Ժամանակ առաջ, մի առիթով զեկույց էի նախապատրաստում ԽՍՀՄ-ում ծավալված դիմադրական շարժումների մասին։ Զեկույցը ներկայացնելու առիթն այդպես էլ չկայացավ, բայց նյութն արդեն պատրաստ էր ու պետք է հրապարակվի։ Թեման հետաքրքիր է ու կարեւոր։ Խորհրդային շրջանի պատմությունը մարդիկ չգիտեն։ Այդ պատմությունը մեր երեկվա օրն է, բայց մեզ շատ ավելի անհայտ է, քան միջնադարը եւ շատ ավելի քիչ է ուսումնասիրված, քան նույն այդ միջնադարը։
Այն պատմությունը, որ ներկայացվում էր խորհրդային տարիներին եւ այսօր էլ մնացել է մարդկանց հիշողության մեջ, որպես ԽՍՀՄ պատմություն իրականում պատմություն չէր։ Դա ավելի շուտ հորինվածք էր, առասպել։ Դպրոցական կամ բուհական դասագրքերում, հաստափոր պատմական ուսումնասիրություններում ներկայացվում էր բոլորովին էլ ոչ այն, ինչ եղել է, կար ու կա իրականում։ Պատմական դեպքերը մեկնաբանվում էին յուրովի՝ կոմունիստական գաղափարախոսության ու դասակարգային պայքարի տեսանկյունից։ Դա չէր էլ թաքցվում ու պաշտոնապես կոչվում էր պատմության լուսաբանում մարքս-լենինյան ուսմունքի լույսի ներքո։ Արդյունքում աղավաղվում էին դեպքերն ու դեմքերը։ Պատմությունից բացի, դասակարգային պայքարի տեսանկյունից եւ մարքս-լենինյան ուսմունքին համահունչ էին ուսումնասիրվում նաեւ գիտության այլ ճյուղեր։ Գիտությանն ընդհանրապես եւ հատկապես պատմությանը ցուցաբերված այս կամայական մոտեցումը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ լվանալ մարդկանց ուղեղները, կերտել չմտածող ու չքննարկող, դոգմաներով առաջնորդվող ու դոգմաներով ապրող մարդկանց հասարակարգ։
Հակահերոսները ներկայացվում էին որպես հերոսներ, պարտությունները՝ որպես ձեռքբերումներ, եղած ձեռքբերումներն էլ շաղախված էին լինում մարդկային արյամբ։ Ընդհանրապես մարդկային կյանքը խորհրդային իշխանության եւ նրանց գաղափարախոսության տեսանկյունից որեւէ արժեք չէր ներկայացնում։ Հանուն աներեւույթ ու վերացական համընդհանուր երջանկության, հանուն հեքիաթային լուսավոր ապագայի, որ նրանք կոմունիզմ էին կոչում, ոչինչ չասող ու դատարկ կարգախոսների հնչյունների ներքո, առանց ափսոսանքի զգացումի, զոհաբերվում էին միլիոնավոր կյանքեր։ Այն, ինչին կարելի էր հասնել վաղը փոքրիկ զոհողությունների գնով կամ առանց զոհերի՝ խորհրդային երկիրն իրագործում էր այսօր ու մեծ զոհողություններուվ։
Այս երկիրն սկսեց իր պատմությունը «կարմիր տեռորով», որ պաշտոնապես հայտարարվեց 1918 թվականին ու այդպես էլ՝ մինչեւ իր անփառունակ վախճանը, շարունակվեց։ Սեփական քաղաքացիների նկատմամբ կիրառվող համատարած բռնություններով ու հալածանքներով խորհրդային երկիրը կարելի է դասել մարդկության պատմության մեջ եղած ամենադաժան ու ամենամարդատյաց երկրների շարքին։
Բնական է, որ կիրառվող համատարած բռնությունները չէին կարող դիմադրության չհանդիպել։ Խորհրդային երկրի գոյության ողջ ընթացքում դրա դեմ ուղղված ուժեղ կամ թույլ դիմադրություն միշտ էլ եղել է, ու այս հրապարակումն այդ դիմադրությունների մասին է։
Խորհրդային երկրի կազմում եղել են հանրապետություններ, որտեղ խորհրդային իշխանությունների դեմ սկիզբ առած դիմադրությունները չեն դադարել, եղել են անընդհատ ու ժամանակի ընթացքում ձեւափոխվելով վերաճել են այլախոհական շարժման։ Եղել են նաեւ հանրապետություններ, որտեղ այդ դիմադրությունները ժամանակին ճնշվելուց հետո ավարտվել են ու որեւէ կերպ այլեւս չեն դրսեւորվել։
Օրինակ, Միջին Ասիայում, որը դեռ բաժանված չէր հանրապետությունների եւ Թուրքեստան անվամբ մեկ ընդհանուր տարածքային միավոր էր (ազգային հանրապետությունների բաժանումը տեղի ունեցավ 1924-1925թթ․), 1917թ․հեղափոխությունից անմիջապես հետո սկիզբ առավ զինված բասմաչական հզոր դիմադրական շարժում, որի վերջին բեկորների հետ խորհրդային ուժերը մինչեւ 1930-ականների վերջը մարտական գործողություններ են վարել։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ բասմաչական շարժումն իր հիմքում ուներ ե՛ւ ամուր կրոնական, ե՛ւ քաղաքական բաղադրիչներ, իր վերջնական պարտությունից հետո ասպարեզից հեռացավ եւ խորհրդային իշխանությունների դեմ պայքարի այլ դրսեւորման չվերաճեց։
Ադրբեջանում նույնպես մուսաֆաթականների պարտությունից եւ կոլեկտիվացման շրջանում եղած դիմադրությունից հետո քաղաքական պայքարի այլ դրսեւորումներ չեն գրանցվել գործող իշխանության դեմ։
Ամբողջությամբ՝ hetq.am