Աշնանային սննդակարգում պետք է լինեն վառ գույներով մթերքներ՝ գազար, մրգեր, ցիտրուսներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։
«Ցուրտ ու չոր եղանակային պայմաններում սնունդը պետք է տաքացնող լինի։ Աշնանային սննդակարգում կարող են տեղ գտնել կոճապղպեղը, սև և չիլի պղպեղները, որոնք կծու են, բայց տաքացնող հատկություն ունեն։ Մեխակը և դարչինը կարելի է որպես եփուկ օգտագործել՝ իրար հետ ջերմային մշակման ենթարկել, անմիջապես ուտելուց առաջ խմել։ Ցանկալի է ուտելիքների մեջ հաճախ օգտագործել համեմունքներ։
Ըստ սեզոնի, մթերքը պետք է լինի գույներին համապատասխան։ Աշնանը պետք է ուտել գազար, սերկևիլ, ցիտրուսային մրգեր։ Պետք է պարտադիր նախաճաշել տաք և չափավոր յուղոտ սննդամթերքներով, օրինակ՝ շիլա (չմշակված ցորենով՝ թեփով)։ Յուղերը ցանկալի է լինեն լավ որակի բուսայուղեր կամ տանը հալեցրած կարագ։ Մրգերը կարելի է ջերմային մշակման ենթարկել՝ խորովել սերկևիլը, խնձորը, տանձը եփել և այս ամենը առանց շաքարի, ամբողջը բնական»,- նշեց բժիշկ-դիետոլոգը։
Նրա խոսքով՝ ամռան ընթացքում պատրաստված չրերը կարելի է տաքացնել և օգտագործել բրնձի, վարսակի շիլաների հետ։ Վարդանուշ Պետրոսյանը ընդգծեց, որ ընկուզեղենը նույնպես կարելի է ներառել աշնանային սննդակարգում, քանի որ այն պարունակում է սպիտակուցներ, օգտակար ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային աղեր։
«Ցերեկը խորհուրդ է տրվում ուտել ապուրներ, պարզապես եփված բանջարեղեն՝ դդում, բազուկ, գազար, կարտոֆիլ, որը հատկապես օգտակար է իր կեղևով»,- ընդգծեց Պետրոսյանը։
Դիետոլոգը նշեց, որ ավելի ցուրտ եղանակին, որպես սպիտակուցի աղբյուր շատ հարմար է ուտել ձու և՛ նախաճաշին, և՛ ճաշին, և՛ ընթրիքին։ Կաթնամթերքը, չնայած սառը լինելուն, նույնպես կարելի ներառել աշնանային սննդակարգում։ Երեկոյան կաթ խմելը բժիշկ-դիետոլոգը հիանալի ընտրություն է համարում։