«Բոլորը տեղերում մնան». ինչպես էր ահաբեկիչն ուզում օդանավ առևանգել Հայաստանից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Բոլորը տեղերում մնան». ինչպես էր ահաբեկիչն ուզում օդանավ առևանգել Հայաստանից. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մի դրվագ է պատմում, թե ինչպես է ահաբեկիչը փորձել Երևանից Թուրքիան մեկնող օդանավն առևանգել, բայց նրան խանգարել է հայ բորտուղեկցորդուհին:

«Իզվեստիայի» տեղեկատվական բաժնի խմբագիր Գեորգի Մելիքյանցն անկեղծ խոստովանեց. «Գրի’ր, բայց, հավանաբար, թույլ չեն տա հրապարակել հոդվածը»: «Ինչպե՞ս թե, չէ՞ որ սխրանք է»: «Փոքր երեխա՞ ես, ի՞նչ է», — զարմացավ Մելիքյանցը:

Ամեն դեպքում ես գրեցի: Հոդվածն, այնուամենայնիվ, չհրապարակեցին: Ինչո՞ւ:

Որովհետև այն ժամանակ տարօրինակ բաներ էին կատարվում: Մի կողմից խորհրդային հասարակ մարդու սխրանքն էր, որը շատ լավ էր: Մյուս կողմից` էլի խորհրդային ու էլի հասարակ մարդը, որ փորձում էր առևանգել օդանավն ու փախչել արտասահման: Եվ դա շատ վատ էր: Վատը չհիշեցնելու համար որոշել էին կոծկել ու լռել լավի մասին: Այդպիսով, իր կյանքին վտանգ հասցնելու գնով ողբերգությունը կասեցրած աղջկա մասին գրեթե ոչ մեկը չիմացավ: Իսկ դա ամենավատն էր:

Ինչպե՞ս զարգացան դեպքերը: Ինքնաթիռը թռիչքուղի դուրս եկավ, թափ հավաքեց և արագ վեր սլացավ: Ուղիղ ժամը 12-ն էր:

Բորտուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանն այդ ժամը շատ լավ է հիշում, որովհետև հաշվարկել էր` Երևանից մինչև Բերդ և հակառակ ուղղությամբ մեկ ժամից մի փոքր շատ ժամանակ է պետք: Եվս 40 րոպե էլ` ուղևորներին իջեցնելու համար, այսինքն` ընդհանուր առմամբ` երկու ժամ: Հետևաբար, նա որոշել էր, որ կինոյի երեկոյան ցուցադրությանը կկարողանա հասնել:

«Յակ-40»-ը թափ հավաքեց, բորտուղեկցորդուհին ընթերցեց պարտադիր տեղեկությունը, որը, որպես կանոն ոչ ոք չի լսում, և զբաղեցրեց իր սովորական տեղը: Մի փոքր անց օդաչուի սրահից դուրս եկավ բորտմեխանիկ Այվազյանը, նստեց նրա մոտ և սկսել լրացնել մատյանը: Երևանից մինչև Բերդի շրջկենտրոն սովորական չվերթ էր. նման չվերթեր օդանավի անձնակազմն իրականացրել էր հարյուրավոր անգամ:

Ուղևորները սկսեցին թերթ կարդալ, տարիքով ավելի մեծերը որոշեցին մի փոքր ննջել։ Օդանավի թևի տակ շուտով պիտի երևար Սևանը:

Թռիչքի տասներորդ րոպեն էր: Երբ երկրորդ շարքում նստած կինը բորտուղեկցորդուհուն նշան արեց` մատնացույց անելով դիմացը նստած ուղևորին: Դոլորեսը վեր կացավ տեղից, մոտեցավ կնոջը: Կինը կրկին ցույց տվեց առջևում նստածին: Դոլորեսը մի փոքր առաջ գնաց և հպվեց ուղևորի ուսին: «Ի՞նչ է ձեզ պատահել»: Նրան թվաց, թե մարդը դողէրոցքի մեջ է: Ընկղմվել էր նստարանի մեջ, հագին բարձր օձիքով վերարկու էր, դեմքն ամբողջությամբ ծածկած: Դոլորեսը կրկին թփթփացրեց նրա ուսին` համառորեն փորձելով պարզել` ինչ է պատահել: Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին:

Ուղևորը կտրուկ շրջվեց և բաց արեց վերարկուն, վերարկուի տակ պլաստմասե բալոններ էին:

«Օծանելի՞ք է», — մտածեց Դոլորեսը, բայց այդ պահին տեսավ, որ բալոններից մեկի վրա թել է ամրացրած, որի ծայրը փաթաթված է ուղևորի ցուցամատին:

Ուշադիր նայեց ուղևորի դեմքին և տեսավ, որ քրտինքի կաթիլներով է պատված: Աղջիկը վախեցավ:

— Անձնակազմին փոխանցիր, որ Թուրքիա մեկնի: Հաշվում եմ մինչև 300-ը, ասում եմ «301» և պայթեցնում:

Տղամարդը մի փոքր ձգեց նռնակի թելը: «Մեկ, երկու, երեք, հաշիվը գնաց…»: Դոլորեսը վերադարձավ իր տեղը: Ինքնաթիռի թևի տակ արդեն երևում էր Սևանը: «25, 26…» շարունակում էր հաշվել տղամարդը:

— Միշա, տղաներին հայտնել է պետք, — ասաց Դոլորեսը մեխանիկին:

Միշան վեր կացավ տեղից և շարժվեց դեպի խցիկը:

— Կանգնե’լ — հրամայեց ահաբեկիչը և նրա ոտքերի տակ թուղթ գցեց: — Փոխանցիր հրամանատարին, այնտեղ ամեն ինչ գրված է:

«47, 48…», — ավարտվում էր հատկացված 5 րոպեից առաջինը: «Յակ»-ի օդաչուական խցիկում երեք մարդ կար` օդանավի հրամանատար Սարգսյանը, երկրորդ օդաչու Եփրեմյանն ու հրահանգիչ-օդաչու Խաչատրյանը, որը ոչ միայն կոչումով էր ավագ, այլև տարիքով էր մեծ. հրահանգիչը 25 տարեկան էր:

— Ի՞նչ ենք անելու, հրամանատար, — մեխանիկը գրությունը փոխանցեց Սարգսյանին:

Նամակում գրված էին հետևյալ տողերը. «Ես Ե.Պ.-ն եմ Աշխաբադից, ինձ մոտ 4 կգ պերխլորատ-հիդրազին կա: Հաշվում եմ մինչև 300-ը և պայթեցնում ինքնաթիռը: Պահանջը եթեր փոխանցել»:

— Փոխանցիր` պահանջը կբավարարվի ուղևորների անվտանգության պայմանով: Ուղղություն ենք բռնում դեպի Թուրքիա: Վայրէջք կկատարենք Կարսում:

— Ի՞նչ երաշխիքներ կան — հարցրեց ահաբեկիչը բորտուղեկցորդուհուն:

— Տեղում կտեսնեք, չէ՞ որ պայթեցնել միշտ կհասցնեք:

Տղամարդն ասես մի փոքր հանդարտվեց, ոտքի կանգնեց, ժպտաց և անսպասելիորեն ոտքով հարվածեց բորտուղեկցորդուհու որովայնին:

— Բոլորը տեղերում մնան, — կանգնեցրեց Դոլորեսը տեղից կիսով չափ բարձրացած պապիկին, մինչև վայրէջք կատարելը տեղից վեր չկենալ:

— Անունդ ի՞նչ է, — հարցրեց ահաբեկիչը, — խմել ուզո՞ւմ ես, — շուրթերին մոտեցրեց սպիրտով լի շիշը:

— Ընդհանրապես չեմ խմում, բայց եթե պնդում ես… — Դոլորեսը մի փոքր կում արեց:

Նա որոշեց ստիպել ահաբեկչին վերջին նստարանին նստել. ինքնաթիռի պոչի հատվածում պայթյունն այդքան էլ վտանգավոր չէր լինի:

— Գնանք, խմելուց հետո պետք է մի բան ուտել, խորտիկներ ունեմ այնտեղ:

— Խմի’ր, — ահաբեկիչը կրկին մոտեցրեց շիշը:

Նրանք կողք կողքի նստեցին, ու կարող էր թվալ, թե աղջիկն ու տղան հանգիստ զրուցում են:

… Այդ ընթացքում երկիրը պատրաստվում էր դիմավորել «Յակ»-ին, ինքնաթիռն արդեն մոտ էր օդանավակայանին, ինչի մասին Դոլորեսը կռահեց շասիի բացվելուն բնորոշ ցնցումից: Ներքևում արդեն ծածկել էին կայանատեղիում սառած օդանավերը, մի կողմ էին քաշել բոլոր մեքենաները, իսկ ինքնաթիռն իջնում էր` մի թևից մյուսը երերալով, և դա թույլ չէր տալիս տեսնել, որ ներքևում` «Յակի» տակ, ոչ թե Կարսն էր, այլ Երևանի «Հարավային» օդանավակայանը:

— Օդանավը վայրէջք է կատարում Կարսում, — բոլորը տեղերում մնան մինչև շարժիչն ամբողջությամբ չանջատվի, — հայտարարեց Դոլորեսը: Եվ հայերեն ավելացրեց: — Կանգնելուն պես բոլորն անմիջապես վազեն դեպի ելքը:

— Ի՞նչ ասացիր նրանց: — անհանգստացավ ահաբեկիչը:

— Նույնը: Մեզ մոտ ընդունված է երկու լեզվով հայտարարել:

Ինքնաթիռը դիպավ գետնին, բայց արագությունը նվազեցնելու ժամանակ ոչ թե ուղիղ ընթացավ, այլ կտրուկ զիգզագաձև շարժումներով: Ուղևորները այսուայն կողմ ընկան, Դոլորեսն ընկավ ահաբեկչի վրա, որը չէր կարողանում ամուր կանգնած մնալ, և ամուր սեղմեց նռնակը բռնած նրա ձեռքը: Խցիկում էին արդեն հատուկ նշանակության մարտիները:

Դոլորես Ղազարյանի հետ ծանոթացա դեպքից երկու օր անց: Նստած էինք ավիաջոկատի հրամանատարի գրասենյակում, և նա պատմեց տեղի ունեցածի, ապրումների և իր մասին: Ծնվել էր Կրասնոդարում, ավարտել Լենինականի երաժշտական ուսումնարանը, բայց նախընտրել էր երկինքը:

«Ամուր բնավորություն ունի». նրա մասին խոսելի հակիրճ բնութագրեցին գործընկերներ Աղասիևն ու Բուրկովը: Իսկ հաջորդ առավոտյան օդանավը պատրաստվեց հերթական չվերթին: «Յակ-40»-ը պոկվեց գետնից ու երկինք բարձրացավ: Թռիչքն անցավ առանց միջադեպերի:

armeniasputnik.am