Վերջերս մենք գրել էինք այն մասին, թե ինչ թրենդներ են մեզ սպասում գալիք սեզոնին ու ինչ հագուստ է պետք գնել։ Հիմա եկել է զգեստապահարանի ամբողջ ավելորդ և ամենակարևորը՝ ոչ նորաձև պարունակությունը դեն նետելու ժամանակը։
Մորթե ժիլետ
Այս ձմեռը բարեհաճ է մորթու հանդեպ, սակայն ոչ ժիլետի դեպքում։ Եթե դուք հետևում եք Instagram-ում այն աղջիկների հրապարակումներին, որոնք իբրև Փարիզից մորթե ժիլետներով լուսանկարներ են հրապարակում, ապա իմացեք, որ դուք ձեզ համար նորաձևության սխալ գուրու եք ընտրել։ Իմ խորհուրդը ձեզ՝ գնեք ցեցի դեմ միջոց այդ ժիլետների համար ու պահեք դրանք սնդուկի մեջ՝ մինչև ավելի բարենպաստ ժամանակներ կգան։
Ուգգի
Եթե մոտիկ խանութ եք վազում հաց գնելու կամ աղբը թափելու համար փողոց եք դուրս գալիս՝ կարող եք ուգգի հագնել։ Բայց, ահա, դրանցով հանրությանը ներկայանալ հաստատ պետք չէ։ Ուզո՞ւմ եք ոճային տեսք ունենալ՝ ընտրեք բոտֆորտներ կամ կոպիտ նորաձև կոշիկներ։
Լայներիզ գլխարկներ
Նման գլխարկներով դուք գեղեցիկ տեսք կունենաք որևէ գավառային քաղաքում, բայց հաստատ ոչ նորաձև երեկույթի կամ fashion միջոցառման ժամանակ։ Չնայած տեղացի «նորաձև» աղջիկները շարունակում են հենց այդպիսի գլխարկներ հագնել, բայցևայնպես նրանց օրինակին հետևել պետք չէ։ Սեզոնի թրենդն է բերետը կամ էլ բինին։
Մորթե գրպաններով վերարկու
Պաշտոնապես հայտարարում ենք՝ մորթե գրպաններով զգեստներն ու վերարկուներն այլևս նորաձև չեն։ Կանացիությունը մորթու ձևավորումներով ցուցադրելն այն աստիճանի ակտուալ չէ, որ այսօր ոչ մի նորաձև աղջիկ իրեն թույլ չի տա անգամ մտածել նման կերպարի մասին։ Կանացիությունը հագուստի մեջ պետք է արտահայտվի բազմաշերտ ու օվերսայզ հագուստով։ Առանց մորթե գրպանների։
Լեգինս կարճ բաճկոնով
Հակաթրենդների գլխավոր թրենդը, որը հայուհիների կողմից շատ սիրված է, կարճ բաճկոնով լեգինս հագնելն է։ Նորաձևության հարցում նման վրիպակ իրենց կարող են թույլ տալ թերևս միայն Նաոմի Քեմփբելն ու Քիմ Քարդաշյանը, որոնց ներելի է գրեթե ամեն ինչ։ Այդուհանդերձ, ցնցող հետույքի առկայությունը դեռ պատճառ չէ լեգինս հագնելու համար։ Իսկ վագրանախշ լեգինսներով հայուհիներին ես խորհուրդ կտայի ևս մեկ բան նկատի ունենալ՝ չարժե ցուցադրել այն, ինչն ընդունված է թաքցնել, բացի դրանից, շրջապատը չպետք է տեսնի լեգինսի տակից թափանցող Ձեր ներքնազգեստի նախշերը։
style.news.am