Այսօր [80 Հարցազրույց] խորագրի հյուրն է Հայաստանը զբոսաշրջիկի կարգավիճակով առաջին անգամ այցելած իսրայելցի հեղինակավոր պատմաբան Իրադ Մալկինը։ Կարդացեք մինչև վերջ, հետաքրքիր է լինելու։ Գնացինք։
Պրոֆեսոր Իրադ Մալկին
Իսրայելի պետական՝ Պատմության պարգևի դափնեկիր, 2014
Դասական ժամանակարջանի պատմության դասախոս, Օքսֆորդի համալսարան
Միջերկրական տարածաշրջանի պատմության ամբիոնի վարիչ, Թել Ավիվի համալսարան
Համահիմնադիր և խմբագիր, Միջերկրական Պատմական Ռեվյու ամսագիր
Հին հունական պատմության պրոֆեսոր, Թել Ավիվի համալսարան։
Պրոֆեսոր Մալկին, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հարցազրույցի առաջարկը։ Իմ առաջին հարցն է՝ ո՞րն է Ձեր առաջին տպավորությունը Հայաստանից։
Առաջին տպավորությու՞նս: Շատ բարդ հարց է. այն այնքան հարուստ է։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ես զգում եմ դարերի խորքից եկած և ժամանակակից պատմության շունչը, հայ ժողովրդի վերապրած սարսափելի իրադարձությունների և սովետական անցյալի հետքերը ճարտարապետության կոթողների, արձանների, այլ տարբեր էսթետիկ դրսևորումների մեջ։
Ինչը պակաս կարևոր չէ, տպավորված եմ նաև մայրաքաղաքում հսկայական բաց, մարդաշատ տարածքների և փողոցների առկայությամբ։ Իսրայելում այդպիսի տեղերը շատ չեն։
Շնորհակալություն։ Գիտեմ, որ շատ վայրեր եք այցելել Հայաստանում։ Որտե՞ղ և ինչի՞ց եք ամենաշատը տպավորվել։
Կրկին դժվար հարց է ։ «Ամենաշատը» բառը կարող է տարբեր բաներ նշանակել։ Մի դեպքում այն կարող է նշանակել այն, ինչ ինձ անչափ դուր է եկել, մյուս դեպքում՝ այն ինչ ինձ ցնցել է. միգուցե ինձ դուր չգա, բայց շատ հուզի։
Այսպիսով կարող եմ ասել, որ երկու բան ինձ այստեղ իրոք ցնցել է. Առաջինը դա Քրիստոնեության, վանքերի հինավուրց շնչի և շարունակականության զգացողությունն է. Հայաստանը դարերով եղել է հռոմեացիների, պարսիկների, արաբների, սելջուկների և այլ նվաճողների տիրապետության տակ, և պատմականորեն կարծես այդ այդ մշակույթների հետքերի մագաղաթը լինի, սակայն չնայած այդ ամենի, դարերի խորքից մինչ այսօր եկող շարունակականության և սեփական ճանապարհի գիտակցումն է, որ տպավորություն է թողնում։
Ես զգում եմ, որ հայերն ունեն ուրույն ինքնությունը, և այդ ինքնության զգացողությունը ինձ շատ հարազատ է, իմ սեփական՝ հրեական ծագումից ելնելով։
Հետևաբար՝ իմ ամենալավ տպավորությունը այս ամենի կոմբինացիան է։ Ես դա շատ ուժեղ գիտակցեցի, երբ ճանապարհորդությանս վերջին օրը այցելեցինք Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ մոտս հարցեր առաջացան, թե ինչպես պետք է վերաբերվել և հիշել պատմության ողբերգական էջերը։
Մենք նմանատիպ հաստատություն ունենք Երուսաղեմում, որտեղ հիշում ենք Հոլոքոստի զոհերին. անասելի տխրություն է պատում ինձ, երբ գիտակցում եմ, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել երկու կամ երեք սերունդ առաջ։ Հրեա և հայ ժողովուրդները, կարելի է ասել, պատմության զուգահեռ էջեր ունեն։
Յադ Վաշեմում (Երուսաղեմի հոլոքոստի ինստիտուտ) ավելի շատ է շեշտադրվում կոնկրետ հիշողությունները. զոհերի անունները, նրանց բնակության հասցեները և այլ։
Տխուր է փաստել, որ ավելի շատ հրեա նահատակների անուններ են հայտնի, քան հայերինը։
Այսպիսով, կարող եմ ասել, որ հնի և նորի միաձուլումը, ինչպես նաև վերջին ժամանակներում սեփական երկրի և պետության նշանակության և կարևորության արժևորումն է, որ ես գտա Հայաստանում։
Պրոֆեսոր Մալկին, կնշե՞ք Հայաստանի այն վայրերը, որ առավել տպավորել են Ձեզ։
Կարող եմ նշել Գառնին, որը անձամբ իմ, որպես հելլենիստի՝ Հին Հունաստանի մասնագետի համար ահռելի հետաքրքրություն է ներկայացնում, և ուրախ էի տեսնել այն ձեր երկրում։
Համողված եմ, որ շատ նմանատիպ կոթողներ ոչնչացվել են առաջին քրիստոնյաների կողմից։ Մյուս կողմից՝ կարող եմ ընտրել ցանկացած տպավորիչ քրիստոնեական վանք կամ տաճար. չնայած դրանց նմանությանը, ամեն մեկը յուրահատուկ է իր էության մեջ։
Ամբողջությամբ՝ 80or.am