Նախօրեին Արայի լեռ բարձրանալու ժամանակ տուժած Էդգար Նավասարդյանի ընկերները նախաձեռնել են նրա վիրահատության և բուժման համար միջոցների հավաքագրում։ Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը վրդովմունք է առաջացրել օգտատերերի շրջանում, թե ինչու դժբախտ պատահարի զոհ դարձած արշավականի բուժման ծախսերը չի վճարվում պետպատվերով։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը պարզաբանել է, որ այդպիսի դեպքերում պետությունը բուժման ծախսերը մասամբ է վճարում և գործում է համավճարի սկզբունքը։ Այս պարագայում, 600-700 հազար դրամ արժողությամբ վիրահատության համար պետությունը վճարում է գումարի կեսը, իսկ մյուս կեսը պետք է պացիենտը վճարի։ Միաժամանակ, Արսեն Գրիգորյանը հավելել է, որ հիվանդանոցն իր հերթին կարող է զեղչեր անել վիրահատության համար։ Փոխտնօրենը բացատրել է, որ թանկ արժի ոչ թե վիրահատությունը, այլ օրթոպեդիկ կոնստրուկցիաները։ Դրանց համար պետությունը ընդհանրապես չի վճարում։ Էդգարին անհրաժեշտ կոնստրուկցիաների ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 900 000 դրամ։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների միության փոխնախագահ Յաշա Սոլոմոնյանը, որն էլ արել է միջոցների հավաքագրման շուրջ հրապարակումը, նշել է, որ չի ունեցել ոչ մի մտադրություն բարձրացնել պետպատվերի հարցը։ Նա պարզապես ցանկանում էր օգնել իր ընկերոջ ընտանիքին, քանի որ, ինչպես իրեն ասել են, վիրահատության համար անհրաժեշտ կլինի մոտ 3000 դոլար։ Սակայն, նրա հրապարակումը իր կամքից անկախ բարձրացրել է Առողջապահության նախարարությանը ուղղված մի շարք հարցեր։
NEWS.am Medicine-ի խմբագրությունը վերջին ժամանակներս առաջին անգամ չէ, որ նման խնդրի է բախվում։ Այդ խնդիրը կար նաև Աշտարակի կամուրջից նետված, բայց ողջ մնացած Անուշ Չ․-ի դեպքում։ Մեզ էր դիմել նաև ձեռքը կոտրած 11-ամյա տղայի ընտանքիը, որը նպաստ է ստանում և նրանց հասնում է պետպատվեր։ Բայց պետպատվերը չէր ծածկում իմպլանտի արժեքը, որն արժեր 300 000 դրամ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց սոցիալապես անապահով ընտանիքին այդքան գումար։
Առողջապահության պետական գործակալությունից մեզ դեռ Անուշի դեպքով հայտնել էին, որ նա սոցիալապես անապահով չէ, ուստի անհետաձգելի բուժման միայն կեսն է վճարվում պետության կողմից։ Նույն խնդիրն է Էդգար Նավասարդյանի դեպքում։ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ այսպիսի դեպքերում գործում է համավճարի սկզբունքը, իսկ կոնստրուկցիաների համար պետությունը չի վճարում ոչ մի դեպքում, քանի որ չկա այդքան գումար։ «Նման դրույթ չկա։ Որպես կանոն, նման դեպքում հովանավոր են փնտրում։ Հիմա եթե մարդու ընկերները որոշել են օգնել, ապա պետք է ողջունել այդ»,-ասել է նա։
Նշենք, որ Անուշ Չ․-ի բուժման ծախսերը իր վրա էր վերցրել «Իզմիրլյան» ԲԿ-ն։ Էդգարի համար իր ընկերներն են հավաքում գումարը։ Այդ դեպքում, ինչու՞ է պետությունը հայտարարում, որ անհետաձգելի բուժումը մեր մոտ անվճար է, անհասականալի է մնում։