Վառ գույներ և դրական տրամադրություն, օդապարիկներ ու պաղպաղակ. այսպիսին է դիզայներ Դիանա Շատվերյանի աշուն–ձմեռ նոր հավաքածուն, որի առաջին մանրամասները նա վստահել Tert.am Life-ին։ Այս անգամ ևս Դիանան իր հավաքածուն ներկայացրել է ոչ թե ցուցադրությամբ, այլ ֆոտոշարքով, հավաքածուի դեմքն էլ ինքն է։ Tert.am Life-ը հետևել է Դիանայի նոր հավաքածուի ֆոտոշարքին և ներկայացնում է հետաքրքիր պահերը, իսկ ամբողջական հավաքածուն Դիանան ցույց կտա առաջիկա օրերին։
Դիանան այս հավաքածուն ստեղծել է վառ տրամադրությամբ, դրա համար էլ այն ստացվել է ուրախ և դրական. «Իմ տրամադրությունն այսպես վառ վարդագույն է եղել, երբ նկարել եմ իմ հավաքածուն, անգամ, երբ գծագրել եմ սև-սպիտակ հագուստ։ Ինքս տրամադրության մարդ եմ և հավաքածուն գծելիս ինձ համար կարևոր է, թե ինչ տրամադրություն ունեմ։ Ինձ ոգեշնչել են վառ գույները»։
Դիզայները կոչ է անում չտրվել մռայլ եղանակին ու գոնե հագուստով պայծառ տրամադրություն տարածել։ Եռաշերտ հագուստը հնարավորություն է տալիս հետաքրքիր ու վառ համադրություններ անել, ոչ թե պարփակվել մռայլ գույների մեջ։
«Ինձ համար կարևոր է, որ ձմռան այս ցուրտ եղանակին մարդիկ տարբերվեն։ Նորաձևությունը մռայլ գույներից չհեռանալու սահմանափակումներ չի դնում։ Քանի որ ինքս սիրում եմ վառ գույներ, աշուն-ձմեռ հավաքածուում ինձ թույլ եմ տալիս օգտագործել տաք գույներ։ Ամեն ձմեռ իմ հավաքածուում լինում է որևէ վառ գույն։ Այս տարի օգտագործել եմ իմ ամենասիրելի գույնը` «մաջենտան»։ Այն հավաքածուի գլխավոր գույնն է, չնայած տարվա ամենաթրենդային գույնը կարմիրն է համարվում և բոլորի հավաքածուներում կարմիրն է տեղ գտել։ Երևի թե, հավաքածուիս անունն էլ «Մաջենտա» կլինի»,- ասաց Դիանան։
Հավաքածուում ներառված են ձեռագործ աշխատանքներ։ Վերարկուներից մեկի վրա Դիանան նկարել է իր երազանքների քաղաքը։ Ասում է` յուրաքանչյուր օրինակ յուրովի է ստացվում, քանի որ օգտագործված է ոչ թե պրինտ, այլ ձեռքի աշխատանք։ «Գուցե, մի քիչ հեքիաթային է, բայց դա այն քաղաքն է, որը ես տեսնում եմ։ Ինձ շատ է դուր գալիս այն փաստը, որ լրիվ նույն 2 օրինակ չի լինելու։ Քանի որ ձեռքի աշխատանք է, անգամ կրկնելու դեպքում տարբերություն է լինելու, մի պատուհան, մի օդապարիկ այլ կլինի։ Գուցե ինչ-որ մեկն իր հեքիաթային աշխարհում ինչ-որ այլ բան է պատկերացնում, որը կարող ենք ավելացնել»,- ասաց նա։
Հավատարիմ մնալով իր ոճին` Դիանան չի մոռացել նաև տարվա խորհրդանիշ շունիկին։ 2018–ի տիրակալն իր տեղն է գտել դիզայների հագուստների վրա։
Դիանայի հավաքածուում տեղ են գտել նաև գործվածքներ։ Դիզայները, որը միշտ խորհուրդ է տալիս հագնվել եղանակին համապատասխան, առաջարկում է տաք հագուստով նորաձև լինելու իր տարբերակը. «Նախկինում ևս ներկայացրել եմ գործվածքներ, սակայն ոչ այս քանակությամբ։ Ինքս շատ սիրում եմ գործվածքներ, այսուհետև դրանք լինելու են իմ հավաքածուներում»։
Իր նոր հավաքածուում դիզայները ոճերի միքս է արել։ «Շատ եմ սիրում միքսել թե՛ ոճերը, թե՛ կտորները։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Իմ ամենասիրելի հագուստն այն է, որը կարող ես կրել և՛ երեկույթի գնալիս, և՛ առօրյայում։ Նորաձևությունը թույլ է տալիս կիսաշրջազգեստը համադրել, օրինակ, սպորտային կոշիկի, երկարաճիթ կոշիկների հետ։ Իմ հավաքածուում այդպիսի զգեստներ շատ կան։ Հավաքածու ստեղծելիս ինքս նայում եմ սպառողի աչքերով, որ հասկանամ, թե ինչի պակաս կա, ինքս ինչ կուզեի ունենալ իմ զգեստապահարանում։ Կարևոր է, որ զգեստը ոչ թե մեկ անգամ կրեմ, այլ կարողանամ շատ բաների հետ համադրել»,- եզրափակեց Դիանան։