Այս հագուստը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է». Արևիկ Գևորգյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս հագուստը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է». Արևիկ Գևորգյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն. life.tert.am

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը որոշել է ներկայանալ որպես դիզայներ և թողարկել է հագուստի իր հավաքածուն։ Նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները Արևիկը վստահել է Tert.am Life-ին և պատմել, որ մասնագիտությունը նոր չէ իր համար, քանի որ առաջին մասնագիտությամբ նկարիչ–դիզայներ է։ Նա նշեց, որ հայրն էլ նկարիչ է։ Մեծանալով նկարչի ընտանիքում` մանկուց նկարել է։ Արևիկի հավաքածուն անմիջականորեն կապված է նկարչության հետ, քանի որ նա այն թողարկել է իր իսկ նկարած պրինտներով։ Արևիկի հավաքածուն ֆոտոշարքով ներկայացրել են ինքն ու դերասանուհի Եվա Զոհրաբյանը։

«Քանի որ նկարելն ինձ ավելի մոտ է, իմ հագուստներն էլ անմիջական կապ ունեն նկարչության հետ այնքան, որ  կարելի է ուսերից հանել և կախել պատից։ Մինչև այս հագուստի հավաքածու թողարկելու մասին չէի մտածում։ Ավելի շատ նկարում էի շարֆերի վրա` բատիկա, սակայն դրանք չէի դիտարկում վաճառքի տեսանկյունից։ Երևի թե, ազատ ժամանակս նպաստեց, որպեսզի սկսեմ ստեղծագործել։ Մեղրամսի ընթացքում, երբ ես ու ամուսինս շրջագայում էինք, շատ ոգեշնչվեցի։ Կարծում եմ` բոլոր դիզայներներն էլ ոգեշնչվում են այն երկրներից, որտեղ լինում են։ Սեպտեմբերին սկսեց հասունանալ միտքս, փորձեցի շատ արագ նախապատրաստվել ձմռանը, քանի որ մտահղացումս վերարկուներին էր վերաբերում,- ասաց նա ու հավելեց, որ բրենդի համար ընտրել է DIZIZ անունը։ -Այն երկու նշանակություն ունի` թարգմավում է որպես «Վարակ», քանի որ գաղափարն ինձ համար վարակիչ էր և «Սա է»»:

Յուրաքանչյուր դիզայներ թելադրում է իր ոճը։ Արևիկն իր հավաքածուով կոչ է անում վառ հագնվել` այդպիսով գունավորելով սեփական կյանքը։ «Իմ հագուստն ավելի շատ խորհրդի կարգով է ներկայացված։ Ես ուզում եմ, որ մարդիկ շատ վառ հագնվեն, իրենց կյանքը լցնեն վառ գույներով։ Մեր երկրում ինձ պակասում են գույները։ Շատ հայ դիզայներներ փորձում են կոտրել մռայլ գույների կարծրատիպը և փոփոխություն կա։ Առավելապես ձմռան ամիսներին մեզ պակասում են վառ գույները։ Իմ հագուստն ունի  բնավորություն, որը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է»,– նշեց դերասանուհին, ապա հավելեց, որ հագուստի առաջին գիծը ներկայացնում է  փոփարտ ուղղվածությամբ։

Արևիկը նշեց, որ իր պրինտների թեման սերն ու հարաբերություններն են, քանի որ այդ մասին կարելի է անվերջ ստեղծագործել։ «Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ առաջնայինը սերն է։ Իմ հագուստներն ամբողջովին պրինտ է։ Նկարները չեն գունաթափվում, քանի որ ներկվում են հիմնաթելերը։ Ես պատվիրում եմ բրդյա կտոր, որը 50 տոկոսով բուրդ է, 50 տոկոսով` բամբակ, իմ նկարած նկարներով ստեղծում ենք պատկերներ, որոնք պրինտ ենք անում կտորի վրա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը` Արևիկը նշեց, որ փորձում է մնալ գնային միջին սանդղակում. «Սկզբում ընդհանրապես չէի մտածում գնային քաղաքականության մասին, քանի որ շատ էմոցիոնալ եմ, շատ էի վարակված գաղափարով։ Հետո սկսեցի փորփրել շուկան և հասկացա, որ հայկական շուկայում չկա միջինացված արժեք։ Կամ շատ էժան է, կամ շատ թանկ։ Ես միջինացված գնային քաղաքականություն եմ վարում։ Օրինակ, բրդյա վերարկուները կլինեն 100-150 հազար դրամ։ Դա բավականին մատչելի է` հաշվի առնելով, որ դիզայներական աշխատանք է»:

Ըստ Արևիկի` ինքը հիմա չի մտածում բրենդի շահութաբերության մասին։ «Սա մի քիչ ռիսկային քայլ էր ինձ համար, քանի որ ես այս ամենի մեջ ներդրել եմ մեծ չափով էներգիա և ժամանակ։ Ես դեռ չեմ մտածում շահույթի մասին, քանի որ հաճույք եմ ստանում այն ստեղծելուց։ Ես հաճույք եմ ստանում, երբ իմ հագուստը տեսնում եմ ինչ–որ մեկի հագին։ Ինձ կայացած եմ զգում, որ կարողացել եմ ինչ–որ մեկին գույն տալ։ Ֆինանսական շահույթի մասին վաղ է խոսել։ Վաճառքի քանակից է կախված շահույթ կունենաս, թե ոչ։ Այս պահին սա իմ ստեղծագործությունն է»,– նկատեց Արևիկը։

Ինչ վերաբերում է շոու բիզնեսում դիզայներ դառնալու տենդենցին, Արևիկը համաձայնեց, որ շոու բիզնեսում «մոդայիկ» է դարձել դիզայների մասնագիտությունը, սակայն նկատեց, որ այն այլևս շահավետ չէ։ «Նորաձևությունը, կարծես, արագ սնունդ լինի, տենդենցները շատ արագ փոխվում են։ Մեծ էներգիա և եռանդ ես ծախսում դրա վրա։ Ինձ համար իկոնա չէ, որ ես էլ եմ  զբաղվում դիզայներությամբ։ Եթե դու որոշում ես մտնել դրա մեջ, պետք է ունենաս կոնկրետ բնավորություն  և ասելիք։ Իմ հագուստն ունի կոնկրետ ուղղվածություն։ Այն ստանդարտ մոտիվներով չէ։ Նորաձևությունը տաբու չէ։ Հիմա նորաձևությունն է ծառայում մեզ,  մենք այնքան չենք հետևում նորաձևությանը, որքան նորաձևությունն է հետևում մեզ։ Մենք կարող  ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք»,– շեշտեց դերասանուհին։

life.tert.am