Այս զույգին Wnews.am-ն առաջին անգամ հանդիպեց նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ՝ միաժամանակ պոդիում բարձրացած գանգրահեր մոդելները չափազանց տպավորիչ էին: Հետո արդեն Սրբուհի Ավանեսյանին տեսանք «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթում:
Սրբուհին պայքարում էր թագի համար, իսկ Գոռն ամեն կերպ աջակցում էր նրան. նկարում էր Սրբուկի յուրաքանչյուր քայլը, անսպասելի հայտնվում ծաղիկներով, սիրառատ գրառումներ անում ֆեյսբուքում, իսկ մրցույթի օրը այնպես էր բղավում գեղեցկուհու ամեն ելույթի ժամանակ, որ Wnews.am-ի թիմը, ովքեր նստած էին հենց Գոռի դիմաց, ստիպված փակում էին ականջները:
Գոռ-Սրբուկ գանգրահեր մոդելների խենթ ու խելառ սիրո մասին էլ մենք զրուցել ենք նրանց հետ: Երիտասարդ, գեղեցիկ ու սիրահարված… ինչ կարող է լինել ավելի լավ:
Առաջին հանդիպումն ու տպավորությունը
Սրբուհի. Առաջին անգամ հանդիպեցինք «Armmod»-ի նորաձևության ցուցադրությանը, Ծաղկաձորում, դեկտեմբերի 23-ին էր։ Քանի որ նոր էի մտնում մոդելային ասպարեզ ու առաջին պրոֆեսիոնալ ցուցադրությունս էր, Գոռն ինձ համար «աստիճաններից վերև գտնվող մարդ էր», անհասանելի ինչ-որ կերպար էր ու ես հիշում եմ, որ երկուսս էլ մեր մազերն ուռացրել էինք, խուճուճացրել, ես առաջարկեցի Գոռին միասին թռնել ու այդպես տեսանյութ նկարել. այդ տեսանյութը մինչև հիմա կա. երկուսով կանգնած թռվռում ենք։ Հիշում եմ, երբ այդ օրը երեկոյան տուն գնացի, ինքն ինձ գրեց ֆեյսբուքով՝ «լա՞վ հասար» ու ես շատ ոգևորվեցի։
Գոռ. Ինքը շատ էր տարբերվում իր խուճուճներով, ճիշտ է՝ ցուցադրությունը խուճուճ մազերով մի ուրիշ աղջիկ էլ կար, բայց ինքը խուճուճ գիժ ա, այդ առումով էր տարբերվում։ Բայց որ ինքն ասում է՝ «ես վերևում էի», չեմ զգացել դա, զարմանալի է, որ ինձ այդպես էր վերաբերվում։ Նույնն էլ ես կարող եմ իր մասին ասել, որ ինքն էլ ինձ էր անհասանելի թվում, բայց երբ եկավ առաջարկեց տեսանյութ անել հավես տպավորություն թողեց։ Մինչև Սրբուկը խուճուճ մազերով աղջիկների հետ ընդհանրապես չեմ շփվել։
Առաջին Ժամադրություն
Գոռ. Երկու անգամ ֆեյսբուքով առաջարկեցի ու հանդիպեցինք, բայց իրար չհավանեցինք ու մոտավորապես 5-6 ամիս ընդհանրապես չենք շփվել։ Հետո նորից գրեցի Սրբուկին։
Սրբուկ. Հետաքրքիր այն էր, որ այդ պահին ես էի ուզում գրել իրեն, ուղղակի զգում էի, որ ինքն իմ կարիքն ունի։ Էն զգացողությունն էր, որ կանչում ենք իրար։
Գոռ. Իմ մոտ դեպրեսիոն վիճակ էր, չգիտեմ ինչի իրեն ընտրեցի ու գրեցի, անկեղծ չգիտեմ։
Սրբուկ. Մենք սկզբում ուղղակի ընկերներ էինք: «Միսս Արմենիա»-ն շատ բան արեց, որ ես ու Գոռն իրար հետ լինենք։ Մինչև այդ մենք համարյա ամեն օր իրար հանդիպում էինք, բայց ընկերական հարաբերություններից այն կողմ չէինք անցնում։ «Միսս Արմենիա»-ի ժամանակ այդ հեռավորությունն էր, երբ չգիտես՝ ինչ է կատարվում իր մոտ, ինքը չգիտի իմ մոտ ինչ կա, լրիվ ուրիշ աշխարհներում էինք ու սկսեցինք հասկանալ, որ կարոտում ենք իրար:
Լողազգեստով Սրբուկն ու խանդոտ Գոռը
Գոռ. Նկարահանման հրապարակում էինք ու տղաներն ինձ հարցրին՝ ոնց ես թողում, որ ընկերուհիդ մասնակցի «Միսս Արմենիա» մրցույթին, ես ասացի՝ հա, լողազգեստով դուրս է գալիս, բոլորը նայում են, բայց մեկ է՝ իմն է։
Ես բնավորություն ունեմ. ինչը իմն է, պետք է ոչ ոք չկպնի։ Սրբուկին կարող է հազար տարվա ընկերներից մեկը գրի, իրար հետ ֆեյսբուքով շփվեն, ու ես դրանից գժվեմ, իմ դուրը դա չի գալիս։ Ամենաթեթև բանից էլ խանդում եմ։ Իր ամեն քայլից պետք է տեղյակ լինեմ։
Սրբուկ. Հավատացեք, մեր կռիվները սովորական կռիվների նման չեն, որ վայ, իրար հետ լուրջ կռվում ենք: Երբ ներվայնանում ենք, իրար կատակով ծեծում ենք ու հանգստանում։
Գոռ. Լավ կռիվներ են, բայց լուրջ չեն:
Սրբուկ.Ես Գոռի համեմատ ես շատ աշխույժ եմ։ Գոռն ավելի հանգիստ է, դրա համար մենք իրար համապատասպանում ենք, որովհետև երբ իմ մոտ էներգիաս եռում է, Գոռի մոտ հանգիստ է։
Ֆեյսբուքն ու հարաբերությունները
Գոռ Երբ ընկերություն էինք անում, մեզ միշտ միասին էին տեսնում, որպեսզի այդ հարցը չտան՝ ընկերներ ե՞ք, սիրու՞մ եք իրար, որոշեցի ֆեյսբուքում նշել, որ հարաբերությունների մեջ ենք։ Դրանից հետո իսկապես զգացինք, որ սիրում ենք իրար։))
Սրբուկ. Երբ Գոռն առաջին անգամ ֆեյսբուքում ինձ սեր էր խոստովանել, գրել էր, որ ես իրեն սովորեցրել եմ ապրել ներկայով, անցյալից լավը հիշել, իսկ ապագան լավ պատկերացնել, ես փշաքաղվել էի, ինձ համար դա անակնկալ էր, շատ էի հուզվել: Քանի որ մեր զույգի երկրպագուները շատ են, մենք էլ սիրում ենք նրանց ուրախացնել, հաճախ ենք համատեղ նկարներ, տեսանյութեր տեղադրում։ Շատ մարդիկ կան, որ չեն հավատում, որ սա իրական է, հարցնում են՝ շո՞ու եք անում, թե՞ իրականում էլ միասին եք։ Իրենց համար անսովոր է երկու «գժերի» միմյանց հետ տեսնելը:
Գոռ. Դե շատ են մեզ գրում, որ անհամբեր սպասում են մեր վիդեոներին, միշտ հետևում են մեզ, մեր զույգին սիրում են։
Ամբողջությամբ՝ wnews.am