Հայկական կինոթանգարանը կլինի կենդանի թանգարան, որտեղ այցելուները կդիտեն ֆիլմեր, կլսեն դասախոսություններ, ինչպես նաև կհանդիպեն կինոգործիչները:
Դեկտեմբերի 14-ին կայացավ կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը:
«Հուզիչ է, որ մեր կինոյի շատ կարևոր մասունքներ հավաքվելու են մեկ հարկի տակ: Կինոթանգարանը չի լինի մեռած, այլ՝ կենդանի, որտեղ ֆիլմեր կվերականգնվեն, դասախոսություններ կլինեն, ֆիլմեր դիտելու համար ևս կհատկացվի փոքրիկ դահլիճ: Դրա շնորհիվ մենք կշարունակենք մեր երազանքը՝ հայկական կինոն մարդկանց հասցնելու »,- ասաց Կինեմատոգրաֆիստների միությաննախագահ Հարություն Խաչատրյանն ու հավելեց՝ աշխատանքները կտևեն մեկ-երկու տարի:
Նրա խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս մեծ ոգևորությամբ է ընդունել կինոթանգարան ստեղծելու գաղափարը:
Ամիրյանը շնորհավորեց կինոթանգարանի բացման աշխատանքների մեկնարկի առթիվ: «Այս թանգարանով մենք ապահովում ենք կինոյի շարունակականությունը: Այն կարող է դառնալ կենդանի թանգարան, որտեղ կինոգործիչները կարող են հանդիպել, քննարկումներ անել, խոսել իրենց ապագա ծրագրերի մասին, հյուրեր ընդունել, փառատոններ անցկացնել, ոգևորել երիտասարդներին: Կարծում ենք՝ այս թանգարանը լինելու է մեր լավագույն թանգարաններից մեկը»,-ասաց նախարարն ու հավելեց՝ մեկ կամ երկու տարի հետո կունենանք հրաշալի թանգարան, որով կկարողանանք հպարտանալ աշխարհում:
Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրենք արխիվում ստուգել են, թե ինչ իրեր կան, որոնք կարող են խոսել կինոյի պատմության մասին, և իսկապես եղել են շատ ցուցանմուշներ:
Թանգարանում կցուցադրվի մոտ 100-120 կարևոր նմուշ, մնացածը կլինեն վիրտուալ: Թանգարանը կգործի կինեմատոգրաֆիստների միության շենքում: Ստեղծմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, նաև Քաղաքաշինության պետական կոմիտեն:
Ցուցադրվեցին հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական լեգենդար կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» նկարահանող տեխնիկա, արխիվային եզակի նյութեր և այլն: Դրանցում ներառված էր նաև այն տեսախցիկը, որով նկարահանվել է Աղասի Այվազյանի «Վառված լապտեր» գեղարվեստական ֆիլմը: Իր արխիվից իրեր էր բերել նաև կինոօպերատոր Լևոն Աթոյանը:
«Այսօր կոչի առաջին օրն է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, նվիրեն թանգարանին»,-եզրափակեց Հարություն Խաչատրյանը: