Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան տեսակետը Արմեն Աշոտյանի հոդվածի վերաբերյալ.
«Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի “Ռազմավարական խորություն” գիրքը կարդալուց հետո մի տեսակ նախանձով լցվեցի, որ Թուրքիայի արտգործնախարարը ակադեմիական լուրջ բազա ունի, ու հասկացա, թե ինչու նրա նշանակվելու օրը արևմտյան լրատվամիջոցները նրան ներկայացրին որպես թուրքական Հենրի Քիսինջեր:
Իհարկե, բացարձակ համադրելի չէ նրա գրած մենագրությունը Armen Ashotyan այս հանրամատչելի հոդվածի հետ, բայց հաճելի է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահը համարձակվում է գիտական-փորձագիտական ու հասարակական լայն շրջանակների հետ կիսվել իր մտորումներով՝ հոդվածի տեսքով: Խոսելով ռազմավարական խորության տեսության մասին, նա իրավամաբ ճիշտ է, որ դա որպես հայեցակարգ հատկապես որդեգրում են կայսերական նկրտումներով կամ կիսապատերազմական վիճակում գտնվող պետությունները: Բայց գոնե ինձ համար հաճելի նորամուծություն էր, որ այդ կոնցեպտը կարող է որդեգրվել նաև Սփյուռք ունեցող պետությունների կողմից: Կիսապատերազմական վիճակում գտվելու առումով Հայաստանը անշուշտ համապատասխանում է նման կոնցեպտ ունենալու չափանիշներին: Բայց ինքս միայն դա բավարար չէի համարում:
Եվ ահա ուրախ եմ, որ Աշոտյանը երկրորդ պարամետրն է բերում, որը ոչ միայն խելքին մոտ է, այլ հենց ինքն է: Նամանավանդ, բազում առումներով ասիմետրիկ (միաբևեռության, ժողովրդավարության, հարստության բաշխման ու զարգացման առումներով ու պարամետրերով և այլն) դարձած աշխարհում հայությունն ինքն է ասիմետրիկ՝ նրա 1/3-ը ապրում է Հայաստանում, 2/3-րդը՝ Հայաստանից դուրս:
Հետևաբար, մեթոդաբանորեն միանգամայն հիմնավոր կլինի նման ստրատեգիական հայեցակարգ մշակելը:
Մի քիչ գրախոսության նման բան ստացվեց, բայց մարդ մեկ-մեկ կարոտում է, որ ինչ-որ պաշտոնյա լուրջ հոդված գրի, մենք՝ փորձագետներս էլ հեռակա զրույց ծավալենք առաջարկված գաղափարի շուրջ՝ համաձայնելով կամ չհամաձայնելով: Այնպես որ հետաքրքիր միտում է, ու պետք է շարունակել: Քանի որ Արմեն Աշոտյանը արդեն ձեռնոց է նետել մեզ՝ փորձագետներիս, հայտարարում եմ, որ այն անձամբ ընդունում եմ և տոնական օրերից հետո գորգի վրա հրավիրում՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ավելի հանգամանորեն ներկայացնելու ու բանավիճելու համար»: