Դիզայներ Արփինե Կոշտոյանը երեկ դարձավ 24 տարեկան: Life.panorama.am-ին Արփինեն պատմել է ոչ միայն անակնկալների, այլև առաջիկա անելիքների մասին:
«Տարեդարձներս միշտ նշում եմ ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում, և այս տարի էլ բացառություն չէր: Չնայած դեռ առավոտից աշխատանքի մեջ էի, և տոնական օրս նշում էի նաև իմ սիրելի աշխատակազմի հետ, սակայն երեկոս անցկացրի հարազատներիս հետ»,- պատմեց Արփինեն:
Դիզայների խոսքով՝ անակնկալներ սիրում է, սակայն այդ հացում նյութական կողմին նշանակություն չի տալիս:
«Այնքան թանկ մարդկանցից եմ զանգեր ու շնորհավորանքներ ստացել, որ դրանից ավելի լավ նվերներ չէի կարող ունենալ: Ինձ համար առհասարակ նշանակություն չունի նվերի արժեքն ու տեսակը, գլխավորը անկեղծությունն է»,- ընդգծեց նա, իսկ խոսելով ամուսնու անակնալի մասին, հավելեց.
«Ամուսնուս անակնկալը կուրախացնի ոչ միայն ինձ, այլև հաճախորդներիս: Իհարկե, չեմ ասի, թե ինչի մասին է խոսքը, միայն կասեմ, որ դրան երկար էի սպասում և շուտով կբացահայտեմ այն»:
Արփինե Կոշտոյանն այն բացառիկ մարդկանցից է, ով ամեն տարի ուրախանում է, որ ևս մեկ տարի մեծացավ:
«Կարծում եմ՝ ամեն տարիք իր առավելություններն ունի, ես չեմ վախենում մեծանալուց, փոխարենը ուրախանում եմ, որ հնարավորություն ունեմ ապրելու, աշխատելու, սիրելու և սիրված լինելու»,- նկատեց նա:
Արփինեի երազանքներն ավելի գլոբալ բնույթ ունեն.
«Անկեղծ եմ ասում՝ իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ ողջ աշխարհում խաղաղություն տիրի, և որ իմ կյանքում ամեն բան մնա այնպես, ինչպես որ այսօր կա: Թող կորուստներ չլինեն, սա է գլխավորը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով գործնական նորություններին՝ Արփինե Կոշտոյանն իր անակնկալը չփչացնելու նպատակով փակագծեր չբացեց, սակայն նշեց.
«Իմ նորաձևության տանը շուտով մեծ նորություն է սպասվում, որից մեր հաճախորդները շատ կուրախանան: Այս պահին չեմ ցանկանում բարձրաձայնել, թե ինչի մասին է խոսքը, սակայն հաշված օրեր են մնացել, շուտով ամեն ինչի մասին առավել մանրամասն կխոսեմ: Վստահեցնում եմ՝ մեր թիմն իր ողջ ուժերը ներդրել է այս նախագծի իրականացման համար: Հուսամ՝ ամեն ինչ բարեհաջող և ըստ մեր նախատեսծի կընթանա»: