Հինգ անուն՝ Ալիսա Քալանթարյանի ձայնադարանից. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հինգ անուն՝ Ալիսա Քալանթարյանի ձայնադարանից. hetq.am

«Հետքը» շարունակում է ներկայացնել է «Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկում են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտում են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի ղեկավար Ալիսա Քալանթարյանի ձայնադարանը:

Հավանաբար ամեն ինչ սկսվել էր այն պահից հետո, երբ դպրոցում, երաժշտական դասի հերթական պարապմունքի ժամանակ նրա համադասարանցիներից մեկը՝ հետագայում հայտնի ջազային երաժիշտ Աշոտ Բզնունին, դաշնամուրով սկսեց մի երգ նվագել: Ալիսայի ուշադրությունն իսկույն սևեռվեց այդ անսովոր մեղեդու ուղղությամբ: «Ի՞նչ է սա»,- հարցրել է դասընկերոջը: «Կոչվում է «Միշել», խմբի անունն էլ «Բիթլզ» է, ամերիկյան ինչ-որ խումբ է,- պատասխանել էր նա ու քիչ հետո ինքն իրեն ուղղել,- չէ՛, չէ՛… անգլիական խումբ է, պարզապես ձայնապնակն ինձ Ամերիկայից են ուղարկել»:

Հետո Ալիսան լիվերպուլյան քառյակին բացահայտեց արդեն ազգային ռադիոյի՝ նման երաժշտությամբ այն ժամանակ ոչ այնքան հարուստ  եթերից:

«Իմ մանկության տարիներին գրեթե բոլորի տանը պատի ռադիո կար, և բոլորը լսում էին այն,- պատմում է Ալիսան:- Դեռ այն ժամանակ նրանից հնչող մեղեդիների մեջ ես որսում էի ինչ-որ բաներ, որոնք տարբեր էին և հնչում էին անսովոր, բոլորովին ուրիշ աշխարհներից: Ֆրենկ Սինատրա, Լուի Արմսթրոնգ և այլք, առաջին անգամ պատի ռադիոյից եմ լսել»:

Հետագայում այդ անսովոր անուններն ու երաժշտությունը պիտի ռադիոյից հնչեին նաև Ալիսա Քալանթարյանի ընտրությամբ և մեկնաբանություններով: Հեռուստատեսային և ռադիո բազմաթիվ հաղորդումների հեղինակ, վարող Ա. Քալանթարյանին հենց այդ անսովոր ու հետաքրքիր երաժշտությամբ էլ հիշում ու պատկերացնում են շատ-շատերը: Ոմանց համար նրա անունն ասոցացվում է կոնկրետ ժանրի կամ ուղղության հետ: «Այսօր նաև մի, այսպես ասած, միֆ պիտի քանդեմ,- կատակում է նա,- երկար ժամանակ հետաքրքրվելով 60-ականների բրիտանական երաժշտությամբ՝ ես հայտնի ռոք լսողի համբավ էի ձեռք բերել, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէր: Թեպետ իսկապես լսում էի՝ գլուխս թափահարելով, բայց երբ ինձ համար բացահայտեցի պրոգրեսիվ ռոքը, այն դարձավ իմ ամենասիրելի ուղղությունը այս երաժշտության մեջ: Ինձ համար ոչ միայն կարևոր են մեղեդին, գործիքավորումն ու մատուցումը, այլև՝ բովանդակությունը: Իսկ պրոգրեսիվ ռոքը բովանդակությամբ հիանալու հնարավորություն տալիս է: Ես մինչև հիմա էմոցիոնալ բուռն պոռթկումներով կարող եմ լսել «Ջետրո Թալլ»-ը, փիթերգեբրիելյան շրջանի «Ջենեսիսը», եղել է մի փուլ, որ շատ լսել եմ «Emerson, Lake & Palmer» և այլն»:

Նրա ձայնադարանում են նաև Փոլ Սայմընի, Թրեյսի Չեփմենի, Էլթոն Ջոնի որոշ շրջանների ալբոմներ, ջազ, ֆոլկ երաժշտություն, ֆրանսիական հայտնի ու անհայտ պոետ-երգիչների, անպայման՝ դասական, կամերային երաժշտության տարբեր գործեր և այլն:

Ամբողջությամբ՝ hetq.am