2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամն ամփոփեց «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները, որտեղ «Երևանյան լիճ սմարթ պարկ» զբաղեցրեց երրորդ տեղը՝ արժանանալով 5000 դոլար մրցանակի: Մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ծրագրի համահեղինակ Սոնա Թելունցի հետ:
Խորհրդանշական երեկոն
Երևանյան լճի բարեկարգման ծրագրի «մեղավորը» դարձավ խորհրդանշական երեկոն, երբ լճի հակառակ ափին հայտնված Սոնա Թելունցին և Զորի Մկրտիչյանին այնքան հմայեց այնտեղից բացվող տեսարանը, որ միանշանակ որոշեցին. տարածքը պետք է բարեկարգվի:
«Ցանկացած եվրոպական քաղաքում կա կա՛մ գետ, կա՛մ ջրային տարածք, որը շատ գեղեցիկ է մատուցվում: Ինչո՞ւ ոչ՝ նման պոտենցիալ ունի նաև Երևանյան լիճը»,- կայքի հետ զրույցում ասում է գաղափարի համահեղինակ Սոնա Թելունցը:
Բացի այդ, նրանք նկատել են, որ տարբեր քաղաքներում փորձում են այգիները դասական՝ կանաչ գոտուց վերածել եկամուտ գեներացնող հարթակների: Իսկ նման հարթակների ստեղծման մեջ իր շահերն ունի թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը, և թե՛ համայնքը:
Գաղափարն ավելի իրատեսական հիմքերի վրա դնելու համար օգնության հասավ «Ձևափոխի՛ր» մրցույթը: Մոտ երկու ամիս լճի շրջակայքն ուսումնասիրելուց, լուսանկարելուց, չափել-ձևելուց հետո որոշեցին՝ հենց լճի տարածքի բարեկարգման ծրագրով էլ կմասնակցեն մրցույթին:
Ութը մեկում
Ծրագրի իրականացման համար ընտրվել է Երևանյան լճին հարող 10 հա հարթ տարածքը՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ:
Առաջարկվում է նշված տարածքում հիմնել 8 թիրախային գոտի, այդ թվում՝ շահույթ հետապնդող օբյեկտներ և այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են հանրության ակտիվության բարձրացմանը:
Մասնավորապես, նախատեսվում է լճի մակերևույթի վրա «տեղադրել» շրջանաձև ապակեպատ ռեստորան, որտեղից 360 աստիճան տեսարան կբացվի քաղաքի վրա: Այգին կունենա նաև սպորտային գոտի, որտեղ վարձակալության կտրվեն տարբեր մարզասարքեր, ինչպես նաև բացօթյա աշխատանքային գոտի (co-working), ընտանեկան գոտի, դիտակետ՝ թռչունների թռիչքին հետևելու համար, այսպես կոչված «ռոմանտիկ գոտի»՝ նախատեսված ֆոտոսեսիաների համար, իսկ այգու կենտրոնական հրապարակը կօգտագործվի փառատոնների և տարբեր բնույթի միջոցառումների համար: Լճի խիստ աղտոտվածության պատճառով՝ միակ ջրային ծառայությունը, որ հնարավոր է մատուցել, նավարկությունն է, որը կլինի հերթական թիրախային կետը:
«Պարտադիր չէ, որ բոլոր թիրախային կետերը եկամուտ հետապնդեն. կան կետեր, որ այցելու են բերում, կան կետեր, որ եկամուտ են բերում: Այսինքն, այգին դառնում է մի կենդանի օրգանիզմ»,- պարզաբանում է Սոնա Թելունցը:
Այս ամենին զուգահեռ՝ ծրագիրը նպատակ ունի լուծել բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ կրճատել Երևանյան լճի՝ ահռելի չափերի հասնող աղտոտվածությունը: Բնապահպանների հետ խորհրդակցելուց հետո որոշել են լճի վրա «տեղադրել» այսպես կոչված լողացող հողակտորներ (floading wetland):
«Դա պլատֆորմ է, որը ջրի վրա լողում է, իսկ վրան բույսեր են աճում: Բույսերն արմատներով կլանում են ջրի վնասակար նյութերը և ֆոտոսինթեզի միջոցով հեռացնում դրանք: Դա նաև դեկորատիվ շատ գեղեցիկ տեսք ունի և թռչունների համար հանդիսանում է կերակրման գոտի»,- պարզաբանում է Սոնա Թելունցը:
Վիկտորյա Անդրեասյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: