Արմեն Դարբինյան. «Ես աճում եմ. նույնն էլ ձեզ եմ կամենում»
Advertisement 1000 x 90

Արմեն Դարբինյան. «Ես աճում եմ. նույնն էլ ձեզ եմ կամենում»

Առաջընթացի հավերժ գայթակղությունը՝ համարել ինչ-որ բան մեռած, անցյալում մնացած, որովհետև ժամանակները փոխվել են, մենք էլ, և անցյալի ժառանգությունն անպիտան է դարձել… Վերջին 100 տարվա ընթացքում փիլիսոփայական նամակագրության գրական ոճը պարբերաբար հնացած էին համարում, նույնքան էլ նորովի էին բացահայտում, որովհետև մենք հեռավոր ընկերոջ հետ ներքին կապը պահելու այլ միջոց չունենք: The World ամսագրի փիլիսոփայական նամակների նոր խորագիրը բացել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Համաձայն Շելերի, մարդն ի տարբերություն կենդանու, կարողանում է ՈՉ ասել: Ժխտելով տվյալ իրողությունը, որը կարող է  հակասության մեջ մտնել սեփական սկզբունքների և ցանկությունների հետ, հնարավորություն է իրականությունը փոփոխելու համար: Իմ կարծիքով այդ ՈՉ-ի մեջ մի քանի գաղափար կարելի է ներառել: Ցանկություն ինքնաճանաչողության համար, ոչ ստանդարտ կամ կարծրատիպային կյանքի ցանկություն, ասել է թե՝ ոչ հորիզոնական, այլ՝ ուղղահայաց, որովհետև ապրել, նշանակում է աճել, փոփոխվել: Նաև՝ աշխարհի, միջավայրի համալրումը սեփական փորձով: Մեր ուղղահայացները վերադրվում են մեր ցանկություններից: Դրանք էլ շարժման աղբյուրն են:

Եվ ցանկության ամենահետաքրքիր հետագիծը՝ ինքնաճանաչման ցանկությունն է: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ մեր մատրիցները տարբերվում են, հետևաբար, մենք ընտրում ենք ինքնաճանաչման տարբեր հետագծեր: Բայց, չէ որ հենց սա է գոյության հրաշքը. հետագծերի ինքնատիպությունը անընդմեջ համալրվող փորձի երաշխիքն է, երկրի վրա կյանքի շարունակականությունը:

Այստեղ չկա և չի էլ կարող լինել կրկնություն, և ուրեմն՝ չի կարող լինել մրցակցություն: Ովքեր սա չեն հասկանում, կամ նրանք, ովքեր սեփական հետագիծը չկերտելով, ուրիշների հետագծով են դեգերում, դատապարտված են նախանձ անբուժելի հիվանդության պատճառած բոլոր տանջանքներին: Իրենց հորիզոնական հոգու համար վերելքի ուղեծիրն անհասանելի է, արդյունքը՝ ինքնաքայքայում:

Այո, 10-րդ պատվիրանն ամենադժվարն է կյանքի կոչել. կարելի չսպանել, բայց նախանձից հեռու մնալ՝ բարդ է: Պետք է պարզապես հասկանալ կյանքի հրաշքը՝ հետագծերի բազմազանությունը, բազմուղղորդվածությունը, ինքնատիպությունը, որի կայացման համար պետք է ոչ թե խանգարել, այլ օգնել միմյանց: Եվ հրաշալի է, երբ դա իրականացվում է Սիրո մեջ, և սա միակ դեպքն է, երբ վեկտորների վերադրումը ցանկալի է, անվնաս: Հետագծի ճիշտ ընտրության ցուցիչը՝ եռամիասնության՝ Ոգու, Մտքի, Մարմնի հարմոնիկ համագոյակցումն է: Հարմոնիա ներսում, ամենուր:

Մի անգամ ինձ խնդրեցին սահմանել Ուժը: Պատասխանեցի՝ ուժը՝ ձեռք բերածից հրաժարվելու կարողությունն է: Եվ դա, հանուն գաղափարի, սկզբունքների, հոգևոր հանդարտության, ճշմարտության, սիրո: Այսօր ես ավելին կասեի. ուժը՝ հանուն ներաշխարհի և շրջապատի հարմոնիայի ձեռքբերումներից հրաժարվելու կարողությունն է: Այո, դա կարող է նշանակել, որ ձեր գաղափարներից մեկն այդպես էլ չի իրականանա, բայց չէ որ մենք երբեք կատարյալ մաքսիմումի չենք կարող հասնել: Փորձանք չէ: Կարևորը՝ չիրականացածի բովանդակությունն ու ծավալը լինեն մեր գիտակցված ընտրությունը:

