Steptohealth.ru-ն գրում է, որ ավելորդ քաշից ազատվելու համար խորհուրդ է տրվում շտկել սննդակարգը և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Սպորտով զբաղվելու ընթացքում մեծ քանակով էներգիա է ծախսում, բարձրանում է տրամադրությունը, լավանում առողջությունը։ Օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիաներ այրել, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց առողջությանը վնասելու։ Ի՞նչ անել, եթե ժամանակ չունեք սպորտով զբաղվելու համար։
Շատ ջուր խմեք
Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում մեծանում է ծախսվող էներգիայի քանակը։ Երբ ջուր ենք խմում, օրգանիզմի համար ավելի հեշտ է դառնում դուրս բերել ավելորդ հեղուկն ու տոքսինները։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 լիտր ջուր օգտագործել։
Մի կրճատեք օգտագործվող կալորիաների քանակը
Կարծում եք, թե հարկավոր է ավելի քի՞չ կալորիաներ ընդունել՝ էներգիայի ծախսը մեծացնելու համար։ Դա այդպես չէ։ Հակառակը, ցածր կալորիականությամբ դիետաների հետևանքով քաշից ազատվելն ավելի բարդ է դառնում։
Ճիշտ ճարպեր ընտրեք
Մոռացեք ան տարածված տեսակետը, թե ճարպերը վնասակար են առողջության համար։ Գոյություն ունեն ճարպեր, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար և որոնք օգնում են ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Ճարպերի որոշ տեսակներ խթանում են նյութափոխանակությունը և ակտիվորեն օգտագործվում օրգանիզմի կողմից։ Մյուս կողմից՝ ճարպերի որոշ տեսակներ պարզապես կուտակվում են մարմնի տարբեր հատվածներում։ Օգտակար ճարպեր պարունակում են.
- ձուկը
- ձուն
- ավոկադոն
- ընդեղենը
- հատիկավորները
- բուսական յուղը
- միսը։
Սննդակարգ ներառեք կայենյան պղպեղ
Սա նիհարելու արդյունավետ միջոց է։ Դրա օգնությամբ օրգանիզմը սկսում է ավելի շատ ճարպեր և կալորիաներ այրել։
Իմբիրով թուրմ խմեք
Իմբիրը կարող է արագացնել նյութափոխանակությունը, բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը։
Ուշադրություն դարձրեք կոկոսի յուղին
Կոկոսի յուղը, անխոս, դասվում է օգտակար ճարպերի ցանկին։ Դրա շնորհիվ օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիաներ այրել։
Ավելի շատ բանջարեղեն օգտագործեք
Այս դեպքում հետաքրքիր է այն հանգամանքը, որ օրգանիզմը բանջարեղենի վերամշակման համար ավելի շատ էներգիա է ծախսում, քան դրանք կալորիաներ են պարունակում։
Սնվեք հավասարակշռված՝ օրվա ընթացքում մի քանի անգամ
Եթե ցանկանում եք ավելի շատ կալորիաներ ծախսել և հագեցնել սովի մշտական զգացումը, որով ուղեկցվում է սխալ սննդակարգը, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում սնվել մի քանի անգամ։
Զգույշ եղեք խթանող հատկություն ունեցող ըմպելիք օգտագործելիս
Այնպիսի ըմպելիքը, ինչպիսիք են կոլան, սուրճը, կարող են խթանել նյութափոխանակությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ դրանք գրգռող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա։ Դրանց շատ օգտագործումը կարող է նյարդային լարվածության, սրտի զարկերի արագացման և անքնության պատճառ դառնալ։
Լավ հանգստացեք
Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ուրեմն պետք է լավ հանգստանաք։ Լիարժեք քունը պարտադիր է՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Այն հարկավոր է օրգանիզմին՝ վերականգնվելու համար։ Քնի անբավարար քանակն ազդում է նյարդային համակարգի վրա, իսկ էներգիայի պակասը հանգեցնում է ախորժակի բարձրացման։ Արդյունքում՝ սկսում ենք ավելի շատ ուտել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը