2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 172.4 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 969 հազարի դիմաց։ Նախորդ տարվա համեմատ՝ ներգնա զբոսաշրջությունն աճել է 21%-ով։
Հատուկ ընդգծենք՝ խոսքը վերաբերում է ոչ թե այցելուներին (որոնց թիվն ավելի մեծ է), այլ ժամանած այն ուղևորներին, որոնք ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ (տես ծանոթագրությունը)։
Իսկ ո՞ր երկրներից են կատարվում զբոսաշրջային այցելությունները։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքը։ Այդ տվյալները արտացոլում են միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին: Այսինքն՝ այդ բաշխվածության պատկերը լիարժեք չէ, քանի որ այցելուների մի փոքր մասն է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանում։ Սակայն թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել։
Ինչպես տեսնում եք, զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում զբոսաշրջիկների ընդհանուր թվի 19.7%-ը։
Երկրորդ տեղում իրանցի զբոսաշրջիկներն են՝ 15.7%, երրորդում՝ ԱՄՆ-ից ժամանածները՝ 14%։
Նախորդ տարվա համեմատ առանձին երկրների կշիռները որոշակիորեն փոխվել են։
Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ավելացել է 0.5 տոկոսային կետով։ Ամենից շատ՝ 3.7 տոկոսային կետով, աճել է ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Իսկ Իրանից ժամանածների կշիռը նվազել է 2.5 տոկոսային կետով՝ չնայած որ այդ երկրից այցելողների բացարձակ թիվը աճել է մոտ 27%-ով։
Ծանոթագրություն – Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։