Դատարան է ուղարկվել Ջերմուկ քաղաքի բնակչի մահվան դեպքով հարուցված քրեական գործը։
Մանկաբարձ-գինեկոլոգին, ով ընդգրկված է եղել շտապօգնության ֆելդշերական բրիգադի կազմում՝ որպես բժիշկ, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հերթապահություն իրականացնելիս շտապ օգնության կանչով Ջերմուկ քաղաքի բնակչին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է բնակչի մահը:
Ըստ մեղադրանքի՝ կանչով ժամանել է Ջերմուկ քաղաքի բնակչի տուն, որտեղ հիվանդից տեղեկացել է, որ վերջինս սրտի շրջանում ունի ցավեր և ցանկանում է անցնել էլեկտրասրտագրության հետազոտություն: Առանց գործիքային ստուգում՝ էլեկտրասրտագրություն կատարելու, որից հետո միայն հնարավոր կլիներ, ըստ ցուցումների, գնահատել դեղորայքային ներարկում կատարելու անհրաժեշտությունը, որպես տվյալ կանչի պատասխանատու՝ բուժքրոջը ցուցում է տվել կատարել դեղորայքային ներարկում: Հիվանդն ու նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են հիվանդի՝ դեղորայքից ալերգիկ լինելու մասին:
Ըստ մեղադրանքի՝ բժիշկը, անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, տեսնելով հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը, որի պայմաններում հակացուցված է եղել ներարկում կատարելը, հիվանդին շտապ օգնություն ցուցաբերելու ընթացքում բուժքրոջը կրկին ոչ իրավաչափ ցուցում է տվել՝ կատարելու ներարկում: Բուժքույրը բժշկի ցուցումով հիվանդին կատարել է դեղերի կոմբինացված ներարկում, որոնք, սակայն, իրենց համակցությամբ՝ մեկը ներարկիչով ներարկելը եղել է ոչ ցանկալի: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի մոտ առաջացել է շոկային վիճակ, նա կորցրել է գիտակցությունը:
Ըստ մեղադրանքի՝ հիվանդի մոտ շոկային վիճակ առաջացնելուց հետո նրա այդ վիճակից հանելուն և նրա կյանքը փրկելուն ուղղված միջոցառումներն իրականացնելիս նույնպես բժիշկը դրսևորել է անփույթ վերաբերմունք, ձեռնարկել է ոչ ճիշտ և ոչ լիարժեք միջոցառումներ: Մասնավորապես, իմանալով հիվանդի ալերգիկ վիճակի մասին և գնահատելով անաֆիլակտիկ շոկի առաջացման հնարավորությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի պահանջները, առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում, ինչը բուժքրոջ կողմից կատարվել է:
Ներարկումների արդյունքում առաջացած անաֆիլակտիկ շոկի հետևանքով հիվանդը րոպեներ անց մահացել է:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։