Իմ փիլիսոփայության մեջ գոյություն չունի հետևյալը՝ հաջողությունը չի կարող արգելք լինել, իսկ հաջողությունից հրաժարումը՝ առաքինություն:

Կյանքս անցել է Հաջողություն անունը կրող գայթակղության ուղեկցությամբ: Այն ինձ չի կանչել, չի գրգռել: Գայթակղել է: Ընդ որում, հաջողությունը ես նախագծել եմ նախ՝ մտովի, հասել դրան էլի՝ մտովի, հետո նոր գործի անցել: Եվ յուրաքանչյուր հաջողություն ոչ թե իբրև վերջնակետ, այլ իբրև մեկնարկային հարթակ նոր՝ հաջողություն-գայթակղության համար: Այո, ճակատագրի հեգնանքը՝ առանց նախորդ հաջողության գալիք հաջողության բացառումն է, իսկ ձախողումը, լավ ուսուցիչ է, բայց ոչ նոր հաջողության մեկնարկային հարթակ: Նախորդ հաջողության լինելիությունը մեծ գրավական է, և գաղտնիքն այն է, թե այդ ամենը պատահականությու՞ն է, ճակատագի՞ր, թե՞՝ նախապես մտածված մարտավարություն: Գերադասում եմ վերջինը:

Պետք է ասեմ, որ չափազանց հետաքրքիր զբաղմունք է մտովի ճարտարագրել հաջողությունը, զգալ այն մտովի, հասկանալ ցանկալիի աստիճանը, դարձնել այն գայթակղություն, որից հետո գործի անցնել:

Մտքի թովչանք է կյանքն այդկերպ անցկացնելը և չձանձրանալը: Թունդ եսակենտրոններին անգամ հաջողվում է ճարտարագրել հաջողության կերպարը երկրային կյանքից հետո, երբ շրջապատը դեռևս իրենց մտքերի ազդեցության տակ է:

Գրեթե բոլոր կրոնները, ուսմունքները գայթակղությունից հրաժարումը ամենից վեր գտնվող առաքինությունն են համարում: Իսկ գայթակղության կորիզը՝ արգելված պտուղն է: Իմ փիլիսոփայության մեջ նման արգելք գոյություն չունի: Չի կարող հաջողությունը արգելքի տակ գտնվել, իսկ հաջողությունից հրաժարումը՝ առաքինություն: Այդ իսկ պատճառով, ինձ համար, եթե ցանկությունից հրաժարումը Ուժի ցուցիչ է, ապա գայթակղությունից հրաժարումը՝ անհեռատեսության և հիմարության ցուցիչ: Կրկնում եմ, սա իմ փիլիսոփայական ընկալումներն են: Մնացած դեպքերում հնարավոր է և հակառակը:

Ինձ համար մի նախապայման եմ մշակել. հաջողության յուրաքանչյուր դեպք պետք է ուղեկցվի անձնական աճով: Ես պետք է ավելի ընդգրկուն լինեմ Սիրո, Բարության, Մասնակցության, Պատասխանատվության, Ուժի համար: Առանց այդ աճի հաջողությունն անիմաստ է: Դեռ ավելին, հակառակը կարող է հանգեցնել եսակենտրոնության բաքոսատոնությանը, որը կործանում է ներքին մատերիան:

Ինքնաճանաչումը՝ մեր ներքին շարժման հետագիծն է, բայց կա ևս մեկը, որը միգուցե սակավ իշխող է: Խոսքը քեզնից հետո հետք թողնելու գայթակղության մասին է, որը կարող է ժամանակի անվերջության երաշխիք հանդիսանալ: Գիտակցելով մեր անկատարությունը, կատարելությունը փնտրում ենք իդեալի մեջ, անսասան մոդուլի՝ բացարձակի մեջ, բայց այդ ամենից ծնված ուժն առանց սիրո և հարգանքի ապականության ակունք է, անիմաստ իր բնույթով:

Ահա, թե ինչու սեփական հետագիծը ընտրելիս կարևոր է չխախտել ուրիշներինը, ոչ մեկին գործիք կամ պատանդ չդարձնել: Այստեղ է մարդկային վեհությունը:

Կարծում եմ, Արարիչը իր գծագրերում մեզ բարձրացող է ճարտարագրել: Այդ է հուշում մեր ցանկությունների ուղղաձիգը: («Մենք չգիտենք, թե ինչ հասակ ունենք, եթե չենք ուղղվել»- մեջբերում Էմիլի Դիքինսոնի բանաստեղծությունից): Կյանքն առջևում է, եկեք ուղղվենք:

theworldmag.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը