
Լյուքս դասի ավտոմեքենաների Lamborghini հայտնի մակնիշը թողարկել է Huracan բացառիկ և միակ մոդելը և այն հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպես նոյեմբերի 15-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ընծան մատուցվել է ընկերության ղեկավարության հետ քահանայապետի ունկնդրության ընթացքում:
Ինչպես ճշտում է մամուլի ծառայությունը, ավտոմեքենան կվաճառվի Sotheby՚s տան աճուրդում, իսկ ստացված բոլոր միջոցները կհատկացվեն բարեգործական նպատակների: Մասնավորապես, պլանավորվում է ֆինանսավորել մի շարք նախագծեր, որոնք ներառում են Իրաքի այն գոտիների վերականգնումը, որտեղ պատմականորեն քրիստոնյաներ են ապրել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այնտեղ:
Մյուս նախագիծը, որն իրագործվում է «Ջովաննի 23-րդ պապի համայնք» ասոցիացիայի կողմից, օգնություն է նախատեսում այն կանանց ու երեխաներին, որոնք մարմնավաճառության զոհեր են դարձել: