Adme.ru-ն գրում է, որ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով կանայք մեծ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցների վրա։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին։
Ինչպես սնվել մաշկային խնդիրների դեպքում
Պիգմենտային բծերի առկայության դեպքում կարող եք օգտագործել
- ցիտրուսային մրգեր
- հատապտուղներ
- կաղամբ
- չիլի։
Պատճառներ։ Պիգմենտների առկայությունը կարող է վկայել վիտամինների, մասնավորապես՝ B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Այս վիտամինով հարուստ է կենդանական ծագման մթերքը։
Ինչ անել
- Պիգմենտներից ազատվելու գործում կօգնեն C, E վիտամինները, հակաօքսիդանտները։ Այս էլեմենտները պարունակում են ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին, նուռն ու լոլիկը։
- Պիգմենտներն ավելի նկատելի կդառնան, եթե երկար ժամանակ արևի ճառագայթների տակ մնաք։ Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար հարկավոր է հակաօքսիօդատներով հարուստ մթերք օգտագործել՝ թուրինջ, հատապտուղներ, արքայախնձոր, սալոր, կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ, հնդկաձավար։
Յուղոտ մաշկի դեպքում կարող եք օգտագործել
- ձվի դեղնուց
- մանգո
- սպանախ
- գազար։
Պատճառներ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Արդյունքում՝ գեղձերը մեծ քանակով ճարպ են արտադրում։
Ինչ անել
- Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլը կարող են վերացնել կարճ ժամանակով միայն։ Իսկ սննդակարգը, որը հարուստ է A վիտամինով, կօգնի ճնշել ճարպագեղձերի ակտիվությունը։ Հարկավոր է սննդակարգ ներառել ծիրան, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ։
- Հարկավոր է նաև նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը։ Սահմանափակեք սպիտակ հացի, հացաբուլկեղենի, կարտոֆիլի, մակարոնի օգտագործումը։
Բշտիկների ու ցանի առկայության դեպքում կարող եք օգտագործել
- ընդեղեն
- կտավատի սերմեր
- ջրիմուռներ
- ծովամթերք։
Պատճառներ։ Այս դեպքում ևս հիմնական մեղավորը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքն է։ Այս դեպքում ճարպագեղձերն ակտիվանում են, ծակոտիները՝ լցվում։ Բակտերիաները բազմանում են, և սկսվում է բորբոքային պրոցես։
Ինչ անել
- Ակնեից ևս կարելի է ազատվել սննդակարգը շտկելու միջոցով։ Սկսեք օգտագործել ճարպաթթուներով հագեցած մթերք, որոնք օգնում են ազատվել բորբոքումից։ Հարկավոր է սննդակարգում մեծացնել մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, կտավատի սերմերի քանակը, ինչպես նաև ծովամթերքը։
Մաշկի չորության դեպքում կարող եք օգտագործել
- ձու
- ավոկադո
- միս
- լոբազգիներ։
Պատճառներ։ Մաշկի չորությունը կարող է վկայել վիտամին E-ի ավելորդ քանակի և խոլեստերինի անբավարար քանակի մասին։ Այս խնդիրն առաջանում է հատկապես բուսակերների մոտ, քանի որ օգտակար խոլեստերինի մեծ մասն օրգանիզմը ստանում է մսից ու ձկից։
Ինչ անել
- Հարկավոր է սննդակարգ ներառել հագեցած ճարպաթթուներ։ Դրանք լավագույնս յուրացվում են յուղերի և սննդային հավելումների օգտագործման դեպքում։ Սննդակարգ ներառեք լոբազգիներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ, ընդեղենի այլ տեսակներ։
Կնճիռների դեպքում կարող եք օգտագործել
- սոյա
- սմբուկ
- սոխ
- ծնեբեկ։
Պատճառներ։ Կնճիռների արտահայտվածության վրա մեծապես ազդում է ալկոհոլի օգտագործումը, որը ջրազրկման պատճառ է դառնում։ Վաղաժամ ծերացման պատճառ կարող է դառնալ նաև շաքարավազը։
Ինչ անել
- Հակաօքսիդանտները կօգնեն մաշկին երիտասարդ տեսք հաղորդել։
- Սննդակարգ ներառեք կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ։
Աչքերի տակ մուգ պարկերի առկայության դեպքում կարող եք օգտագործել
- ջուր
- միս
- հնդկաձավար
- թունա ձուկ։
Պատճառը։ Սխալ է այն կարծիքը, թե աչքերի տակ մուգ պարկերն առաջանում են միայն քիչ քնելու հետևանքով։ Դրանք կարող են վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության, ինչպես նաև որոշակի մթերքը յուրացնելու անկարողության մասին։
Ինչ անել
- Հետազոտություն անցեք՝ հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, թե՞ ոչ։ Սննդակարգից բացառեք պոտենցիալ վտանգ ներկայացնող մթերքը։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է լակտոզա պարունակող մթերքին։ Դրանց շարքում են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիփսը, լուծվող սուրճը, արագ պատրաստվող սուպերը, արհեստական քաղցրացնող միջոցները։
- Եթե խնդիրը սնունդը յուրացնելու անկարողությունը չէ, աչքերի տակ առաջացած մուգ պարկերը կարող են վկայել ջրազրկման մասին։ Ավելի շատ ջուր խմեք և մի չարաշահեք սուրճը։
- Հարկավոր է սննդամթերք ներառել նաև երկաթ պարունակող և հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերք։ Երկաթի անբավարար քանակը ևս կարող է ազդել աչքերի տակ պարկերի առաջացման վրա։ Աշխատեք ավելի շատ օգտագործել կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց, հնդկաձավար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը