիրաննո, Գորգա, ի հալալ արդեանց մեր շինեցանք զսուրբ Սիոնս բարեխաւս առ Քրիստոս մեզ եւ ծնողաց մերոյ: Եւ ընծայեցանք ի սմա ԳՃ /400/ սպիտակ, գծած էգին ի Հացագոմս եւ  ի [Գա] նձահանքն [11]…

Այստեղ, ինչպես իրավամբ նշում է Կ. Ղաֆադարյանը, Գանձահանքը պիտի ընթերցել Պղնձահանք, ինչպես նշված է Հ. Ղրիմեցու, Ռ. Բեկ-Երզնկյանցի և Ե. Լալայանի մոտ [12]:

Սույն արձանագրությունը Կ. Ղաֆադարյանը թվագրել է 1268-ով 13, որ չի համապատասխանում իրականությանը, քանզի արձանագրության մեջ Դանիելի մասին նշված է որպես հանգուցյալի, սակայն ինչպես տեսանք, 1273-ին Դանիելը դեռ ողջ էր և Պղնձահանքում խաչքար է կանգնեցրել:

Վերջում ավելացնենք, որ վերոհիշյալ եղբայրները ապրել են XIII դարում, Հաղպատում կառուցել են ՍԲ Սիոն մատուռը և հայտնի են նմանատիպ այլ նվիրատվություններով ևս [14]:

Վահե Անթանեսյան

Ծանոթագրություններ

  1. Ի. Էլլարյան. «Աղստևի հովտի պատմական հուշարձանները» – Երևան – 1968, էջ 50: Նույնի` «Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները» – Երևան – 1980, էջ 54:
  2. «Դիվան հայ վիմագրության» հատոր VI – Իջևանի շրջան – Ս. Ավագյան, Հռ. Ջանփոլադյան, Երևան – 1977 – էջ 59:
  3. Ի. Էլլարյան. «Աղստևի հովտի պատմական հուշարձանները» – Երևան – 1968, էջ 52:
  4. Ռ. Մաթևոսյան. «Հայկական զինանշաններ», առաջին մաս, Երևան – 1994-էջ 33:
  5. Ի. Էլլարյան. «Աղստևի հովտի պատմական հուշարձանները» – Երևան – 1968, էջ 83:
  6. «Հայ ժողովրդի պատմություն» – ՀՍՍՀ ԳԱ հրատ. – Երևան – 1976- III հատոր – էջ 910, նաև «Դիվան հայ վիմագրության» հատոր VI, -էջ 21, նաև Հ. Եղիազարյան. «Հաղարծինի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները» – «Էջմիածին» -1954-N9:
  7. Ստեփանոս Տարոնեցի «Պատմություն տիեզերական» -ՍՊԲ -1885-էջ 255:
  8. Նույն տեղում
  9. Կ. Ղաֆադարյան «Սանահինի վանքը և նրա արձանագրությունները» – Երևան – 1963-էջ 24:
  10. Ծանոթություն հեղինակի
  11. Ծանոթություն հեղինակի
  12. Կ. Ղաֆադարյան «Հաղբատ» Երևան –1963 – էջ 249:
  13. Նույն տեղում
  14. Նույն տեղում, էջ 248
  15. Նույն տեղում, էջ 250:


Նման նյութեր