Այսօրվա աշխարհի ամենամեծ չարիքը եսասիրությունն է։ Սլավի Տրիֆոնովի հարցին այսպես է պատասխանել 93-ամյա Շառլ Ազնավուրը bTV բուլղարական հեռուստաալիքի եթերում։
Բուլղարացի հանդիսատեսի համար Ազնավուրը ելույթ է ունեցել նոյեմբերի 30-ին` 1978 թվականի համերգից հետո շուրջ 40 տարի անց։
Հարցին, թե այսօր ինչպես է զգում կյանքը, Ազնավուրը պատասխանել է. «Տխուր եմ։ Քանի որ այսօր ամեն մարդ իր համար է ապրում, քանի որ կան մարդիկ, որոնք փորփրում են կերածս։
Ի՞նչն է այսօր կարևոր։ Կարևոր են մյուսները։ Ոչ թե մենք, այլ ուրիշները։ Ես սկսել եմ մտածել այդ մասին և գիտակցել հիմա` 50 տարի անց։
Ես պարզապես փորձում եմ մոտ լինել ճշմարտությանը և գրել այն մասին`ինչ տեղի է ունենում կյանքում։ Ինձ հետաքրքրում է, թե ինչով են ապրում ինձ շրջապատող մարդիկ։ Չէ՞ որ ես էլ եմ ժողովրդի միջից, հասարակ մարդկանց պես եմ մտածում»։
Երգիչը նշել է, որ այդ հարցում ինքը նման է Էդիթ Պիաֆին։ Ինքը` միգրանտների որդին, նա` աղքատ ընտանիքի աղջիկը։ Էդիթը կրթություն չի ստացել, բայց այնպիսի տողեր է գրել և բեմում այնպիսի կերպար է ստեղծել, ինչի մասին ուրիշները նույնիսկ մտածել չէին կարող։ Պիաֆին կերտել է ինքը` Պիաֆը, համոզված է Ազնավուրը։
«Երջանիկ եմ, որ փախստականների որդի եմ։ Ես ֆրանսիացի եմ և հայ։ Մեկը մյուսից բաժանել չի լինի, ինչպես կաթով սուրճի դեպքում։ Սակայն եթե պապերիցս մեկը սևամորթ լիներ, մյուսը` հրեա, երրորդն` արաբ, ես ուրիշ կլինեի։
Եվ եթե բոլորն այդպես մտածեին, աշխարհում այլատյացություն և հրեատեցություն չէր լինի», — ասել է նա։
Ազնավուրը նշել է նաև, որ կարողանում է ծիծաղելու ուժ գտնել։ Դրանում է երկարակեցության գաղտնիքը, վստահեցրել է նաև։
Իր անունը բուլղարական կիրիլիցայի նեոնային լույսերի մեջ տեսնելով` հիշել է հորը, որ ռուսերեն էր գրում ազգանունը։
«Ես միշտ «Ազնաբիպ» էի կարդում։ Քանի որ ռուսերեն չգիտեի։ «Վ»-ն կարդում էի որպես «բ», իսկ «ր»-ն որպես «պ»… Ազնաբիպ», — ժպտում է նա։
Անվանի հաղորդավարը մի պահ մոռանում է ժպտալը։ «Լավ հումոր ունեք», — վերջապես ասում է նա։
«Կյանքում միշտ ժպտալ է պետք։ Ով ժպտում է, նա ավելի երկար և ավելի լավ է ապրում», — պատասխանում է 93-ամյա ծերունին։
Ծերունի՞ն։ Իր տարիքից նա չի վախենում։ Հակառակը` այժմ երգեր է գրում նրանց համար, ովքեր 90-անց են։ Նրանց ինչ-որ բանով ուրախացնելու համար։ «Չէ՞ որ ես գրել եմ երիտասարդների մասին։ Ուրեմն պետք է գրեմ նաև ծերության մասին»։
Ընտանեկան դրամա Ազնավուրի համերգին. արդյո՞ք շանսոնյեն կարձագանքի
Կանանց մասին հարցին Ազնավուրը պատասխանում է. «Հրաշալի կին ունեմ։ Նա ոչ բոլոր հարցերում է համաձայն ինձ հետ։ Բայց դա ամենակարևորը չէ։ Մենք տարբեր երկրամասերում ենք ծնվել։ Նա` այնտեղ, որտեղ ցուրտ է, ես` այնտեղ, որտեղ տաք է։ Նա բողոքական է, մեր հայացքները մի փոքր տարբերվում են երեխաների դաստիարակության հարցում։
Սակայն այդ հայացքները հանդիպել են և միավորվել։ Եվ ինչ-որ բան են սովորեցրել միմյանց։ Նա ինձ սովորեցրել է միշտ ուղիղ քայլել։ Իսկ ես սովորեցրել եմ նրան մի փոքր խելահեղ լինել»։