«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հիքսոսների ծագմանն ու փառահեղ ուղուն նվիրված մի հոդված հայագետ Սուրեն Այվազյանի «Հնագույն Հայաստանի Մշակույթի Պատմություն» գրքից: Հիքսոսներն ուժեղ էին ոչ միայն զենքով, այլև մտքով: Հենց նրանք առաջինը գործադրեցին երկաթե զենք: Հիքսոսները ստեղծեցին հիքսոսյան՝ հայոց հնագույն այբուբենը, հիքսոսները պատկերացում ունեին նաև աստղագիտությունից: Ստորև ներկայացնում ենք աշխատությունից մի հատված.
«Եթե երբևէ ձեզ բախտ վիճակվի այցելել Եգիպտոս՝ քաղաքակրթության այս իսկական բնօրրանը, Օսիրիսի և Իսիդայի, Քեոփսի բուրգի և Ռամզես փարավոնի երկիրը, ձեզ անպայման կտանեն տեսնելու եգիպտական նշանավոր մումիաները: Ուշադրություն դարձրեք Միջին թագավորության հարստությունների վերջին փարավոնի մումիային. խորը, սարսափազդու սպին երկուսի բաժանում է հզոր միապետի թագակիր գլուխը: Ձեզ կասեն, թե դա հետքն է հիքսոսյան թրի, որ ձվի կճեպի պես ճեղքեց փարավոնի բրոնզե սաղավարտը:
..մ.թ.ա. 1710 թվականն էր: Եգիպտական քրմերը, անհանգստացած հեռավոր Հայկական լեռնաշխարհից հասնող լուրերից, հաղորդում էին փարավոնին, որ այդ հեռավոր երկրում սովորել են երկաթ ձուլել և կռել թրեր, որոնք հատում են բրոնզե աշտեները, ինչպես մանգաղն է հնձում եղեգը Նեղոսի հովտում: Այնտեղ՝ հյուսիսաբնակների այդ բարբարոս երկրում, ասում էին նրանք, զարմանալիորեն ուժեղ և արագընթաց կենդանիներ՝ ձեռնասուն ձիեր են հայտնվել. լեռնցիները լծել են նրանց երկաթապատ մարտակառքերի, և Սինայի անապատի քամին անգամ հիմա չի կարող համեմատվել այդ ահռելի ուժի հետ: Մեծ աղետներ էին սպառնում Եգիպտոսին: Երկաթազեն զորականները գուշակում էին քրմերը, նրանց մարտակառքերը պատրաստված են մայրու հզոր ծառից, որն աճում է ամենաբարձր լեռան՝ Արարատի հովտում, և այդ փայտը Հայաստանի բնակիչների ձուլած երկաթի ամրությունն ունի: Շատ դժվար էր թափանցել լայնարձակ, հրաբուխներ արտաշնչող այդ երկիրը, որտեղից սկիզբ են առնում փրփրաբաշ Տիգրիսն ու հորդահոս Եփրատը: Եվ անգամ լեռնականների լեզուն, Եգիպտոսի լավագույն դպիրների կարծիքով, լիովին տարբերվում է հայտնի բոլոր լեզուներից: Այդ բարբարոս ժողովուրդն իրեն այնպես է անվանում, որ հնարավոր չէ արտահայտել եգիպտական բազմահազար գաղափարագրերի և ոչ մի նշանով: Նրանք իրենց «Հաք» կամ մոտավորապես այդպես են կոչում: Բայց ոչ ոք չգիտե ստույգ, քանի որ լեռնականների անունը արտասանելի չէ:
Այսպես էին զեկուցում փարավոնին նրա իմաստուն գուշակ-քրմերը և ասուրական սահմանից վերադարձող հավատարիմ լրտեսները:
Տագնապած փարավոնները զորք էին ժողովում Մեծ Եգիպտոսի բոլոր ծայրերից: Մ.թ.ա. 1710 թվականն էր:
Փոթորիկի պես փլվեցին Եգիպտոսի վրա հյուսիսային նվաճողների երկաթապատ, սրընթաց մարտակառքերը: Կայծակում էին նրանց անողոք թրերը, մոմի պես հատելով փարավոնի ընտիր վաշտերի զրահները, փոշիացնելով աշխարհի լավագույն՝ եգիպտական գնդերը: Կառավարների անխոցելի զրահները, նետերի երկաթյա ամենահաս սլաքները սարսափի էին մատնել եգիպտացիներին: Եգիպտոսում մինչ այդ չտեսնված վիթխարի մոլեգին ձիերը սմբակներով կոխկրտում, ցրիվ էին տալիս եգիպտական նշանավոր հետևակ զորքը: Ամեն ինչ ոչնչանում, փլուզվում էր այդ հիրավի անկասելի տարերքի ճնշման տակ: Ընկավ Մեծ Եգիպտոսը, փարավոնն իր բանակի հետ զոհվեց Սինայի անապատում, կողոպտվեցին, հրո ճարակ դարձան Եգիպտոսի տաճարներն ու պալատները:
