Մինչ շատ ընկերություններ նախատեսում են ստեղծել թռչող մեքենաներ և օգտագործել դրանք՝ որպես օդային տաքսի, ավստրալացիները պատրաստվում են իրականացնել թռչող մեքենաների խելահեղ մրցավազք:
Ավստրալական Alauda ստարտափի 5 ինժեներներ ցանկանում են ստեղծել մրցավազքի նոր տեսակ: Հատուկ դրա համար նրանք ստեղծել են Airspeeder Mark I էլեկտրական միատեղ ինքնաթիռը: Այս նախագծի շուրջ թիմն աշխատում է արդեն 2 տարի:
Airspeeder Mark I-ը մեծ կվադրոկոպտեր է, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերի մեծ տարբերակը:
Նշվում է, որ առաջին փորձնական մրցավազքերը կիրականանան 2018 թվականի առաջին կեսին: Այդ մրցավազքին կմասնակցեն 2 մեքենաներ: 2020 թվականին նախատեսվում է իրականացնել Գրան պրի:
Նախագծի հեղինակները նշում են, որ Airspeeder-ը պետք է դառնա Ֆորմուլա 1-ի տարատեսակ:
Հիմա ստարտափերները փնտրում են պրոֆեսիոնալ օդաչուների, ովքեր կկարողանան կառավարել թռչող մեքենաները:
Սիրարփի Աղաբաբյան