Հեռավոր 90-ականներում Երևանում «Երիտասարդական» հյուրանոցի (2006 թվականին քանդած «Կուկուռուզնիկի» շենքը) համարներից մեկում փոքրիկ աղջիկ էին գտնել: Փոքրիկին լքել էին:
Որոշ ժամանակ անց հյուրանոցում թողած աղջկա մասին իմացան Օլգա և Բագրատ Ճրագյան ամուսինները, որոնք երեխաներ չունեին: Օլգան այն ժամանակ աշխատում էր «Hayastan» խմբագրությունում, իսկ ամուսինն աշխղեկ էր: Կնոջ խոսքով` մի օր Սուսաննա անունով իրենց ծանոթը զանգահարեց և հայտնեց, որ հյուրանոցում ծծկեր երեխա են թողել:
«Վատառողջ լինելու պատճառով աղջկան տեղափոխեցին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Մենք անմիջապես գնացինք այնտեղ: Իսկապես, հիվանդ նորածին երեխային թողել էին հյուրանոցի 216 համարում, հարևան սենյակի կենվորը շտապօգնություն էր զանգահարել, և նրան հիվանդանոց էին տեղափոխել: 1993 թվականի սեպտեմբերի 4-ն էր, ժամը 14:10: Նորածին աղջկա տարիքը բժիշկները հստակ չկարողացան որոշել, ասացին, որ նա մոտավորապես ութ ամսական է: Երեխան 5,5 կգ էր կշռում», — պատմում է Օլգան:
Ամուսինները սկսեցին ձևակերպել փաստաթղթերը, գնացին Մյասնիկյանի շրջգործկոմ, թույլտվություն ստացան:
«Մենք ոչինչ չգիտեինք նրա մասին, ես գնում էի շրջգործկոմ, փորձում էի պարզել, թե ովքեր են նրա ծնողները, սակայն ինձ այդպես էլ հստակ պատասխան չտվեցին: Չինովնիկներից մեկն ինձ հարցրեց. «Ուզո՞ւմ ես աղջկան վերցնել»: «Այո», —ասացի: «Դե վերցրու»:
Նոյեմբերի 1-ին՝ ծննդյանս 40-ամյակի օրը, երեխային տվեցին մեզ: Անունը Սուսաննա դրեցինք՝ ի պատիվ այն ծանոթի, որը մեզ հայտնել էր նրա մասին», — պատմում է կինը:
Երբ Սուսաննան (Սյուզին) երկու տարեկան էր, խորթ հայրը հանկարծամահ եղավ: Որոշ ժամանակ անց Օլգան, որը մորական կողմից հայ էր, իսկ հորական կողմից հրեա, դստեր հետ Իսրայել մեկնեց, որտեղ էլ մեծացրեց ու դաստիարակեց նրան: Աղջիկն արվեստի մասնավոր դպրոց էր հաճախում, այնուհետև ծառայությունն ավարտեց բանակում, իսկ այսօր բարձրագույն կրթություն է ստանում: Այս ամենի հետ մեկտեղ, Սյուզին շատ է ցանկանում գտնել իր կենսաբանական մորը, ում մի շարք հարցեր ունի ուղղելու:
«Սյուզին շուտով 25 տարեկան է դառնալու: Ես նրանից չեմ թաքցրել, որ մենք նրան որդեգրել ենք: Այստեղ` Իսրայելում, ընդունված է երեխային ամեն ինչ անկեղծ պատմելը… Այսօր նա պատրաստվում է ամուսնանալ, սակայն նրան հարցեր են տանջում: Ուզում է իմանալ, թե ովքեր են իր ծնողները, ինչու են լքել նրան: Նա ասում է. «Մայրիկ, ես պետք է տեսնեմ այդ կնոջ աչքերը, պետք է հասկանամ, ինչու է այդպես վարվել»: Սյուզին շատ խելացի է, կարդացած, հետաքրքրի, երաժշտասեր:
Նա հիանալի ծառայություն է անցել բանակում, մի շարք պատվոգրեր ստացել: Այժմ բարձրագույն կրթություն է ստանում «Ահաբեկչության դեմ պայքար» մասնագիտությամբ: Նրան կենսաբանական ծնողներից ոչինչ պետք չէ, պարզապես նա ցանկանում է լրացնել այդ «բացը»: Բացի այդ, այժմ, երբ նա ուզում է ընտանիք ստեղծել, պետք է իմանա իր գեների մասին: Այնպես որ հարցը շատ սուր է դրված», — ասում է Օլգան:
Անցյալ տարվա հոկտեմբերին նրանք եկել էին Հայաստան, փորձել են տեղեկություններ ստանալ: Նրանց հաջողվել է որոշակի արխիվային տվյալներ ստանալ, սակայն դեռ որևէ կոնկրետ տեղեկություն այդպես էլ չի հաջողվել իմանալ: Փաստաբան են վարձել՝ ՆԳՆ-ի արխիվներին հասանելիություն ստանալու համար, սակայն գերատեսչությունից պատասխանել էին, որ նման տվյալներ չունեն:
«Համոզված եմ, որ այն ժամանակ գործով զբաղվել է ոստիկանությունը, չէ՞ որ բացառիկ դեպք էր, հայերն իրենց երեխաներին չեն լքում: Հավանաբար, նրանք գնացել են, փորձել են պարզել, թե ով էր ապրում այդ համարում: Սակայն ՆԳՆ-ն մեզ տվյալներ չտվեց: Կարծում եմ՝ արդյունավետ կլիներ գտնել հյուրանոցի տնօրենին: Ամեն դեպքում, ես կփորձեմ անել հնարավոր ամեն բան դստերս ցանկությունը կատարելու համար: Ուզում եմ գնալ մինչև վերջ», — ասում է Օլգան:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am