Elle.ru կայքը գրում է. ««Իմ կազմվածքի համար ես պարտական եմ ծողներիս ու սպագետիին: Կյանքս առանց պաստայի չեմ պատկերացնում, այն ուտում եմ ամեն օր և ընդհանրապես չեմ գիրանում»,- սրանք Սոֆի Լորենի հայտնի խոսքերն են: Մեծ է դրանց հավատալու ցանկությունը: Ամեն դեպքում, ասվածի օգտին են խոսում նաև փաստերը: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Իտալիայի բնակչության ընդամենը 9 տոկոսն է տառապում ճարպակալմամբ՝ ընդ որում, իրենց չզրկելով «ամբողջությամբ ածխաջրերից»: Նայելով իտալացի աղջիկների կազմվածքին, որոնց ձեռքներին հաճախ եք պիցցա տեսնում, սկսում եք հավատալ հրաշքներին: Դիետոլոգները կարողացել են վեր հանել տեղի սննդակարգի «հաջողության բանաձևը», որը բացատրում է, թե ինչու են իտալացիներն ուտում, բայց չեն գիրանում:
Փոքրիկ բաժիններ: Իտալական ընտանիքներում ուտում են սննդարար ճաշատեսակները, բայց փոքր բաժիններով: Երկրի բնակիչների մեծ մասը չի մտածում կալորիաների մասին. նրանք դադարում են ուտել այն ժամանակ, երբ հագենում են, իսկ ուտելուց հետո կարող են մեկ բաժակ սուրճ խմել: Իտալական դիետան հավասարակշռված է իր բաղադրությամբ: Այն շատ յուղոտ չէ, պարունակում է ածխաջրերի անհրաժեշտ քանակ, հարուստ է ձկով և հավով, ինչպես նաև՝ շատ զգուշավոր է կարմիր մսի հետ:
Ձիթապտղի յուղ: Իտալիայում ձիթապտղի յուղն անվանում են «հազարավոր տարիների պատմություն ունեցող ջրիկ ոսկի»: Հենց դրանով է պատրաստվում ազգային ուտեստների մեծ մասը: Դժվար է հիշել որևէ ճաշատեսակ, որում յուղ ընդհանրապես չի օգտագործվում: Սակայն, նույնիսկ եթե ընդունենք, որ ձիթապտղի յուղն օգտակար է, խորհուրդ չի տրվում այն շատ օգտագործել:
Վայելեք թարմ մթերքներ: Թարմ ձուկը, լոլիկը, կանաչիները, սմբուկը, կիտրոնը Իտալիայի հարավում օգտագործվող ճաշատեսակների մեծ մասի հիմնական բաղադրիչն են:
Համեստ նախաճաշ: Նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր փուլն է: Իտալացիներն այն ոչ մի պարագայում բաց չեն թողնում: Իհարկե, նրանք իրենց օրը շատ հագեցած նախաճաշով չեն դիմավորում՝ փոքր բաժակով կաթով սուրճ և կրուասան կամ փոքրիկ թխվածք:
Ոչ մի քաղցր գազավորված ըմպելիք: Ուտելու ընթացքում իտալացիներն ընդհանրապես քաղցր կամ գազավորված ըմպելիք չեն օգտագործում: Հանքային ջուրը կամ մի բաժակ գինին ավելի նպաստավոր ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա:
Պիցցա, բայց ոչ ամեն օր: Իհարկե, չենք ցանկանում ձեզ հիասթափեցնել, սակայն սննդակարգում մշտապես պիցցա ներառելը ոչ մի կերպ չի նպաստում քաշի նվազեցմանը: Իտալիայում պիցցա ուտում են հանգստյան օրերին՝ ընկերների հետ: Հաճախ դրանց բաղադրության մեջ ներառված չեն ծխեցված մթերքներ, միայն պանիր և բանջարեղեն:
Թեթև ընթրիք: Իտալացիներն աշխատում են, որքան հնարավոր է, թեթև դարձնել վերջին անգամվա սննդի օգտագործումը:
Իտալական դիետան դիետայի բացակայությունն է: Իտալացիները դիետաների համար չեն խելագարվում: Ցանկանո՞ւմ եք նիհարել: Մի կերեք տապակած մթերքներ և մակարոնները մի համեմեք յուղոտ սոուսներով: Կա ևս մեկ շատ կարևոր կանոն՝ ցանկացած իտալական մթերք պետք է ուտել առանց մեղքի զգացման: