Տարոսիկների խորհուրդը
Advertisement 1000 x 90

Տարոսիկների խորհուրդը

Տարոսիկները ձեռքի եւ մտքի արդյունք են, որոնք պարտադիր լինում են հարսանյաց, մկրտության եւ նման այլ տոնական արարողություններում:  Հարսանյաց կամ մկրտության տարոսիկները մեր օրերում չափազանց շատ են տարածված: Առաջինը խորհրդանշում է քաղցրություն, իսկ երկրորդը` օրհնանք: Մի դեպքում հարսանյաց հանդեսի հյուրը (ով ստացել է տարոսիկ) տուն է բերում քաղցրություն, իսկ մկրտության դեպքում` օրհնանք: 

Շատերը երկար տարիներ տան մի անկյունում կամ դարակում խնամքով պահում են այս տարոսիկները` չփորձելով հրաժարվել հիշողություններից ու վառ տպավորություններից:

Տարոսիկների գներն այսօր տատանողական են` յուրաքանչյուրն արժե 1.100-1.800 ՀՀ դրամ, գումարի չափը պայմանավորված է գույնով, չափսերով, նյութերի որակով եւ ձեռքի` մանրակրկիտ աշխատանքով:

Սեդա Հակոբյանը պատմում է, որ տարոսիկների պատրաստմամբ զբաղվել է շատ պատահական` 2017 թվականի սկզբից, երբ քրոջ որդու հարսանիքի նախօրեին չի կարողացել հարմար տարոսիներ գնել:

«Նախ ուսումնասիրեցի համացանցում տարածված տարոսիկների նմուշներն ու նոր մտահղացմամբ սկսեցի պատրաստել, եւ նորույթ եղավ, բոլորը հավանեցին»,-պատմում է նա:

Սեդա Հակոբյանը մասնագիտությամբ տեխնոլոգ է, հագուստի եւ կաշվե իրերի մասնագետ, տարոսիկների պատրաստման զբաղմունքն իր համար բավական հետաքրքիր է:

Թեպետ Սեդայի տարոսիկներով Հայաստանում շատ են հետաքրքրվում, հավանողները բազմաթիվ են, այնուհանդերձ պատվիրատուներն Հայաստանի բնակիչները չեն: Ռուսաստանի տարբեր քաղաքներ` Դոնի-Ռոստով, Մոսկվա եւ այլուր արդեն հասել են նրա պատրաստած տարոսիկները:

«Համբերատարություն, մտքի թռիչք, գույների, կտորի նուրբ ընտրություն, ճիշտ համադրում »,-Սեդան թվարկում է տարոսիկներ պատրաստելու հիմնական պահանջները:

Տարոսիկները ձեռքի աշխատանք են, ամեն մի տարր միացվում, անջատվում, կարվում, համադրվում է միայն ձեռքով:

Սեդան պատմում է նաեւ, որ 24 ժամում հնարավոր է համբերատար պատրաստել 20 տարոսիկ:

Անի Մկրտչյան
asparez.am