Հեղափոխությունը 15 տարվա ազատություն տվեց Ռուսաստանի գեյերին
Advertisement 1000 x 90

Հեղափոխությունը 15 տարվա ազատություն տվեց Ռուսաստանի գեյերին

1917թ․ բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի գեյերը մի շարք ազատություններ ստացան։ Վերացվեց «արվամոլության» մասին օրենքը, որով նույնասեռական հարաբերություններ ունեցողները դատապարտվում էին ազատազրկման, և նման օրենք ընդունվեց միայն 1934թ․ Ստալինի օրոք։ Հեղափոխության առաջին տարիներին գեյերը խնջույքներ էին ազատ անում և ամուսնություններ կազմակերպում։ Այս թեմային անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ զրուցելով արվեստաբան Օլգա Խորոշիլովայի հետ, որը պատմել է թե ինչպիսին էր Պետրոգրադի գեյ համայնքը հեղափոխության առաջին տարիներին։ Ներկայացնում ենք զրույցը որոշ կրճատումներ։

Ինչպե՞ս հանվեց «արվամոլության» մասին օրենքը

«1900-ականների սկզբին Ռուսաստանում ակտիվ քննարկվում էր արվամոլության մասին օրենքը վերացնելու հարցը, քանի որ պետք է նոր քրեական օրենսգիրք ընդունվեր։ Օրենքը վերացնելու նախաձեռնողն էր Վլադիմիր Դմիտրիի Նաբոկովը, հայտնի գրողի հայրը։ Սակայն քննարկումները արդյունք չտվեցին, ու օրենքը չվերացրին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկներին շտապ պետք էր նոր օրենսդրություն ստեղծել, այդ թվում՝ քրեական օրենսգիրքը, ու պետք էր որոշել, թե ինչ են անելու արվամոլության մասին օրենքի հետ։ Քաղաքական գործիչները, հարցով զբաղվող բժիշկները չունեին միասնական կարծիք, սակայն 1922թ․ քրեական օրենսգրքում հոդվածը այդպես էլ չմտցրեցին, ոչ էլ 1926թ․ փոփոխված տարբերակում։ Դրան շատ է նպաստել գերմանացի գիտնական Մագնուս Հիրշֆիլդը, որը պնդում էր, որ հոմոսեքսուալությունը հիվանդություն չէ։

1926թ․, երբ պետք է ընդունվեր քրեական օրենսգրքի փոփոխությունները, Հիրշֆիլդը եկել էր Մոսկվա և Լենինգրադ՝ դասախոսություններ կարդալու։ Նա շատ գոհ էր, քանի որ հասկացել էր, որ հոմոսեքսուալներին սովետական Ռուսաստանում չեն հետապնդում։ Թեև նույնասեռականությունը քրեորեն չէր հետապնդվում, սակայն գեյերին շարունակում էին հալածել, ինչպես հիմա։ Նրանց ծեծում էին, սպառնում, հեռացնում էին աշխատանքից։

Ոմանք նամակներ էին գրում հոգեբույժ Վլադիմիր Բեխտերևին՝ համարելով նրան իրենց վերջին հույսը։ Նրա հետ հոգի էին կիսում, դեպրեսիայից դուրս գալու օգնություն խնդրում ու նույնիսկ խնդրում էին, որ «բուժի իրենց հիվանդությունը»։ Այդ նամակներից և այլ փաստաթղթերից կարելի է հասկանալ, որ գեյերից շատերը չափազանց քաջ էին․ նրանք դուրս էին գալիս կնոջ հագուստով, կորսետներով, երկար մազերով ու իրական կնոջ տեսք ունեին:

Ի՞նչ Ամուսնություններ են եղել

Պետրոգրադի հոմոսեքսուալների համայնքը բաժանված էր երկու մասի։ Լեսբիները ապրում էին հանդարտ, իրենց անձնական կյանքը չէին հանում ջրի երես։ Գեյերը, հակառակը, կազմակերպում էին արվեստի ու գրական հանդիպումներ, խնջույքներ ու ամուսնություններ։

Թե քանի այդպիսի ամուսնություն է տեղի ունեցել, չգիտեմ։ Փաստաթղթերից միայն երկուսն է հայտնի։ Մեկը եղել է 1920թ․ Պետրոգրադի կենտրոնում։ Պաշտոնյա Գեորգի Անդրևը ամուսնացավ գործարանի երիտասարդ աշխատող Դենիս Նեստերենկոյի հետ։ Եկրորդ ամուսնությունը եղել է 1921թ․ հունվարին, որի մասին շատ բան է հայտի։ Ամուսնությունը կազմակերպել էր երիտասարդ կուսակցական, Չեկայի գործակալ, Բալթյան նավատորմի նավաստի Աֆանասի Շաուրը։ Նա երազում էր կուսակցական մեծ կարիերայի մասին ու ուզում էր ցույց տալ իր արժանիքները։

1920թ․ նա մի մեծ դավադրություն սարքեց։ Նրա ծանոթների մեջ շատ էին նախկին սպաներ և բանակի ու նավատորմի ցածր պաշտոնի զինվորականներ, ու բոլորը նույնասեռական: Նա հնարել էր, իբր՝ այդ բոլոր նախկին զինվորականները հակահեղափոխական են ու ուզում են Կարմիր բանակը ներսից քայքայել՝ երիտասարդներին ներքաշելով անբարոյականության մեջ։  Գեյ ամուսնություն կազմակերպելով՝ նա կարող էր մի տեղում հավաքել բոլոր այդ «հակահեղափոխականներին» ու ոստիկանության միջոցով միանգամից ձերբակալել բոլորին։

Միջոցառմանը եկել էր 95 հոգի, նրանց մեջ էր նաև տղամարդու շորերով մի կին։ Ու բոլորը ձերբակալվեցին։ Գործը, սակայն, ի վերջո փակեցին»։

Ինչո՞վ ավարտվեց ամենը

«Շաուրի կազմակերպած դավադրությունից հետո նման բաներ տեղի չեն ունեցել։ Ամեն ինչ փոխվեց 1930-ականներին։ 1933թ․ սկսվեցին առաջին ձերբակալությունները ու կալանքները։ «Լենինգրադի հոմոսեքսուալիստների գործով» միայն 175 մարդ էին ձերբակալել։ Այդ ձերբակալությունների պատճառները  հայտնի չեն, քանի որ շատ փաստաթղթեր մինչև հիմա գաղտնի են պահվում ու հասանելի չեն հետազոտողներին։ Հոմոսեքսուալներին բանտ էին նստեցնում քաղաքական հոդվածներով, մեղադրում էին ֆաշիզմի մեջ, անգլիական հետախուզության համար աշխատելու մեջ, հակահեղափոխականության մեջ ու «Կարմիր բանակը բարոյապես քայքայելու» մեջ։ Լենինգրադի գործով ձերբակալությունները առիթ դարձան, որ արվամոլության մասին օրենքը հայտնվի 1934թ․ քրեական նոր օրենսգրքի մեջ»։

pinkarmenia.am