Սափիոսեքսուալություն. որոշ մարդկանց գրգռում է զուգընկերոջ ինտելեկտը
Advertisement 1000 x 90

Սափիոսեքսուալություն. որոշ մարդկանց գրգռում է զուգընկերոջ ինտելեկտը

Երկրի վրա գրեթե յուրաքանչյուր 10-րդ մարդը «սափիոսեքսուալ» է, այսինքն՝ մարդ, որը ինտելեկտը համարում է զուգընկերոջ առավել գրավիչ սեքսուալ առանձնահատկությունը: Վերջերս կատարած իրենց հետազոտությամբ այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել University of Western Australia-ի գիտնականները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց շարքերում սափիոսեքսուալները հավասար թիվ ունեն, իսկ IQ-ի մոտ 120 ցուցանիշը համարվել է ինտելեկտի ամենագրավիչ մակարդակը: Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ժիլ Ժինյակը կարծում է, որ սափիոսեքսուալիզմը իրական սեռական կողմնորոշում է, որը գոյություն ունի բնակչության ոչ մեծ խմբի շրջանակում՝ պոպուլյացիայի 10 տոկոսից ոչ ավելի:

Սափիոսեքսուալներն այն մարդիկ են, որոնց սեքսուալապես ինտելեկտն ավելի ուժգին է գրավում, քան զուգընկերոջ ցանկացած այլ հատկություն: Ըստ որում՝ սափիոսեքսուալների համար բարձր ինտելեկտը ոչ միայն զուգընկերոջ ցանկալի հատկանիշն է, այլ հենց սեռական գրգռում է առաջացնում: Այն դեպքում, երբ 10-ից 9-ը նախընտրում է նրբիրան, մեծ կրծքով կամ լիքը մկաններով զուգընկերոջ, սափիոսեքսուալները գրգռվում են ոչ թե զուգընկերոջ արտաքին տվյալներից, այլ նրա մտավոր որակներից:

Հետազոտողներն ուսումնասիրել են 18-ից 35 տարեկան 383 մարդու ռոմանտիկ և սեքսուալ նախընտրությունները: Փորձի մասնակիցներին խնդրել են 1-ից մինչև 5 մակարդակ ունեցող սանդղակով գնահատել սեռական գրգռման մակարդակը, որը նրանք զգում են զուգընկերոջ որոշակի հատկանիշների դեպքում: Պարզվել է, որ զուգընկերոջ սեքսուալ հատկանիշների թվում առաջին տեղում են բարությունն ու ըմբռնումը, հետաքրքրություն առաջացնելու ունակությունը, ինչպես նաև հավասարակշռված հանգիստ բնավորությունը: Մինչդեռ մարդկանց մեծամասնությունն ինտելեկտի նկատմամբ զգալի սեքսուալ հետաքրքրություն չի դրսաևորել, փորձի մասնակիցների ոչ մեծ խումբն է արձագանքել հենց այս հատկանիշին:

Ինտելեկտի բարձր մակարդակը գրգռել է փորձի մասնակիցների 8 տոկոսից ոչ ավելիին, ըստ որում՝ IQ-ի առավել ցանկալի մակարդակն է 120 ցուցանիշը: Պոտենցիալ զուգընկերոջ IQ-ի մակարդակի աճին զուգահեռ (121-ից մինչև 135) նրա գրավչությունը նվազել է. ինտելեկտուալ նման գործակիցը փորձի մասնակիցներին չափից բարձր է թվացել սեքսուալ ձգտում առաջացնելու համար:

Հետաքրքիր է, որ մարդու ինտելեկտի բարձր մակարդակը (ստուգված IQ-ի ստանդարտ թեստերի միջոցով) ամենևին չի նշանակում, որ նա սափիոսեքսուալ է: Համենայնդեպս, փորձի ընթացքում սովորական և բարձր IQ-ով փորձարկվողները «սափիոսեքսուալության» հատկանիշների դրսևորման հավասար հնարավորություններ ունեին:

Երկրի բնակչության համար IQ-ի միջին ցուցանիշ է համարվում մոտ 100-ը, իսկ 120-ը միջինից զգալիորեն բարձր մակարդակ է: Բնակչության ընդամենը 2 տոկոսն ունի IQ-ի մոտ 140 մակարդակ, և այսպիսի մարդիկ անդամակցում են ինտելեկտի բարձր մակարդակով մարդկանց փակ միությանը՝ Mensa-ին:

med.news.am