Հովհաննես Թումանյանն ուներ 10 զավակ՝ 4 որդի, 6 դուստր: Նա երազում էր 100 թոռով սեղան նստել: Ցավոք, մեծ պոետի երազանքը չիրականացավ, իսկ նրա բոլոր որդիները ողբերգական վախճան ունեցան:
Ավագ որդին՝ Արտավազդը, զոհվեց 1918 թվականին 24 տարեկանում, Վանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Որդու մահը ծանր ազդեց Թումանյանի վրա և արագացրեց նրա հիվանդությունը: 1923 թվականին բանաստեղծը վախճանվեց՝ չտեսնելով մյուս 3 որդիների՝ Մուշեղի, Համլիկի և Արեգի մահը, որոնք դարձան խորհրդային ռեժիմի զոհ:
Տասնամյակներ շարունակ Թումանյանի որդիների մահվան հանգամանքները գաղտնի էին պահվում, և միայն Խորհրդային Միության փլուզումից հետո հնարավոր եղավ որոշ մանրամասներ բացահայտել: Իսկ բոլորովին վերջերս՝ 2017 թվականին, Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ Թումանյանի որդիներից Արեգի դստեր՝ Սուրմա Թումանյանի գիրքը հոր՝ Արեգի մասին (“И только через много лет” или “В поисках прошлого”):
Այն բացահայտում է Թումանյանի կրտսեր որդու կարճ, բայց պայքարով, հումանիստական գաղափարներով ու երազանքներով լի կյանքը, նվիրումը կոմունիստական կուսակցությանը և ողբերգական վախճանը նույն կուսակցության կամքով: Արեգ Թումանյանի մասին հիմնական տեղեկությունը, որ հասանելի է համացանցում, հետևյալն է. «Ծնվել է 1900 թ., Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ:
1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին` գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման»:
Սուրման ծնվել է 1931 թվականին և ընդամենը 6 տարեկան է եղել, երբ հորն աքսորել են: Սակայն նա ողջ կյանքում փորձել է հասկանալ, թե ով է իր հայրը, ինչ հետագիծ է թողել և ինչու է արժանացել նման վախճանի: Տասնամյակներ շարունակ կաթիլ առ կաթիլ հավաքելով հոր մասին փաստագրական նյութեր՝ նա ամփոփել է հոր կյանքը 128 էջանոց գրքում՝ ցանկանալով անվանի գերդաստանի ու իր հոր պատմությունը հավաստի տվյալներով թողնել իր երեխաներին, թոռներին ու ծոռներին։ Նա նաև ուզում է, որ գիրքը տարածում գտնի Հայաստանում, այդ նպատակով որոշ խմբաքանակ ուղարկել է նաև Հայաստան։
2017 թ. դեկտեմբերի վերջին Թումանյանի թանգարանում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ գիրքը ներկայացվել է մեր հանրությանը: Արեգ Թումանյանի մասին տեղեկություններ հավաքելու գործում Սուրմա Թումանյանին օգնել է վավերագրող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը, որը Հայաստանի պետական արխիվում ուսումնասիրություններ է արել։
«Օրինակ՝ ոչ ոք չգիտեր, որ Արեգ Թումանյանը ցարական կառավարությունից ստացել է Գեորգիևյան խաչ: Խորհրդային տարիներին այդ մասին չի ասվել: Կամ չէին ասում, որ Արեգը զոհվել է, պաշտոնապես նա համարվում էր անհետ կորած, և միայն 90-ականներին, երբ Ռուսաստանի արխիվները բացվեցին, հայտնի դարձավ, որ նրան գնդակահարել են: Ի դեպ, այդ արխիվները հետո նորից փակեցին»,- ասում է Գագիկ Հարությունյանը:
Երբ Սուրմայի ընտանիքը ձեռնամուխ է լինում Արեգ Թումանյանի ճակատագրի ամբողջական բացահայտման գործին, շատ բան է պարզում, այդ թվում և նրա գնդակահարման վայրը:
«Դա Մոսկվայում է, Յագոդայի նախկին ամառանոցի տարածքում: 2014-ին մենք գնացինք այնտեղ, նկարահանումներ կատարեցինք և հուշատախտակ փակցրինք»,- պատմում է ռեժիսորը:
Նախկին ամառանոցի տարածքը, որտեղ տեղի են ունեցել ոչ միայն Թումանյանի որդու, այլև հարյուրավոր այլ մարդկանց գնդակահարություններ, այժմ եղբայրական գերեզմանոցի է վերածվել: Տարածքի ծառերի վրա փակցված են զոհերի լուսանկարներով և նրանց մասին տեղեկություններով հուշատախտակներ:
Նման մի հուշատախտակ էլ Արեգ Թումանյանի հիշատակին է փակցվում, որի վրա ռուսերեն գրված է.
«Արեգ Հովհաննեսի Թումանյան (1899-1938), հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումյանյանի որդին, Կենտկոմի գյուղատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ:
Ձերբակալվել է 1937 թ. հուլիսի 4-ին: Գնդակահարվել է 1938 թվականի հունիսի 14-ին: Արդարացվել է 1955 թ. մայիսի 28-ին»: