Շաբաթ առավոտյան, երբ երևանցիները սովորաբար քնած են կամ տանը, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում դադարեցվեց երթևեկությունը, և երգի-պարի ժողովրդական, ազգագրական 21 խմբեր պար բռնեցին հրապարակի «քարե գորգին»՝ սկսելով Քոչարիից։ Շուտով շրջանը բոլորեց, իսկ ձեռք-ձեռքի տված պարողների մեջ էին նաև Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարության աշխատակիցներ, անգամ՝ զբոսաշրջիկներ…
Պետական 5 և ոչ պետական 16 խմբերի պարն ուղղորդում էր նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը ( Մրո), որը մի պահ պարին չափ տվեց դհոլի իր իսկ հարվածներով։
Կեսժամանոց ֆլեշմոբից հետո պրոֆեսիոնալ պարողները նստեցին ավտոբուսները և ամենատարբեր ուղղություններով շարժվեցին դեպի Երևանից դուրս.
«Միայն այսօր և վաղը 40 համերգ է նախատեսված. Հանրապետության մարզերում լինելու է մշակութային հրավառություն»,- մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսպես բնորոշեց երևանյան ֆլեշմոբով մեկնարկած՝ «Հայաստան, իմ սեր» երկօրյա ծրագիրը, որով եզրափակվում է «Մշակութային կանգառ-2017»-ը։
Տարվա ընթացքում՝ ավելի քան 426 մարզային հյուրախաղեր, որոնց գլխավոր աջակիցը Մարդկային զարգացման «Փյունիկ» հիմնադրամն էր, և՝ ավելի քան 200 կինոցուցադրություն, ինչը հնարավոր դարձավ Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ ձեռք բերված շարժական կինոթատրոնների շնորհիվ։
Նախարար Արմեն Ամիրյանը, որի գաղափարն էր մարզային խիտ ելույթների «քարտեզագրումը» ողջ տարվա համար, լրագրողների հետ զրույցում «Մշակութային կանգառ» ծրագիրն անվանեց շատ կարևոր և փայլուն իրագործված.
«Առաջինը՝ փորձեցինք բեռնաթափել Երևանը մշակութային ագրեսիայից, և մեր մշակութային ողջ արսենալն ուղղեցինք դեպի մարզեր, հատկապես՝ հեռավոր գյուղեր, որտեղ մարդիկ վաղուց կարոտով սպասում էին մեր արտիստներին… Լուծվեց, հավատացե′ք, մշակութային օջախների խնդիրը. մենք կարողացանք լքված դահլիճները լցնել մեր արտիստների ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների բովանդակությամբ»։
Արմեն Ամիրյանն ավելացրեց, որ կարևոր է արթնացնել մարզում, հեռավոր գյուղում ապրող երեխայի երևակայական աշխարհը, բոլորին հնարավորություն տալ հաղորդակցվելու ժամանակակից հայ արվեստին։ Ուրախալի համարեց, որ որքան ծրագիրն առաջ էր շարժվում, այնքան՝ ոգևորված, «Մշակութային կանգառ»-ին միանում էին նաև ոչ պետական խմբերը։
Ո′չ միայն։
«Ուղղորդելով մշակույթը դեպի մարզեր, մենք փորձեցինք արթնացնել մշակութային կյանքը տեղերում, և «Մշակութային կանգառը» կենարար արդյունք ունեցավ՝ իր օրգանական շարունակությունը»։
Նախարարը նկատի ունի իր և Արսեն Գրիգորյանի ջանքերով ամիսներ առաջ մեկնարկած «ԱՐԱՐ» ծրագիրը, որում արդեն 300-ից ավելի շահառու է ընդգրկվել։ Ծրագիրը գտնում և համախմբում է տեղացի մասնագետների, որոնք իրենց համայնքներում հիմնում են ժողովրդական արհեստների, նկարչության, երգի-պարի, թատերական խմբակներ։ Արդեն մի քանի տասնյակ այդպիսի խմբակ է գործում տարբեր մարզերի համայնքներում, և նորերը ստեղծելու աշխատանք է տարվում։
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի