Սեռական ակտի ժամանակ կարող են լինել ցավի զգացողությունների շատ պատճառներ՝ բորբոքային պրոցեսներից մինչև ուռուցքային հիվանդություններ: Ցավերի պատճառները վերջնականապես կարող է պարզել միայն մասնագետը:
Բորբոքային հիվանդություններ
Սեռական ակտի ժամանակ ցավերը կարող են պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների և հեշտոցի ինֆեկցիոն բորբոքային պրոցեսով: Դրանից բացի ցավերի պատճառ կարող է լինել ձվարանների և արգանդի ելունդների բորբոքումը. այսպիսի դեպքում կինը մղկտացնող ցավ կզգա փորի տակ, բացառված չէ նաև, որ նրան կանհանգստացնի բարձր ջերմությունը:
Չարորակ նորագոյացություններ
Արգանդի վզիկի քաղցկեղը առաջին փուլերում իրեն զգացնել չի տալիս, սակայն արդեն 3-4-րդ փուլերում այն սեռական ակտի ժամանակ ցավեր կառաջացնի: Դրանից բացի, այսպիսի քաղցկեղի դեպքում կինը կարող է սեքսից հետո սեռական ուղիներից արյունախառն կամ մուգ շագանակագույն արտադրություն ունենալ:
Որոշ դեպքերում սեռական ակտի ժամանակ ցավերի պատճառ կարող են լինել ձվարանների ուռուցքները և կիստաները: Հանգիստ վիճակում կնոջը կարող են անհանգստացնել նաև աջ կամ ձախ զստային հատվածում մղկտացնող կամ բութ ցավերը:
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզի դեպքում էնդոմետրիայի բջիջները աճում են ատիպիկ տեղերում՝ արգանդի մկանային շերտում, ձվարաններում, որովայնային խոռոչում և այլն: Որոշ դեպքերում էնդոմետրիոզի օջախների տեղադրությունից կախված կինը կարող է սեռական ակտի ժամանակ ցավեր ունենալ:
Հեշտոցի չորություն
Սեռական ակտի ժամանակ ցավերի ևս մեկ պատճառ է հեշտոցի չորությունը: Կարող են լինել չորության շատ պատճառներ՝ հորմոնալ խափանումներ, հակադեպրեսանտների կամ հակաբեղմնավորման հաբերի ընդունում, կրծքով կերակրում, դաշտանադադար:
Եթե սեռական ակտի ժամանակ ցավեր եք ունենում, անպայման մասնագետի հետ խորհրդակցեք՝ պարզելու համար դրանց իսկական պատճառը և անհրաժեշտության դեպքում խորհուրդներ և նշանակումներ ստանալու:
med.news.am