Լևոն Թոքմաջյանը Մոնթեի արձանի մեջ խտացրել է նրա աստվածային կերպարը, լեգենդարությունն ու դյուցազնական սխրանքը
Advertisement 1000 x 90

Լևոն Թոքմաջյանը Մոնթեի արձանի մեջ խտացրել է նրա աստվածային կերպարը, լեգենդարությունն ու դյուցազնական սխրանքը

Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի հեղինակ  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ազատամարտիկի կերպարի մեջ խտացրել է Արցախյան երկու պատերազմների բոլոր հերոսներին: «Ես այստեղ ամբողջացրել եմ Մոնթեի աստվածային կերպարը, նրա լեգենդարությունը, դյուցազնական սխրանքը: Բայց չէի ցանկանում զուտ նրա ֆիզիկական կերպարն ու դիմագծերը ներկայացնել, այլ ավելին՝ հերոսությունն ու նվիրականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանը:

Քանդակագործը արձանի վրա աշխատել է երեք տարի, դեռ 2014-ին ձեռնամուխ եղավ այս գործի իրականացմանը: Թոքմաջյանը կցանկանար արձանը տեղադրվեր Երևանի այգիներից մեկում, բայց որոշվեց այն կանգնեցնել վարժարանի տարածքում այն խորհրդով, որ Մոնթեն իր սաներին հերոսության դասեր է տալիս: Միգուցե քանդակագործը դիմի ՀՀ Նախագահին մի այսպիսի արձան էլ Երևանում տեղադրելու խնդրանքով:

Արձանը կանգնեցվել է Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին՝ ազգային հերոսի ծննդյան 60 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նորաբաց արձանի մոտ տեղի ունեցավ վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը: