Ուդուլի (տոլմա)
Advertisement 1000 x 90

Ուդուլի (տոլմա)

Ներկայացնում ենք հատված պատմաբան Վահե Անթանեսյանի «Ուդուլի» գրքից, որը մանրամասն ներկայացնում է տոլմայի՝ իբրև հայոց ծիսական ուտեստի պատմությունը, դերը, նշանակությունը:

Գաղտնիք չէ, որ խոհանոցը վաղուց դադարել է լոկ մշակույթ լինելուց: Այն այսօր նաև քաղաքական թեմա է: Դրա վառ արտահայտությունն է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի բազում հայտարարություններն այն մասին, թե` տոլման ադըրբեջանական ծագմամբ կերակրատեսակ է, և հայերն այն իրենցից են գողացել…

Խոհանոցի քաղաքականացման մեջ տարօրինակ ոչինչ չկա: Խոհանոցը, լինելով ոչ նյութական մշակութային արժեք, իր մեջ ոչ միայն տվյալ ազգի, էթնոսի կենսակերպն է պարունակում, այլև շատ ավելի էական ու կարևորագույն դերակատարություն ունի: Մասնավորապես, ինչու՞ են մեր ոչ բարյացակամ արևելյան (և ոչ միայն) հարևանները ոտնձգություններ կատարում հայկական խոհանոցի նկատմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ տոլման, հարիսան, նմանատիպ կերակրատեսակները իրենց համային, առողջարար և օգտակար հատկանիշներից զատ փաստում են այդ մշակույթը կրողների ծագումը: Մասնավորապես, տոլման պատրաստման բարդ և ժամանակատար տեխնոլոգիա ունի, հետևաբար` միայն նստակյաց ժողովուրդը կարող էր առօրյայում օգտագործել նման կերակրատեսակ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ավանդական տոլմայի բաղադրիչներից մեկը` խաղողի թուփն ստանալու համար հարկ է նախ երկրագործությամբ զբաղվել, որթատունկ աճեցնել…

Ադրբեջանի նախագահն իր ելույթում նաև նշեց, որ եթե այսօր որևէ հայի հարցնես, թե ի՞նչ է նշանակում տոլմա, չի կարող պատասխանել այդ հարցին: Ցավոք, մեզնից շատերը այս կամ այն կերպ ջուր են լցնում թուրքերի ջրաղացին` հայկական այս կերակրատեսակը ռեստորանների ճաշացանկում, անգամ մամուլի հրապարակումներում կոչելով թուրքական արտասանությամբ` դոլմա: Ըստ թուրքերի` հայկական այս կերակրատեսակը թուրքական ծագում ունի և ճիշտ արտասանման ձևն է ՙդոլմա՚, որ ծագում է թուրքերեն ՙդլմըզի՚` լցոնված բառից: Սա չի դիմանում քննադատությանը: Նախ, մեր մայրերն ու տատերը երբևէ չեն ասում տոլմա լցոնել, այլ ասում են` տոլմա փաթաթել: Ինքը` տոլմա բառն առաջացել է ուրարտերեն ՙուդուլի՚ բառից, որ նշանակում է` խաղողի վազ: Այստեղից էլ ծագել է տոլին` խաղողածինը: Ըստ որոշ ուսումնասիրողների` այստեղից է ծագում նաև Անատոլիա բառը և թարգմանվում է ՙխաղողի հայրենիք՚: Ճիշտ է, գիտության մեջ ընդունված է Անատոլիան թարգմանել որպես արևելք: Առհասարակ, դասական տոլման խաղողի տերևով է պատրաստվում, իսկ փորձել լցոնել խաղողի տերևը` կարծում եմ, մեղմ ասած` պարապ զբաղմունք է: Բացի այդ, այս հայկական կերակրատեսակը, ճիշտ է, թուրքերն անվանում են դոլմա, սակայն աշխարհին է հայտնի, որ մեր հարևան ՙքաղաքակիրթ՚ այս ազգույթը չունի անգամ սեփական այբուբեն, և օգտվում է կա՜մ արաբական, կա՜մ լատինական տառատեսակներից: Արաբերեն տառերով թուրքական աղբյուրներում հայկական տոլման գրվում է ةملوط, որ ճիշտ տառադարձությամբ կարդացվում է հենց ՙտոլմա՚: Իրենք` թուրքերը, տոլմային այլ անվանում էլ են տվել` սարմը, որ թարգմանաբար նշանակում է փաթաթված: Բացի այդ, հայերի մերձավոր և պատմական հարևանների մոտ հայկական ազգային այս ճաշատեսակը կրում է նտոլմաս (հույների մոտ) և տոլմա (վրացիների մոտ) անվանումները: Ալբանացիները տոլման անվանում են յափրակ, քրդերը` յափրախ, որ թուրքերեն տերև բառն է: Հետևաբար` դոլմա ձևը ոչ մի առնչություն չունի լցոնել բայի հետ: Այն առաջացել է հայերեն տոլմայից:

Առհասարակ, որևէ կերակրատեսակի ծագման և ազգային պատկանելության մասին խոսելիս պետք է դատել երեք հանգամանքի մասին. անվանման ծագումը, կիրառությունը տվյալ ժողովրդի մոտ և աշխատանքային գործիքը` որով պատրաստվում է տվյալ կերակրատեսակը: Անվանման մասին արդեն խոսեցինք: Ինչ վերաբերվում է տոլմայի կիրառմանը, ոչ մեկի մոտ գաղտնիք չէ, որ տոլման հայերի ամենասիրած, ամենամասսայական կերակրատեսակներից է, մեր տոնական սեղանների պարտադիր ճաշացանկի բաղկացուցիչը: Տոլման նաև հայի ինքնության բաղկացուցիչն է:

Ճիշտ է, տոլմա պատրաստելու հատուկ գործիք չկա, սակայն նրա պատրաստման տեխնոլոգիան այնքան բարդ է և ժամանակատար, որ որևէ քոչվոր ժողովուրդ ուղղակի չէր կարող այն կիրառել, էլ չենք խոսում այն մասին, որ ավանդական տոլմայի կարևորագույն բաղադրիչը` խաղողի տերևը ստանալու համար նախ հարկավոր է երկրագործությամբ զբաղվել, իսկ մեր հարևանների քոչվոր նախնիները ավարառությունից ու թալանից զատ ոչնչով չեն զբաղվել:

Եվ մեր հարևանները, ովքեր Թուրանի անապատներից միայն 11րդ դարում արևմուտք եկան, բնականաբար չէին կարող իրենց թափառական կենսակերպով նման հարուստ խոհանոց ունենալ: Եվ ձեռք գցելով հարևան ժողովուրդների մշակութային արժեքները, մասնավորապես խոհանոցը, նրանք փորձում են աշխարհին համոզել իբր, իրենք տեղաբնակ են տարածաշրջանում:
Ցավոք, ադրբեջանցիների փորձերը եզակի չեն: Արդեն տասնամյակներ շարունակ, ի թիվս հայկական մշակույթի այլ բաղադրիչների` թուրքերը ոտնձգություններ են կատարում հայկական խոհանոցի նկատմամբ: Եվ պետք է նշել, որ ցավոք, շնորհիվ պետական հստակ քաղաքականության, մեր հարևաններն իրենց գործունեության մեջ բավականին առաջընթաց են ունեցել: Շարունակ միջազգային կառույցներում հայտեր են ներկայացվում այս կամ այն հայկական կերակրատեսակը թուրքական, ադրբեջանական կամ վրացական ճանաչելու և գրանցելու համար: Խոհանոցն այնքան է կարևորվում մեր հարևանների մոտ, որ այն պետական հոգածության առարկա է դարձել: Թուրքական պետական հեռուստաընկերությունը` TNT, անգամ հայալեզու կայք է բացել` ՙԹուրքական պալատի ճաշատեսակներ՚, ուր որպես թուրքական արքունական ուտեստներ բացառապես մատուցվում են հարևան ազգերի` այդ թվում հայկական խոհանոցը:

Այս առումով ավելի հեռու են գնացել վրացիները, ովքեր անգամ մածունը ամրագրել են որպես վրացական ազգային ուտեստ և փորձեր են անում` այն ամրագրելու միջազգային կազմակերպություններում: Այն էլ մածունը, որի անունն անգամ վրացերեն գոյություն չունի… Ավելի առաջ գնալով` վրացիները միջազգային կազմակերպություններում փորձում են Վրաստանը ներկայացնել որպես կարասագործության, գինեգործության և մեղվապահության հայրենիք: Եվ դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս Արենիում միջազգային հնագիտական արշավախումբը հայտնաբերեց աշխարհում հնագույն գինու հնձանը: Վրացիների միտումը որքան էլ անհեթեթ թվա` լուրջ սպառնալիք է հայկական մշակույթին և ինքնությանը:

Ինչևէ, մենք դեռևս շատ անելիք ունենք` փրկելու հայոց ազգային, ավանդական խոհանոցի արժեքներն օտարումից:

Այս առումով կարևոր է 2011 թվականի հուլիսի 12ին Սարդարապատում ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման՚ ՀԿ կազմակերպած տոլմայի համահայկական առաջին փառատոնը: Նախադեպը չունեցող այս փառատոնը մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: 2011 թվականի աշնանը փառատոնի մասին ծավալուն լրատվություն տարածեց CNN հեռուստաընկերությունը: Փառատոնին հաջորդող օրերին նրան անդրադարձան, ի թիվս հայկական հեռուստաալիքների, նաև ռուսական ORT, RTR հեռուստաալիքները, MIR միջպետական հեռուստաալիքը: Իսկ հայկական և արտասահմանյան մամուլում տպագրված նյութերն ուղղակի հարյուրներով կարելի է հաշվել:

Բնավ չգերագնահատելով Տոլմայի փառատոնի նշանակությունը, պետք է փաստել, որ դրանից հետո հարևան թուրքադրբեջանական ոտնձգությունները հայկական այդ կերակրատեսակի նկատմամբ դադարեցին: Այսինքն, փառատոնի կազմակերպիչները հասան իրենց նպատակին, և տոլմայի փառատոնը` որպես այդպիսին, բավականին արդյունավետ էր` փաստելու տվյալ կերակրատեսակի հայկական ծագումը: Եվ պատահական չէ, որ ներկայացված 24 տաղավարներում փառատոնի մասնակիցները պատրաստել էին ավելի քան 60 տեսակի տոլմա:

tirar-travel.com