«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ, լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի աշխատությունից մի հատված՝ նվիրված հայ ժողովրդի ծագմանն ու հնագույն շրջանին: Իշխանյանն իր այս աշխատության մեջ ապացուցում է, որ Աքեմենյան թագավորության շրջանից մեզ հասած արձանագրությունները հետևողականորեն մեզ տալիս են մի հավասարում ՝ Ուրարտու (Ուրաշտու)=Հարմինուիա=Արմինա=Հայք: Կրճատ՝ Ուրարտու=Հայք: Ուրեմն աքքադական բազմաթիվ արձանագրություններում հիշվող urartaja, urastaja-ները կամ ուրարտացիները հայերն են, ուրարտայա թագավորները, զորքերը, ժողովուրդը՝ հայ թագավորներ, հայոց զորքեր, հայ ժողովուրդ:
Ստորև ներկայացնում ենք հատվածը.
«Մուսասիրի Արդինի տաճարում մ.թ.ա. IX-VII դ.դ. պատրաստված որոշ բարձրաքանդակներում և որմնանկարներում կարևոր տեղ ունեն տերևի, ճյուղի և ծառի խորհրդանշանները. օրինակ, քուրմը ծառի մոտ գուշակություն անելիս: Գերմանացի հնագետ Կալմայերը դրանց մասին գրել է. «Տերևների օգնությամբ կատարվող կատարվող այդպիսի ծեսը կարող էր լինել այն գուշակությունը, որն ըստ Մովսես Խորենացու, կատարվում էր քամու ազդեցությամբ «սոսի ծառերի տերևների խշշյունի շնորհիվ»: Իրոք, Խորենացին իր «Հայոց պատմության» առաջին գրքում, խոսելով Արա Երկրորդի որդու՝ Անուշավան Սոսանվերի մասին, գրում է. «Նա, պաշտամունքի համաձայն, նվիրված էր Արմավիրի սոսի ծառերին Արմավիր քաղաքում, որոնց տերևների հանդարտ կամ սաստիկ շարժվելուց, նայած քամու ուժին և ուղղությանը, մեր Հայոց աշխահում երկար ժամանակ սովորություն կար գուշակություններ անելու»: Խորենացին, ասյպիսով, գրել է, որ այդ ծառապաշտությունը կամ տերևապաշտությունը եղել է «մեր Հայոց աշխարհում», իսկ ըստ աքքադական արձանագրությունների՝ այդ երկիրը կոչվել է Ուրարտու (Ուրաշտու): Հետաքրքրական է նաև, որ հիշյալ բարձրաքանդակներում, որմնանկարներում գուշակություն անող քուրմերի խույրերը նման են Տիգրան Մեծի և Արտավազդ Երկրորդի թագերին՝ պատկերված նրանց դրամների վրա:
Ուրարտուի ինչ լինելու մասին հստակ վկայություններ կան նաև Պարսկաստնաի Աքեմենյան թագավորների թողած եռալեզվյան արձանագրությունների մեջ:
Առհասարակ հին աշխարհի պատմության մի շարք իրողություններ պարզելու գործում մեծ դեր են կատարել բիլինգվա կոչվող, այսինքն՝ երկլեզվյան արձանագրությունները: Հին տիրակալներն իրենց արշավանքների, հաղթանակների կամ կառուցումների մասին ժայռերի, կոթողների և սալերի ու սալիկների վրա հաճախ նույն բանը գրել են երկու լեզվով, երբեմն՝ երեք: Դա այժմյան գիտնականներին օգնում է հին, անծանոթ լեզուներ սովորելու, անծանոթ երկրների ինչ և ինչպիսին լինելը պարզելու: Եթե զույգ կամ եռյակ նույնական արձանագրություններից մեկի մեջ եղած տեղանուններն ու ցեղանունները մեզ ծանոթ են, ապա նրանց օգնությամբ իմանում ենք, թե մյուս լեզվով գրված նույնական արձանագրության մեջ անծանոթ տեղանուններն ու ցեղանունները ինչին և ում են վերաբերում:
Մեզ են հասել պարսից Աքեմենյան թագավորների մի շարք եռալեզվյան արձանագրություններ՝ գրված մ.թ.ա. VI-IV դարերում: Այդ արձանագրություններում հիշատակվում են այն երկրները, որոնց դեմ պատերազմել են պարսից թագավորները կամ որոնք ինչ-որ ժամանակ գտվել են Պարսկաստանի գերիշխանության տակ: Բոլոր արձանագրությունները սեպագիր են՝ ամեն մեկում նույն բանը գրված է երեք տարբեր լեզուներով՝ էլամերեն, աքքադերեն, հին պարսկերեն: Էլամցիները Արևելքի հին ժողովուրդներից են, ապրել են Պարսից ծոցի հյուսիս-արևելքում մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ.ա. VI դարը: Էլամերենը, ինչպես ասվեց, երկար ժամանակ Պարսկաստանի պետական լեզուն էր: Աքքադերենը Հին Աևելքում տարածված էր, և Աքեմենյան թագավորներն իրենց հաղթանակների մասին գրում էին նաև այդ լեզվի բաբելական տարբերակով: Աքեմենյան թագավորների արձանագրություններում կարևոր էր նաև հին պարսկերեն տարբերակը:
