Հայ երգիչը՝ «Queen» խմբի հետ նույն բեմում
Advertisement 1000 x 90

Հայ երգիչը՝ «Queen» խմբի հետ նույն բեմում

Մոսկվայում «Queen» խումբը «We will rock you» մյուզիքլի գլխավոր դերի համար քաստինգ էր հայտարարել: Այդ կաստինգում անցնելուց հետո հայազգի երգիչ Մհերը «Queen» խմբի հետ ելույթներ է ունեցել Ռուսաստանի տարբեր բեմերում, նաև Անգլիայում: Մոսկվայում անցկացված MTV մրցանակաբաշխության ժամանակ «Queen»-ի հետ Մհերը կատարել է «We will rock you» երգը, իսկ երգչուհի Զեմֆիրան՝ «We are the champions» երգը:

«Ելույթից առաջ ծնկներս այնպես էին դողում, որ ես կուլիսների ետևում ծնկաչոք աղոթում էի: Այդ պահին ինձ մոտեցավ Բրայանն ու ասաց, որ անհանգստանալու առիթ չկա: Պետք է երգել այնպես, ինչպես զգում ես: Բայց իմ հուզմունքը միայն երգի հետ չէր կապված, այլ այն փաստի, որ ես ելույթ եմ ունենալու լեգենդար խմբի հետ, և այդ պահին բոլորովին ինձ կորցրել էի»,- ասում է Մհերը: Բրայանի անմիջական վերաբերմունքից ու խոսքերից հետո հուզմունքը փոքր-ինչ անցավ: Հայաստանում երգիչ Մհերին ճանաչում են իր թանկարժեք «Հայաստան» տեսահոլովակով, որը, սակայն, հազվադեպ է ցուցադրվում: Նրա տեսահոլովակը շատ պրոֆեսիոնալ է արված: Թեև շատերն ասում են, թե հոգնել են տեսահոլովակներում նույն սարերն ու ձորերը տեսնելուց, բայց այդ սարերն ու ձորերը պրոֆեսիոնալ օպերատորներն այնքան գեղեցիկ են նկարահանել… Իհարկե այդ ամենն իր գինն ունի: Տեսահոլովակի նկարահանման և պատրաստման վրա ծախսվել է մոտ 60.000 դոլար: Երգչից փորձեցինք ճշտել` արժե՞ր, արդյոք, մի երգի տեսահոլովակի համար այդչափ հսկայական գումար ծախսել, հատկապես, երբ այն մյուս տեսահոլովակների պես հաճախ չի ցուցադրվում, «աչքներս մազոլ չի անում» իր ցուցադրությամբ:

 

– Մհեր, հայկական հեռուստաալիքներն ընդհանուր առմամբ ԱԼՄ են հիշեցնում, ով չի ալարում` երգում է, և բոլորն էլ իրենց «ադամանդ» են զգում: Խոսքս ոչ բոլոր երգիչների մասին է, ու ոչ էլ՝ քո մասին։ Քո կատարումը մի քանի անգամ լսել եմ եթերով և այն ինձ շատ է դուր եկել՝ հատկապես տեսահոլովակդ: Դո՞ւ ինչու սկսեցիր երգել:

– Իրոք, հիմա ով չի ալարում` երգում է, բայց ես դրանց ցանկին չեմ պատկանում: Ուղղակի երգելու համար չեմ երգում: Ծնողներս երաժիշտներ են, այնպես որ, մինչև ծնվելս ես արդեն երաժշտության մեջ էի: Աստված հենց այնպես չէր ծանոթացրել երաժիշտ ծնողներիս, նա դա պլանավորել էր, որ ես ծնվեմ ու ևս երաժշտությամբ զբաղվեմ: Ես էլ երգում եմ: Բացի այդ, և՛ մորս, և՛ հորս հարազատները, գրեթե բոլորը երաժիշտներ են: Ամբողջ գերդաստանս երաժիշտ է:

– Գիտեմ, որ հսկայական գումար ես ծախսել տեսահոլովակի վրա: Հայկական ստանդարտներով դա հսկայական գումար է, իսկ Ռուսաստանի չափումներով միգուցե այնքան էլ մեծ չէ` որակյալ տեսահոլովակ ստանալու համար: Ռուսաստանում միջին կարգի տեսահոլովակ նկարահանելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:

– Իհարկե, այդ գումարը շատ մեծ չէ Ռուսաստանի համար, բայց ասեմ, որ փոքր էլ չէ, քանի որ այստեղ ևս այդ գումարով հայտնի երգիչները որակով տեսահոլովակներ են ստանում: Ռուսաստանում տեսահոլովակի պատրաստումը սկսում է 25 հազար դոլարից: Օրինակ, Դիմա Բիլանի վերջին կլիպներից մեկի վրա ծախսվել է 70 հազար դոլար: Իսկ ինչո՞ւ եմ ես այդքան մեծ գումար ծախսել՝ որովհետև ինձ համար ամեն ինչում ամենակարևորը որակն է, մակարդակը: Եթե ես այդ տեսահոլովակը նկարահանեի միայն Հայաստանում ցուցադրելու համար, բնականաբար, ես կծախսեի 5-10.000 դոլար՝ մաքսիմում` ռեժիսորից բարձր որակի տեսահոլովակ պահանջելով: Բայց «Հայաստան» երգի տեսահոլովակը տեսնում են ամբողջ աշխարհում, և ես պետք է այդ երգի համար համապատասխան տեսահոլովակ ներկայացնեմ: Ինչ վերաբերում է հայկական կլիպներին, կարծում եմ՝ կհամաձայնես, որ մեծամասամբ շաբլոն մտածելակերպի արդյունք են:

– Դու որքա՞ն ես ներդրել քո տեսահոլովակի համար: Ո՞վ է քեզ օգնում ֆինանսապես, և արժե՞ր արդյոք Հայաստանում նման գումար ծախսել տեսահոլովակի համար:

– Ծախսել եմ 60.000 դոլար: Այսօր մեր հայ բիզնեսմենները զբաղված են ավելի կարևոր, իրենց կարծիքով, գործերով: Նրանք միլիոններ են ծախսում իրենց հաճույքների համար, բայց նրանց մտքով չի էլ անցնում օգնել երաժիշտներին և այն մարդկանց, ովքեր զբաղվում են արվեստով: Պատմությունը ցույց է տվել. ժամանակի մեջ ամենակայունը արվեստն է: Մի բիզնեսմենի կամ մեծահարուստի անուն չկա, որ մնացած լինի պատմության մեջ, եթե, իհարկե, այդ անունը կապված չէ որևէ հայտնի արվեստագետի հովանավորելու, մշակույթի հետ:

– Կմտածես` շատ եմ կենտրոնացել ֆինանսական հարցերի վրա, բայց եթե խոսում ենք շոու-բիզնեսի մասին, կարծում եմ՝ ֆինանսները քիչ դեր չեն խաղում: Դու ի՞նչ կարծիքի ես:

– Եթե մենք ասում ենք՝ բիզնես, հասկանում ենք՝ գործ, գործարք, կոպիտ ասած` առ ու ծախ: Առանց ֆինանսների ոչ մի գործ առաջ չի գնա: Երգիչը անուն է, և որպեսզի այդ անունը ճանաչելի դառնա, պետք է փող ծախսվի, որ այդ անունն ունենա ավելի լայն ճանաչում: Օրինակ, մայոնեզ «Կալվեն». եթե փող չծախսվեր, ապա ոչ ոք չէր իմանա այդ անվան մասին: Հիմա կասեք` երգչին համեմատեց մայոնեզի հետ: Ոչ, պարզապես մայոնեզ լինես թե երգիչ` ճանաչում ձեռք բերելու համար պետք է քո մասին, անունդ անընդհատ հիշեցնես մարդկանց` ես այստեղ եմ, ես կամ: Իսկ դրա համար գումար է պետք:

– Ռուսաստանում միայն երգո՞վ ես զբաղված: Հայտնի է, որ ռուս հայտնի կատարողները, բացի երգելուց, ունեն նաև կողմնակի բիզնես: Երգելուց բացի, ինչպե՞ս ես վաստակում, գոյատևում այնտեղ:

– Ես ելույթ եմ ունենում տարբեր ակումբներում: Բացի այդ, հայկական երեկոներ և տարբեր նախագծեր եմ կազմակերպում, որոնք ինձ հնարավորություն են տալիս մարդավարի ապրել: Փառք Աստծո, իմ արվեստն ինձ բերում է այնքան եկամուտ, որ ես կողմնակի ոչ մի գործով չեմ զբաղվում:

– Ծնողներդ ի՞նչ ազդեցություն են ունեցել քո` երգիչ դառնալու որոշման վրա:

– Հայրս ասաց, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ` ինքը կընդունի: Սկզբում ուզում էի դառնալ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բայց հետո միտքս փոխեցի:

– Պատմիր քեզ համար կարևոր նշանակություն ունեցող այն երգիչների, կատարողների մասին, որոնց հետ համագործակցել ես: Ինչպե՞ս ես հանդիպել նրանց, և ի՞նչ է քեզ տվել նրանց հետ համագործակցությունը:

– Աշխատել եմ բազմաթիվ երգիչների հետ: Լավ հարաբերությունների մեջ եմ Թամարա Գվերցիտելիի, Լոլիտայի, Լադա Դենսի և այլ աստղերի հետ: Իմ ամենատպավորիչ հանդիպումը լեգենդար «Gueen» խմբի հետ էր: Ծանոթանալով ստեղծագործող նման մարդկանց հետ, հասկանում ես, որ իրականում որքան մարդը կայացած է լինում իր կյանքում և արվեստում, այնքան պարզ է իր բոլոր փոխհարաբերություններում` առանց աստղային բարդույթների:

– Ինչպե՞ս ես գնահատում հայ երգիչ-երգչուհիների «մոմախառը ու լացակումած» տեսահոլովակները, որոնց մեծ մասը նկարահանված է կահույքի սրահներից որևէ մեկում կամ ինչ-որ մեծահարուստի առանձնատանը:

– Եթե չլինեն վատերը, չի երևա լավը: Բայց հայ երգիչները պետք է իմանան, որ նման որակի հայկական կլիպները կարող են գոյություն ունենալ միայն Հայաստանում, և վերջ: Դրսում դա չի ընդունվում: Մեկ-մեկ ինձ թվում է, որ հայկական տեսահոլովակները նկարահանված են 1990-94 թվականների ռուս երգիչների տեսահոլովակների հիման վրա:

– Քո կարծիքով` ինչո՞ւ ենք այդքան սիրում լացկան երգեր երգել և լսել, իսկ ուրախ երգ ասելով՝ հասկանում ենք՝ հիմնականում ռեստորանային տաշի-տուշին:

– Դա մեր ազգային մենթալիտետից է գալիս: Դա չի լինի փոխել և պետք չէ փոխել: Դա գալիս է մեր պապերից և կփոխանցվի մեր երեխաներին՝ ուզենք թե չուզենք: Նույնիսկ մեր ուրախ երգերի մեջ տխրություն կա, որովհետև մենք միշտ ճնշվել ենք մեծ տերությունների կողմից: Ես շատ եմ սիրում տաշի-տուշի լսել և պարել տաշի-տուշի, բայց երբեք չեմ երգի, որովհետև դա իմը չէ:

– Ինչպիսի՞ երաժշտություն են նախընտրում Ռուսաստանի հայերը: Ասում են՝ ռաբիս չենք սիրում, բայց գաղտնի, նույնիսկ հեռախոսով ռաբիս են լսում:

– Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի հայերն աշխատում են ձևացնել, թե ռաբիս չեն սիրում, բայց իրականությունն այլ է: Բոլորն էլ լսում են ռաբիս, հեռախոսից հեռախոս երգեր են փոխանցում: Որտեղից ասես ռաբիս երգեր են գտնում: Ռաբիսն ավելի են նախընտրում, քան ռուսական երգերը:
Անձամբ «Մետելիցա» ակումբում ամիսը մեկ կազմակերպում եմ «Армянский элитный вечер», որտեղ, բնականաբար, ռաբիս չի հնչում, այլ հնչում է ճաշակով էստրադային երաժշտություն: Ես մեզ մոտ եմ հրավիրել, օրինակ, Ֆորշին, Համլետ Գևորգյանին… Ամեն դեպքում մեզ ոչ ոք չի ստիպում լսել այս կամ այն երաժշտությունը, իրականում որոշումը մերն է: Եվ այդ որոշումը բխում է մեր ճաշակից:

Քրիստինե Հակոբյան

«3 Միլիոն»