Չնայած տղամարդիկ ֆիզիկապես կանանցից ավելի ուժեղ են, իրականում կանայք ավելի դիմացկուն են և կենսունակ. դրա շնորհիվ նրանք ծանր՝ սովի և համաճարակների ժամանակներում ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեն, քան տղամարդիկ:
Ինչպես փոխանցում է The Deccan Chronicle-ը, նոր հետազոտության շրջանակում գիտնականները գնահատել են ծանր ժամանակներում տղամարդկանց և կանանց մահացությունը: Նրանք պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրել, և սա կապված էր ծանր պայմաններում նրանց կենսունակության մեծ հավանականության հետ: Այսպես՝ Իռլանդիայում Մեծ կարտոֆիլային սովից հետո տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը նվազել է մինչև 18,17 տարի, իսկ կանանց մոտ՝ մինչև 22,4 տարի: Մասնագետները նաև պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են մինչև խոր ծերություն ապրել: Դրանից բացի, նորածին աղջիները սովի և համաճարակների տարիներին ավելի հաճախ են ողջ մնացել, քան նորածին տղաները:
Գիտնականների կարծիքով՝ ամբողջ հարցը սեռական հորմոնների մեջ է: Հայտնի է, որ իգական էստրոգեն հորմոնը անոթները պաշտպանում է, իսկ արական տեստոստերոնը ավելցուկային քանակության դեպքում մեծացնում է որոշ մահացու հիվանդությունների վտանգը:
Հետազոտողները նաև նշել են, որ դժվար իրավիճակներում կանայք հազվադեպ են հանձնվում: Կյանքի տևողության տարբերությունը մեծացնում է նաև վտանգների հանդեպ տղամարդկանց հակվածությունը. նրանք ավելի շատ են ծխում, ավելի շատ ալկոհոլ են օգտագործում և հաճախ անտեսում են երթևեկության անվտանգության կանոնները:
med.news.am