Աքեմենյան արձանագրություններից շատերում է հիշվում Հայաստանը. հին պարսկերեն այն ամենուրեք կոչվում է Արմինա (կամ Արմինիա), էլամերեն՝ Հարմինուիա, աքքադերեն՝ Ուրաշտու (ասուրական Ուրարտու-ի բաբելական տարբերակը): Այդպես է աքեմենյան բոլոր մեզ ծանոթ արձանագրություններում, առանց բացառության. դրանք են Բեհիսթունի (Բիսիթունի), Նախշի Ռուստամի, Պերսեպոլիսի և մի քանի ուրիշ արձանագրություններ:
Աքեմենյան ամենահին արձանագրությունը այժմ Պարսկաստանի Բեհիսթուն գյուղի մոտ մի հսկա ժայռի վրա է փորագրված: Դա Դարեհ I թագավորի (մ.թ.ա 522-486թթ.) հրամանով է փորագրվել: Ինը մեծ սյունակից է բաղկացած: Վերևում Ահուրամազդան է ՝ արևի պես ճայռագայթող, ապա Դարեհը հաղթականորեն ոտքը դրել է պարտված իր գլխավոր հակառակորդի՝ Գաումատայի վրա, Դարեհի առջևում են ինը պարտված թագավորներ: Արձանագրությունը պատմում է Դարեհի գահակալության առաջին երեք տարիների (մ.թ.ա. 522-519թթ.) մասին. մոգ Գաումատայի ապստամբությունը, Պարսկաստանի գերիշխանության տակ գտնվող այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ծագած ապստամբությունները, նրանց ճնշումը Դարեհի կողմից: Հայաստանի մասին բավական շատ է գրված, և ամեն մի նախադասություն ունի երեք լեզվով տարբերակ: Օրինակ, արձանագրության պարսկական մասի 2-րդ սյունակում գրված է. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»:
Հին պարսկերեն տեքստում Հայաստանը նշված է ՝ Arminam:
Էլամերեն տեքստում Հայաստանը գրված է Harminjaip:
Աքքադերեն տեքստում ՝ Uraštu:
Լեզուները տարբեր են, քերականությունը, հոլովները տարբեր ձևեր ունեն, բայց երեք լեզուներում Հայաստանի անունները, նրանց արմատները ակնհայտ են՝ հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հարմինուիա, աքքադերեն՝ Ուրաշտու:
Էլամերեն Հարմինուիա-ն Արմանի-Արմինիա-Արմենիա-ի էլամական տարբերակն է, որ նշանակում է, թե էլամացիները նունպես շատերի նման Հայաստանը կոչել են Արմեն+իա անվանման իրենց տարբերակով Հարմին+ուիա: Իսկ աքքադացիներն, ահա, Հայաստանը անվանել են Ուրարտու (Ուրաշտու):
Դարեհը իր այդ մեծ արաձանագրությունը թարգմանել է նաև կայսրության մեջ ընդունված լեզվով՝ արամերեն, և ուղարկել իրեն հպատակ բոլոր երկրները: Պահպանվել է դրա պապիրուսե փաթեթը: Այնտեղ էլ ամենուրեք Հայաստանը կոչվում է Urartu:
Այսպիսով, Աքեմենյան արձանագրությունները հետևողականորեն մեզ տալիս են մի հավասարում ՝ Ուրարտու (Ուրաշտու)=Հարմինուիա=Արմինա=Հայք: Կրճատ՝ Ուրարտու=Հայք:
Բայց Դարեհի արձանագրությունն էլ ավելին է տալիս: Բեհիսթունի արձանագրության մեջ մի քանի անգամ առկա է նաև հայերևի լեզվացեղային անվանումը՝ խոսվում է հայազգի անձանց մասին: Եվ դարձյալ, հայը հին պարսկերեն կոչվում է արմին, էլամերեն՝ հարմին, աքքադերեն՝ ուրաշտ բառարմատներով: Օրինակ՝ արձանագրության պարսկական մասի 4-րդ սյունակում կա այսպիսի բառակապակցություն. «Մի հայ՝ Արքա անունով», որ հին պարսկերեն հնչում է Araka nama arminija, աքքադերեն harminujara, աքքադերեն՝ Urastaja:
Ուրեմն հայը, եթե պարսկերեն կոչվել է արմինյա, ապա աքքադերեն հային ասել են ուրաշտայա (ուրարտայա): Եվ այս դեպքում ևս թվաբանությունը հասարակ է՝ armin(ija)=harmin(ujara)=uras(aja):
Այսպիսով՝ պատմությունը պահպանել է մի հրաշալի բանալի՝ պարսից եռալեզվյան արձանագրությունները: Նրանք անվերապահորեն պնդում են, որ երկար ժամանակ աքքադացիները հայերին ուրարտայա, ուրաշտայա են անվանել, ինչպես որ վրացիները՝ սոմեխի, պարսիկները, էլամացիները, հուները արմին(իյա), հարմին(ույարա), արմեն և այլն: Ուրեմն աքքադական բազմաթիվ արձանագրություններում հիշվող urartaja, urastaja-ները կամ ուրարտացիները հայերն են, ուրարտայա թագավորները, զորքերը, ժողովուրդը՝ հայ թագավորներ, հայոց զորհեր, հայ ժողովուրդ»: