Տղամարդիկ կարո՞ղ են օրգազմից ալերգիա ունենալ
Advertisement 1000 x 90

Տղամարդիկ կարո՞ղ են օրգազմից ալերգիա ունենալ

Հետօրգազմային տկարության համախտանիշը տղամարդկանց մոտ կարող է ավելի շատ տարածված լինել, քան համարվում էր նախկինում: Այն պարզապես հազվադեպ է ախտորոշվում, կարծում են գիտնականները: Այս համախտանիշին նվիրված վերլուծությունը ներկայացված է Sexual Medicine Reviews ամսագրում:

Հետօրգազմային տկարության համախտանիշը սերմնաժայթքումից հետո արտահայտվող ֆիզիկական և ճանաչողական ախտանշանների խումբ է, որը ներառում է խոսքի խանգարումներ, հիշողության հետ կապված խնդիրներ, տրամադրության անկում, տեսողության նվազում, գլխացավ, տենդ, քրտնարտադրություն: Առաջին անգամ համախտանիշը հայտնաբերվել է 2002-ին, այսօրվա դրությամբ արձանագրվել է ընդամենը մոտ 50 դեպք:

Հիվանդության հիմնական պատճառը աուտոիմուն կամ ալերգիկ խանգարումն է, կարծում են հետազոտողները: Համախտանիշին նվիրված աշխատանքների վերլուծությունը պարզել է, որ 33 պացիենտներից 29-ը թևի մեջ սեփական սպերմայի ներարկումից ալերգիկ ռեակցիա է ունեցել: Պլացեբոյի ներարկման ժամանակ ռեակցիաներ չեն եղել:

Հիվանդության պատճառների իմացությունը թույլ կտա դրա դեմ պայքարի միջոցներ գտնել: Այսպես, պարբերաբար սեփական սպերմայի՝ աստիճանաբար ավելացվող խտությամբ ներարկումներ ստացող երկու տղամարդ 15 և 31 ամիս անց հայտնել են ախտանշանների նվազման մասին:

Ենթադրվում է նաև, որ խանգարումը կարող է վկայել պացիենտի գլխուղեղում քիմիական նյութերի անհավասարակշռության մասին: Բացի այդ, այս համախտանիշն ունեցող տղամարդկանց կեսից ավելին տառապում են ժամանակից շուտ սերմնաժայթքումից, սակայն այդ երևույթների միջև կապն առայժմ հստակեցված չէ:

med.news.am