Խորհուրդ կտամ տոներին մաքսիմում բնական տեսք ունեցող հարդարումներ անել. Ոճաբան
Advertisement 1000 x 90

Խորհուրդ կտամ տոներին մաքսիմում բնական տեսք ունեցող հարդարումներ անել. Ոճաբան

Ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր խորհուրդներն է տվել Ամանորին գեղեցիկ տեսք ունենալու համար:

Մեր զրուցակիցը նախ խոսեց 2018-ին մազերի թրենդային գույների մասին:

«Գալիք տարվա գլխավորող գույները տաք երանգներն են: Հատկապես շատ ակտուալ են մանուշակագույնի բոլոր երանգները, ինչպես նաև կարմիրի ողջ ներկապնակը: Ասեմ, որ գունաներկումները քիչ-քիչ հեռանում են նորաձևությունից, իսկ առաջիկայում նորաձև են համարվելու միագույն վառ երանգները, օրինակ` վառ բալագույնը, շոկոլադի գույնը, կամ տաք կարմիրը»,- նշեց նա:

Խոսելով տոներին գեղեցիկ ու համահունչ սանրվածքներ ունենալու մասին` Սվետլանան հորդորեց` յուրաքանչյուր պարագայում շեշտը դնել բնական տեսք ունենալու վրա:

«Խորհուրդ կտամ տոներին մաքսիմում բնական տեսք ունեցող հարդարումներ անել, որոնք մի քանի օր կծառայեն: Օրինակ` ակտուալ են վարսահարդարման արդուկով արված բնական ալիքները, որոնք շատ երկար են պահպանում իրենց տեսքը, ընդորում դրանք դիմացկուն են անգամ շատ բարակ և չենթարկվող մազերին: Շատ գեղեցիկ են նաև հյուսքերով հարդարումները, որոնք շարունակում են նորաձև լինել ինչպես ալիքների, այնպես էլ այլ հարդարումների հետ»:

Ոճաբանի խոսքով` 2018-ին նորաձև կլինեն գլխազարդերը, որոնք կարելի է նաև տոնական օրերին կրել:

«2017-ի վերջից սկսվեցին գլխազարդերի տենդենցը: Դրանք գերիշխում են սովորական աքսեսուարներին: Այս տարի գլխազարդերի շարքում հիթ են համարվում երևացող անտեսանելիները (невидимка), որոնք կարելի է տարբեր կերպ կրել»,- նշեց նա:

Դե իսկ վերջում, ոճաբան-վարսահարդարը տոների կապակցությամբ շնորհավորելիս` իր մասնագիտությանը հատուկ բարեմաղթանք հղեց.

«Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորիս մաղթում եմ լավ տարի և առողջ ու փարթամ վարսեր»:

life.panorama.am