Դեկտեմբերի 16-ին Գյումրու Անի թաղամասում գտնվող «Վիկտորիա» հարսանյաց սրահից, որտեղ օպերատոր Հայկ Հակոբյանը հարսանիք է նկարահանել, գողություն է կատարվել․ անծանոթ անձը, մտել է երաժիշտների համար նախատեսված սրահ՝ քրքրել կախված հագուստների գրպանները ու Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից տարել 450 հազար դրամ։ Հարսանյաց սրահի տեսախցիկներն արձանագրել են կատարվածը․ ակնհայտ երևում է գողություն կատարած անձի դեմքը։
Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկզբում դիմել է հարսանյաց սրահի տնօրինությանը, տեսախցիկների ժապավենը հանել ու տեսել, որ հարսանիքավորների հետ ոչ մի կապ չունեցող անծանոթ մի երիտասարդ մտնում է շենքից ներս, բարձրանում երկրորդ հարկ, մտնում զուգարան, հետո հարսանյաց սրահ, օղի է խմում ու սկսում քրքրել երաժիշտների համար նախատեսված սրահում գտնվող վերարկուների գրպանները։ Ոչ մեկի գրպանից փող չգտնելով՝ հանկարծ 450 հազար դրամ է հայտնաբերում Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից։
«Ես այդ գումարը բանկից վերցրել եմ վարկով հենց նույն օրը՝ ժամը 14․30-ի սահմանում։ Այդ նույն օրը ժամը 9․30 դիմել եմ ոստիկանության «Մուշ» բաժին՝ իմ հետ տանելով տեսանկարահանումը, թե ինչպես է կատարվում գողությունը, ցույց եմ տվել, թե ով է գողություն կատարող անձը։ «Մուշ» բաժինը երկրորդ օրն արդեն իսկ պաշտոնապես ձեռք էր բերել այդ տեսաժապավենը հարսանյաց սրահից։Աբսուրդն այն է, որ որոնողական աշխատանք կատարելիս «Մուշ» բաժնից գողություն կատարած անձի հետ կապվել են հեռախոսով, նրան ոստիկանություն են հրավիրել հեռախոսազանգով։ Առաջին անգամ եմ իմանում, որ գողին հեռախոսով ասում են, թե արի, որ քեզ բռնենք։ Նա էլ ոստիկանների հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ ինքն է գողություն կատարած անձը, պարտավորվել է ներկայանալ ոստիկանություն, սակայն չի ներկայացել։ Խնդրեմ այն փաստաթուղթը, որի մի օրինակը ստացել եմ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանից (տես լուսանկարում)։
Ստացվում է, որ գողություն կատարած անձի հասցեն գիտեն, վերջինս խոստովանում է, որ ինքն է գողը, սակայն ոստիկանությունն այդպես էլ չի կարողանում բռնել գողին։ Բնական է, որ նա չպիտի գար ոստիկանություն․ գողի հասցեն պարզ է, հեռախոսահամարը կա ու թողնում են իր հայեցողությանը, հա՞, եկավ, եկավ, չէ, թող չգա, ի՞նչ է եղել, ի՞նչ է սա նշանակում, ո՞ւմ են ձեռ առնում․․․ 10 օր հետո ինձ զանգում են ոստիկանությունից, թե բողոք ունե՞ս, որ ուղարկենք քննչական։ Ասացի՝ իմ բողոքը չի փոխվում։ Ինձ բազմիցս հասկացրել են՝ հույս չունենամ, թե գողությունը կբացահայտվի, միանգամից ասին՝ գիտես կնոջ հետ զագսված չէ ու վարձով են ապրում, կինն էլ պետական համակարգի աշխատակից է։ Ես չեմ հասկանում նման հովանավորչական վերաբերմունքը։ Հիմա գործը ուղարկվել է քննչական, ես անընդհատ գնում ու գալիս եմ։
Ամբողջական հոդվածը` aravot.am