Maison Margiela ֆրանսիական նորաձևության տունն իր MM6 շարքի աշնանային հավաքածուում ներկայացրել է «տատիկի ոճի» երկար բաճկոններ: Այդ մասին հայտնել է WWD-ն:
Ընկերությունը, որի կրեատիվ տնօրենը ներկայում մոդելագործ Ջոն Գալյանոն է, Նյու Յորքում ներկայացրել է կանանց համար աշուն-2018 սեզոնի նոր հավաքածուն: Դրանում մեծ գրպաններով ու կոճակներով և ձեռքի աշխատանքի նմանեցված խոշոր գործվածքով երկար բաճկոնների հետ ներկայացված են շատ երկար ծոպերիզներով տոպեր, oversize կիսաշրջազգեստներ, բարձրակրունկ բոտիլյոններ և գոտիով կաշվե պայուսակներ և այլն:
Հավաքածուում տեղ գտած իրերի գները դեռևս չեն նշվում:
Maison Margiela-ն ֆրանսիական նորաձևության տուն է, որը մասնագիտանում է կանանց ու տղամարդկանց հագուստի, կոշիկի և աքսեսուարների ավանգարդային հավաքածուների արտադրության բնագավառում:
Թողարկում է նաև պարֆյումերիա, կահույք և տնային դեկորի առարկաներ:
Ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին բելգիացի դիզայներ Մարտին Մարժելայի և նրա գործընկեր Ջեննի Մայրենսի կողմից: