Ռուբեն Շուխյանը պարբերաբար Facebook-ի իր էջում ներկայացնում է Երևանի գողտրիկ անկյունները, հուշարձաններն ու այլ քաղաքային մշակույթի նմուշների պատմությունը:
Արդյո՞ք մենք լավ գիտենք Երևանի տարբեր վայրերում տեղադրված արձանները: Կարծում եմ, որ ոչ: Ներկայացնենք Կարապի լճի հարակից տարածքում գտնվող և «Մեղեդի» կոչվող արձանը: Ալյումինից պատրաստված այս գեղեցիկ արձանը տեղադրվել է 1965-ին, իսկ նրա հեղինակը քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, լուսահոգի Սարգիս Բաղդասարյանն է՝ առավելապես հայտնի Արցախում կանգնեցված իր «Մենք ենք, մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով:
«Մեղեդի» արձանը շատերին կհիշեցնի իրենց մանկության տարիները՝ ժամանակին սա երեխաների լուսանկարվելու ամենասիրված վայրն էր: 1990-ականների սկզբին, Ազատության հրապարակի բազմահազարանոց ցույցերի ժամանակ, հետո էլ՝ մութ ու ցուրտ տարիներին արձանը բավականին վնասվել էր: Այդ իսկ պատճառով այն տեղափոխվեց քանդակագործի արհեստանոց՝ նախնական տեսքը վերականգնելու նպատակով, որից հետո նորից տեղադրվեց նույն տեղում:
Սակայն ներկայումս արձանը սեղմված է նորաթուխ սրճարանների աքցանում և դրա պատճառով կորցրել է իր առաջվա գրավչությունը: Չէ որ ի սկզբանե, ճարտարապետական նախնական մտահղացմամբ, այս տեղանքը լրիվ բաց ու ազատ է եղել, իսկ այժմ, փաստորեն, արձանի հարակից ողջ բնապատկերը խախտված է: Եթե հնարավոր չէ մաքրել այդ սրճարանները, գուցե արձանը մի փոքր տեղափոխել ճեմուղուց դեպի աջ, Կարապի լճի կղզու դիմացի հատվածը՝ այնտեղ տարածքը բաց է, և արձանն այս վայրում կարող է շատ ավելի շահեկան դիրքում լինել, քան հիմա է: