Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ։ Որոշ դեպքերում անգամ հանդիսանում են վարկառու, իրենց անուններով վարկեր են ձևակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։
Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ ավել, ոչ պակաս Ազգային անվտանգության ծառայության Սյունքիի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն է՝ Արաքսյա Ղասումյանը և քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը։
Ամեն բան սկսվել է նրանից, երբ գորիսեցիներից մեկը «Ամերիաբանկ»-ից ցանկացել է վարկ վերցնել, համապատասխան թղթերը ներկայացրել է, և երբ պետք է արդեն վարկը հաստատվեր, պարզվել է, որ վարկը մերժվել է, իսկ պատճառն այն է, որ ինքն արդեն հանդիսանում է «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված մի վարկի երաշխավոր, որը չի մարվել։ Քաղաքացին տարբեր գրություններ է ուղարկել վարկային կազմակերպության տնօրինությանը, խորհրդի անդամներին, սակայն առանձնապես պատասխան չի ստացել։
Մեկ անգամ միայն վարկային կազմակերպության տնօրենն է պատասխանել՝ հորդորելով, խնդրելով ձեռնպահ մնալ բողոքներ ներկայացնելուց, քանի որ իրենք պատրաստակամ են պատժելու մեղավորներին։ Տուժած քաղաքացիները որոշում են սպասել, սակայն մի օր էլ պարզում են, որ իրենց բնակարանները, գույքը կալանքի տակ է, որից հետո բողոքներ են ներկայացնում իրավապահ մարմիններին, բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվում, որը սակայն առանձնապես արդյունք չի տալիս։ Այնքան է ձգձգվում, որ վաղեմության հիմքով քրեական գործը քննիչ Արման Մանուչարյանի կողմից կարճվում է, իսկ տուժած քաղաքացիները ճանաչվում են որպես երաշխավոր և պարտավորվում են վճարելու վարկային գումարը։
Տուժած գորիսեցիների խոսքերով, սակայն, սա աբսուրդ է, քանի որ իրենք երբևէ, որևէ առնչություն չեն ունեցել այդ վարկերի հետ, բայց չգիտես ինչպես՝ իրենց ստորագրությունները, անձնական տվյալները հայտնվել են այդ գործում և իրենք ձևակերպվել են որպես երաշխավորի։ Եվ քրեական գործի քննության ընթացքում էլ փորձագետը տուժածներից մի քանիսի մասով եզրակացություն է տվել, որ ստորագրությունները կեղծված են, իսկ կան քաղաքացիներ, որոնց ստորագրությունը փորձագետը հաստատված է համարել։
Կոնկրետ մի գորիսեցու դեպքում, երբ նրա ստորագրությունը փորձագետը հաստատված է համարել և իբր նրա երաշխավորությամբ 7500 ԱՄՆ դոլար վարկը ձևակերպված է Արաքսյա Ղասումյանի անունով, որը, ինչպես արդեն նշեցինք, ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն է։
Եղել են դեպքեր նաև, երբ տվյալ վարկառուները քաղաքացիներին համոզել են իրենց անուններով վարկեր ձևակերպել, որը պետք է վարկառուն փակի, սակայն ընթացքում վերցված վարկն այդպես էլ չի մարվել։ Այսինքն՝ վերը նշված պաշտոնյայի ընտանիքի անդամներից տարբեր պահանջներով բողոքներ կան, որոնք անարձագանք են մնացել և իրավական հետևանք չեն ունեցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ներկայումս քննվում է միայն մի քանի համայնքապետերի մասով քրեական գործը, ովքեր վարկառուներին կեղծ տեղեկանքներ են տրամադրել, որոնցով հաստատվել է, որ տվյալ անձինք հանդիսանում են այս կամ այն գույքի սեփականատեր, ունեն, ասենք՝ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 10 հատ խոզ, 25 մեղվաընտանիք։ Այս մասով գործը դեռևս քննվում է, իսկ կոնկերտ տուժած գորիսեցիների գործերը հիմնականում կարճվել են։ Այդ գործերից մեկով, սակայն, տուժած քաղաքացու պաշտպանը բողոքարկել է քննիչի՝ գործը կարճելու որոշումը։ Այս գործը, չգիտես ինչու, քննվելու է Ստեփանակերտի դատարանում։ Առաջիկա օրերին նիստ կնշանակվի։
Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում վարկատու տիկնայք, որպես արարքի հիմնավորում, նշել են, որ վարկը վերցրել են իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով, սակայն այս կանայք անցած տարվա հունվարին, վարկը վեցնելուց անմիջապես հետո, հայտարարություն են ներկայացրել իրենց բիզնեսը դադարեցնելու համար, իսկ օգոստոս ամսին արդեն առհասարակ լուծարել են բիզնեսը։ Սա ևս փաստում է, որ ոչ մի բիզնես ընդլայնելու մտադրություն էլ չի եղել։ Պարզապես նրանք մտադրված, վարկային կազմակերպության ղեկավարության իմացությամբ գնացել են նման քայլի։
Ամբողջությամբ՝ 1in.am