Տարվա յուրաքանչյուր սեզոն մեր ամբողջ օրգանիզմի՝ այդ թվում մաշկի հետ տեղի են ունենում փոփոխություններ, ինչն էլ ենթադրում է մաշկի խնամքի նոր կանոններ։ Ինչպե՞ս աշնանը խնամել դեմքի, մարմնի և գլխի մաշկը։ Wnews.am-ի հարցերին պատասխանում է նատուրոլոգ, բուժ. կոսմետոլոգ «Տաթևա» ապրանքանիշի հիմնադիր Լիանա Մարկոսյանը։
–Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մեր մաշկի հետ աշնանը։
-Աշունը մաշկի համար սթրեսային ժամանակահատված է, քանի որ տեղի են ունենում եղանակային տատանումներ՝ արև, քամի անձրև։ Մաշկի սթրեսային շրջանը կանխելու համար պետք է շատ զգույշ մոտենալ խնամքին, աշնան հատկապես փոփոխական եղանակային շրջանում չանել կտրուկ պրոցեդուրաներ, մինչև մաշկը չադապտացվի եղանակին, իսկ արդեն աշնան երկրորդ ամսից մաշկը կայունանում է, մաշկի տակ ավելանում է մի փոքր ճարպային շերտ, որը պաշտպանիչ հատկություն ունի։ Տարվա բոլոր սեզոններին մաշկը պետք է պաշտպանել ոչ միայն դրսից, այլև ներսից։ Սովորաբար եղանակի ցրտելուն պես շատերը սկսում են քիչ հեղուկ օգտագործել, ինչն էլ բերում է մաշկի չորացման։ Անկախ եղանակից՝ օրական պետք է օգտագործել 2 լիտրից ոչ պակաս ջուր, բացի այդ, մի մոռացեք շատ մրգերի ու բանջարեղենների մասին։ Կարող եմ նշել նաև ջրային ճապոնական մեթոդի մասին. սնունդն ընդունելուց 20 րոպե առաջ 400 մլ 38 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի ջուր խմեք, սնվելուց 1 ժամ հետո նոր կրկին մեկ բաժակ ջուր խմեք ձեզ հաճելի ջերմաստիճանի. այս մեթոդը կիրառեք յուրաքանչյուր սնվելու ժամանակ։ Այս եղանակով ոչ միայն խոնավեցնում եք մաշկը, այլ նվազեցնում օրգանիզմում թույների առկայությունը, ինչն էլ բերում է ավելորդ քաշի նվազեցման և երկարակեցության։ Քանի որ 38 ջերմաստիճանի ջուրը շատ արագ է մտնում ներբջջային կառուցվածք, ինչը ինչը գրեթե չի անում սառը ջուրը ու ներսից սկսվում է երիտասարդացման և առողջացման գործընթացը: Մի մոռացեք, որ որքան առողջ, այնքան գեղեցիկ ենք։
–Բացի շատ հեղուկ օգտագործելուց, է՞լ ինչ տարբերակներով կարելի է աշնանը պայքարել մաշկի չորացման դեմ։
-Կարելի է տարբեր դիմակներ և յուղեր օգտագործել։ Ես խորհուրդ եմ տալիս տնական պատրաստման դիմակներ, որոնք կպարունակեն բետակարոտին և այլ վիտամիններ, որպեսզի մաշկին փայլ հաղորդեն։ Այս դեպքում կարևոր բաղկացուցիչներից կարող է լինել ձվի դեղնուցը, որը շատ հարուստ է միկրոէլեմենտներով, վիտամին D-ով։Կարելի է դդումով, գազարով, բազմազան մրգերով դիմակներ պատրաստել։
–Տեղյակ եմ, որ «Տաթևա» ապրանքանիշը ներկայացնում է մաշկի խնամքի համար նախատեսված բնական սառը զտման յուղեր։ Ո՞ր տեսակը խորհուրդ կտաք կիրառել աշնանը։
-Աշնանը մաշկի խոնավեցման համար շատ արդիական է դառնում ընկույզի յուղը, որը 70 տոկոսով հարուստ է E վիտամինով։ Բացի ընկույզի յուղից խորհուրդ կտամ նաև նշի, քունջութի յուղ, որը կարելի է օգտագործել մազերի, թարթիչների համար, այն շատ լավ է ազդում չոր մաշկի ցանավորումների դեպքում։
Ամբողջությամբ՝ wnews.am