Այսօր ծնվել է Նինո Ճավճավաձեն՝ Թիֆլիսի սև վարդը
Advertisement 1000 x 90

Այսօր ծնվել է Նինո Ճավճավաձեն՝ Թիֆլիսի սև վարդը

Նրա մասին բազմաթիվ բանաստեղծություններ են հյուսվել, հիացական խոնարհումի խոսքեր են գրվել, նրան սիրել են բազմաթիվ տղամարդիկ, բայց «Հարավի հարսը» հավատարմության խորհրդանիշ և լեգենդ դարձավ դեռևս իր կենդանության օրոք։

Գրող Բորոզդինը պատմում է, որ այդ կինը բարեգթության մարմնացում էր, իրենց ընտանիքի պահապան-հրեշտակը, և նրա առաջ խոնարհվում էին բոլորը. «Այդ շրջանում նրանից ավելի հանրահայտ ոչ ոք չկար»։ Ռուս սպա Սինյավինը չէր կարողանում հավատալ, որ աշխարհիս երեսին կարող էր գոյություն ունենալ նման կատարելություն. «Երդվում եմ, ոչ ոք չի կարող հավասարվել նրան»։ Հայտնի հասարակական գործիչ Բարատաևը բացականչել է.

– Նինա՝ երկրային կատարելություն,

Նինա՝ դրախտային երանություն։

Գեներալ Ալբրանդտն իր բարեկամին նամակ է գրում Գելենջիկից, որտեղ խնդրում է Նինա Ալեքսանդրովնային փոխանցել, որ այնտեղ՝ հեռավոր լեռներում ինքը խոնարհվում է նրա առաջ՝ ինչպես մահմեդականը՝ ծագող արևին»։

Այսպես կարող ենք անվերջ պատմել, թե ինչպես են մեծարել այս կնոջը ու երկրպագել, բայց բավարարվենք մի ողբերգական պատմության շատ համառոտ վերաշարադրմամբ։

Իշխանուհի Նինոն (1812-1857) հասարակական գործիչ և բանաստեղծ Ալեքսանդր Ճավճավաձեի և Սալոմե Օրբելիանիի դուստրն է և հայերիս հարազատ դարձած դիվանագետ, դաշնակահար, կոմպոզիտոր և վերջապես գրող, «Խելքից պատուհաս» միակ չափածո պիեսով իր անմահությունն ապահոված Ալեքսանդր Գրիբոեդովի կինը։

Դեռ աղջնակ՝ փայլում էր գեղեցկությամբ, բարությամբ և նրբակրթությամբ։ 1822-ին Գրիբոեդովը ծառայում էր Թիֆլիսում և հաճախ էր այցելում իշխան Ճավճավաձեին, նաև երաժշտության դասեր էր տալիս փոքրիկ Նինոյին։ 1828-ին՝ վերադառնալով Պարսկաստանից, կրկին այցելում է իր բարեկամներին, տեսնում արդեն օրիորդ դարձած Նինոյին ու գլուխը կորցնում։ Երկու ամիս անց զույգը պսակադրվում է թիֆլիսյան Սիոնի մայր եկեղեցում։ Գրիբոեդովը 33 տարեկան էր, իսկ Նինոն՝ ընդամենը 15։ Պատմում են, որ պսակադրության պահին՝ մալարիայից հյուծված փեսայի ձեռքը դողում է, և մատանին, որը պետք է հագցներ Նինոյի մատին, ընկնում է գետնին։ Սա վատ նշան էր համարվում։

Շուտով Գրիբոեդովը ստիպված էր կրկին վերադառնալ Պարսկաստան, և արդեն հղի կինն ուղեկցում է նրան մինչև Թավրիզ։ Գրիբոեդովն այնտեղից Թեհրան է փոխադրվում մենակ, չի ուզում հղիության շրջանը շատ ծանր տանող կնոջը նոր փորձությունների ենթարկել։

Գրիբոեդովին Թեհրանում գազանաբար հոշոտում է մոլեռանդ ամբոխը, սիրելի ամուսնու մահվան բոթից ցնցված Նինոն վաղաժամ ծննդաբերում է, երեխան ապրում է ընդամենը մեկ ժամ։

Նինոյի ցանկությամբ՝ Գրիբոեդովի շիրմի վրա փորագրում են. «Քո իմաստնությունն ու գործերը անմահ են ռուսաց հիշողության մեջ, բայց ինչու՞ քեզանից ավելի ապրեցի, սեր իմ»։

Այսքանը։

Ընդամենը մի քանի ամիս Գրիբոեդովի հետ մի հարկի տակ ապրած, 17 տարեկանում այրիացած, մինչև մահ սևազգեստ գեղեցկուհին այլևս չի ամուսնանում, և համաքաղաքացիները նրա մասին խոսելիս՝ ակնածանքով ասում են՝ Թիֆլիսի սև վարդը։

1857-ին Վրաստանի մայրաքաղաքում խոլերայի համաճարակ է սկսվում, իր հետագա ողջ կյանքն օգնության կարոտ մարդկանց նվիրած Գրիբոեդովի այրին չի լքում Թիֆլիսը, խնամում է իր հարազատներին, ինքն էլ է վարակվում, երեք օր տառապում է մենակ՝ թույլ չտալով հարազատներին, որ խնամեն իրեն ու իր ճակատագրին արժանանան, և ճանապարհվում է իր միակ սիրելիի մոտ։

Հուսանք։

ilur.am