Այսպես են ավանդում այս ահավոր տարիների ականատեսների թողած գաղափարագրերը: Այդ տխուր պատմությունն առաջինը կարդաց և աշխարհին պատմեց եգիպտական քուրմ Մանեթոնը մ.թ.ա. IV դարի վերջին: Մանեթոնը հունարեն էր երգում և այդ պատճառով էլ հունաբանում էր՝ անուններին ու անվանումներին ավելացնելով հունական «ոս» կամ «սոս» վերջավորությունները:
Իր՝ Մանեթոնի երկը, ցավոք, չի պահպանվել: Մեզ են հասել սոսկ առանձին հատվածներ երրորդ ձեռքից: Եվ միայն մի հեղինակի, որը, ի տարբերություն մյուսների, օգտվել է անմիջապես Մանեթոնից, Եվսեբիոս Կեսարացու երկն է պահպանվել մինչև մեր օրերը՝ հայերեն թարգմանությամբ:
Այս հազվագյուտ և իր տեսակի մեջ եզակի աղբյուրը՝ Կեսարացու «ժամանակագրություններ» հայերեն թարգմանությունը, ամենաարժանահավատն է ու արժեքավորը, քանի որ աղավաղումների հնարավորությունն այստեղ նվազագույն է:
Հատկապես այս աղբյուրը առավելագույն հետաքրքրություն ներկայացրեց: Պարզվեց, որ այն դեպքում, երբ մյուս աղբյուրները նվաճողներին անվանում են «հիքսոս» (արմատը՝ «հիք»-ն է, «սոս»-ը վերջավորությունը), Կեսարացու «ժամանակագրությունների» համաձայն՝ եկվորների առավել ստույգ անվանումը պիտի «հաք»-ը համարել:
1963թ. ուշադրության առնելով «ժամանակագրությունների» այս վկայությունը՝ առաջ քաշեցինք նշված անվանումի և հայկական «հայ» (կամ «հայք») էթնիկական տերմինի նմանության հարցը: Եվ, իրոք, հին եգիպտերենը չուներ «յ» հնչյունը, և անհնարին էր այդ հնչյունն արտահայտվել եգիպտական գաղափարագրերով: Եթե հին եգիպտացիք փորձեին գրել «հայք» բառը, ապա այն անխուսափելիորեն կունենար «հաք» ձևը, քանի որ այդ գաղափարագրերում «յ»-ի համար հատուկ նշան չկար, բայց նվաճողների անվանման այս ձևն էլ («հաք») Կեսարացին ավելի մոտ է համարում իսկությանը: Հարց է ծագում, թաքնված չէ՞ արդյոք «հիքսոս» անվանման մեջ «հայ» (կամ «հայք») հայկական էթնիկական տերմինը: Ինչ խոսք, եթե ձեռքի տակ ունենայինք սոսկ այդ փաստը, ապա այն մեզ քիչ բան կարող էր հուշել, քանի որ այդ կարգի զուգադիպությունը կարող է լիովին պատահական լինել և հեշտությամբ առիթ տալ սխալի: Ուստի անհրաժեշտ է բերել նաև այլ փաստեր և քննել դրանք ամբողջության մեջ, միասնական մի տեսանկյունից:
Մանեթոնն ավանդում է, որ նվաճող «հիքսոսները» եկել են Հուրի երկրից, որի տակ բոլոր գիտնականները հասկանում են Հայկական լեռնաշխարհը: Հարց է ծագում, մ.թ.ա. XVIII դարում կարո՞ղ էր Հայկական լեռնաշխարհի սահմաններում իրեն հայ անվանող ժողովուրդ լինել: Պարզվում է, որ՝ այո: Հեթիթական աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին Հայաստանի տարածքում գոյություն ուներ Հայասա պետությունը, որի մասին մանրամասն խոսվեց: Բայց այս, ըստ Մովսես Խորենացու՝ Հայկական ամբողջ լեռնաշխարհը մ.թ.ա. II հազարամյակի վերջերից սկսած Հայք էր կոչվում՝ Մեծ և Փոքր Հայքերը միասին վերցված:
Այսպիսով, եթե մենք մտովի տեղափոխվենք մ.թ.ա. XVIII դար և ուղևորվենք Հայկական լեռնաշխարհ՝ հիքսոսների հայրեինք, ապա այնտեղ կգտնենք Հայք անունով երկիր ու ժողովուրդ և Հայասա պետություն, որոնց էթնիկական անունն իր մեջ պարունակում է «հիքսոսների» առավել ճիշտ անվանումը: Հետևաբար, արդեն ավելի շատ հիմքեր ունենք մտածելու, որ «հիքսոսները» հայերի նախահայրերն են Հայք-Հայասա երկրից:
Արդեն երկու փաստ ունենք հօգուտ այն վարկածի, որ հիքսոսները հայերի նախնիներն են: Սակայն չափազանց կարևոր այդ փաստերն անգամ բավարար չէին լինի կառուցելու վարկածը, եթե այն չհաստատվեր այլ փաստերով:
Երկաթի ձուլման արտադրության գյուտը, փաստորեն, պայմանավորեց հիքսոսների սրընթաց հաջողությունը Եգիպոսը նվաճելիս: Սրությամբ և ամրությամբ երկաթե թուրը գերազանցում էր բրոզե թրին, երկաթակոփ զրահներն ավելի ապահով էին, քան պղնձե կամ բրոնզե պահպանակները:
Հիքսոսներն առաջինը գործադրեցին երկաթե զենք: Աշխարհի մերօրյա հնագետների միահամուռ կարծիքով, երկաթի ձուլումն առաջին անգամ իրագործվել է մ.թ.ա. II հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհի սահմաններում, այսինքն՝ հիքսոսների հայրենիքում, որտեղ այդ ժամանակ գոյություն ուներ Հայք-Հայասա պետությունը՝ հայերի բնօրրանը:
Հիքսոսներն, ինչպես հայտնի է, նվաճելով Եգիպտոսը, իրենց տիրապետությունը հաստատեցին այնտեղ և հիմնեցին թագավորական նոր հարստություն, որը դիմացավ մինչև մ.թ.ա. 1580 թվականը: Հիքսոսյան փարավոնները, բնականաբար, ձգտում էին զարգացնել իրենց իշխանության տակ գտնվող երկիրը, ամրապնդել իրենց տիրապետությունը և այլն: Այդ ժամանակաշրջանը բնութագրվում է եգիպտական մշակույթի վերելքով, թեպետ եգիպտական ժողովուրդը թշնամաբար էր վերաբերվում նվաճողներին և չէր դադարեցնում պայքարը օտար լծից ազատվելու համար:
Բայց հիքսոսները Եգիպտոսում կատարեցին գիտական սխրանք, որն անջնջելի հետք թողեց համամարդկային մշակույթի պատմության մեջ: Նրանք ստեղծեցին առաջին գաղափարագրային այբուբենը:
1963թ. Մեծամորում մեր հայտնաբերած գաղափարագրերի համեմատումը հիքսոսյան, ինչպես նաև մատենադարանում գտնվող հին հայկական ձեռագրերի գաղափարագիր նշանների հետ, ցույց տվեց, որ դրանց միջև գոյություն ունի անտարակուսելի ծագումնաբանական կապ, դրանք բացարձակապես նույնական են: Այս փաստի նշանակությունը դժվար է գերագնահատել:
Հիքսոսներն իրենց արշավանքը կատարեցին մարտակառքերով: Երկաթապատ մարտակառքերն ապշեցրին եգիպտացիներին իրենց ռազմական հզորությամբ: Եվ ահա պարզվում է, որ դրանց շինափայտը, մի ծառից է, որն աճում է միայն Արարատ լեռան շրջակայքում և Տրապիզոնում՝ հիքսոսների հայրենիքում:
Ավելին, եգիպտացիք մարտակառքը կոչեցին «վարատ» տերմինով, որտեղ առաջին վանկը՝ «վար» հայերեն նշանակում է «ղեկ», «ղեկավարել», այստեղից էլ՝ «վարել» բայը:
Նեղոսի գետաբերանում հիքսոսները հիմնեցին նոր մայրաքաղաք և անվանեցին Ավարիս: «Իս»-ն այստեղ տեղանունների վերջավորություն է (համեմատենք՝ Ապրուկանիս, Խառակոնիս, Արաբիս), իսկ «ավար» նշանակությունը հայերենում պարզ է: Հիքսոսյան թագավորներից մեկի անունը Հիան է, լավ համեմատելի է հայերեն «հիանալի» բառի հետ:
Հիքսոսները կատարելագործեցին եգիպտական տոմարը՝ անկայուն տարվա փոխարեն ներմուծելով հաստատուն տարի: Նման կատարելագործումն անհնարին էր առանց ասղաբաշխական որոշակի գիտելիքների: Աստղագիտական այդպիսի բազա ունեի՞ն արդյոք Հայկական լեռնաշխարհի բնակիչները: Ինչպես ցույց տվեց՝ այո, ունեին դեռևս մ.թ.ա. III հազարամյակից:
Այսպես ուրեմն, մենք քննեցինք մի շարք փաստեր, որոնք հիքսոսներին մոտեցնում են հայերի նախնիներին: Բացի այդ փաստերի համադրությունը մեզ թույլ է տալիս առաջ քաշելու այն կարծիքը, որ եգիպտական աղբյուրներում նշված հիքսոսները ծնունդ են Հայկական լեռնաշխարհի:
…Եթե երբևէ ձեզ բախտ վիճակվի այցելել Եգիպտոս, ուշադրություն դարձրեք Միջին թագավորության հաստությունների վերջին փարավոնի մումիային և սպիին, որ երկուսի է բաժանում փարավոնի դեմքը: Այն պատմական մեծ խորհուրդ ունի…»: