Դեկտեմբերի առաջին շաբաթը հագեցած էր հայկական IT ոլորտում: 168.am-ն առանձնացրել է շաբաթվա գլխավոր իրադարձությունները:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Google-ը հրապարակեց տարվա լավագույն հավելվածների անունները: Տասնյակ հավելվածների թվում էին նաև երկու հայկական հավելվածներ՝ PicsArt լուսանկարների խմբագրիչը և Shadowmatic գլուխկոտրուկը:
Google-ը հայկական PicsArt Animator հավելվածը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։ PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա:
Հայկական Shadowmatic խաղը մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Հոնկոնգում. Բրազիլիայում, Մեքսիկայում, Թայվանում, ճանաչվել է ամենաինովացիոն խաղ:
Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղն Android-ի օգտատերերի համար հասանելի դարձավ միայն այս տարվա մարտին: Այն տեղ էր գտել նաև App Store Best of 2015 լավագույն հավելվածների ցանկում՝ որպես լավագույն դիզայնն ունեցող, ինչպես նաև՝ որպես լավագույն նոր խաղ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականին Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies – WCIT): Աշխատանքների համակարգման համար Հայաստանում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։
Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպամն ընթացքում Իվոն Չուին նշել է, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սևան Ստարտափ սամմիթը, որ ամռանը համախմբել էր 1000 մասնակիցների և հյուրերի, դուրս է գալիս միջազգային ասպարեզ:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթի» զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը և հասել 50 հազար դոլարի։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը և ընդգծել, որ կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
«Թի-Էս-Դի» ընկերությունը ներկայացրել է նոր հեռախոս, որը նախատեսված է երեխաների և տարեցների համար: Հեռախոսը շատ պարզ է և ունի 4 հիմնական գործառույթ՝ 4 հեռախոսահամարի զանգելու հնարավորություն, FM ռադիո, MP3 նվագարկիչ և արտակարգ իրավիճակներում SOS ազդանշանային համակարգ:
Հեռախոսը հարմար է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Ընկերությունում նշում են, որ ստեղծել են հեռախոսն իրենց հաճախորդների ցանկությամբ:
«Արմֆոնիկ» կոչվող հեռախոսներն արդեն վաճառքում են: Հեռախոսի արժեք 12,000 դրամ է:
Իսկ այսօր Հայաստանում առաջին անգամ անցկացվում է JavaScript Conference Armenia միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում են ոլորտի 700-ից ավելի մասնագետներ, ինչպես նաև ՏՏ ոլորտի բազում ընկերություններ Հայաստանից և արտերկրից։
Կոնֆերանսը նպատակ ունի Հայատսանում ստեղծել JavaScript-ով աշխատողների համայնք, որտեղ մասնակիցները կկարողանան իրականացնել փորձի փոխանակումներ, կիսվել նոր գաղափարներով և արդյունավետ աշխատանք իրականացնել:
Սիրարփի Աղաբաբյան