Ճապոնացիների գնահատականն է։ Նայդանի ստեղծագործությունները շատ հոգեհարազատ էին ճապոնական դասական գեղագիտությանը, գրում է ռուս գրող Դմիտրի Շևարովը. «Ճապոնացիները մինչ օրս չեն մոռացել Նայդանին, շարունակում են բացիկներ հրատարակել նրա նկարներով»։ Ըստ Շևարովի՝ Ռուսաստան այցելող ճապոնացիներն ամեն անգամ զարմանում են, որ Ռուշևայի անվան ցուցասրահ-թանգարան չկա նրա հայրենիքում, և երիտասարդների մեծ մասը նույնիսկ չի լսել նրա անունը. «Բայց չէ՞ որ նա ձեր գեղանկարչության Մոցարտն է, – տարակուսում են՝ ուսերը թոթվելով, թե էս ինչքան շատ տաղանդներ ունեն ռուսները, որ նույնիսկ իրենց հանճարներին են մոռանում»։
Նայդանը ծնվել է (1952-1969) Ուլան Բատորում։ Մի օր մոսկվացի թատերական նկարիչ Նիկոլայ Ռուշևին գործուղում են Մոնղոլիա։ Այստեղ նա սիրահարվում է տուվինյան բալետի առաջին պարուհի Նատալյա Աջիկմաային։ Ամուսնանում են և Նայդանի ծնվելուց մի քանի ամիս անց փոխադրվում Մոսկվա։
Հինգ տարեկանից նկարում էր ամեն օր։ 5-րդ դասարանում էր, երբ բացվեց առաջին անհատական ցուցահանդեսը։ Հինգ տարվա ընթացքում տարբեր երկրներում նրա ցուցահանդեսների թիվը հասնում է 15-ի, փողոցում նրան ճանաչում են, հարցազրույցներ են վերցնում, բայց Նայդանն «աստղային» հիվանդությամբ չի վարակվում։ Սովորական ուրախ-կատակասեր երեխա էր, հրաշամանուկին բնորոշ տարօրինակություններով աչքի չէր ընկնում, ինքնամփոփ չէր. դաս էր սովորում, հուզվում էր, եթե ցածր գնահատական էր ստանում, չառլսթոն էր պարում, սահում էր դահուկ-չմուշկներով։ Ու նկարում էր։ Եվ հենց նստում էր նկարելու, լռում էր ու լրջանում, այլոց անհայտ աշխարհում էր հայտնվում։ Ասում էր. «Ում նկարում եմ, նրանց կյանքն եմ վերապրում»։
Նկարչական կրթություն չի ստացել։ Թուղթն էր, մատիտը, Նայդանը և նրա անթիվ-անհամար գծանկարները։ Ծնողները պատմում են, որ երբեք նախապես ուրվագծեր չի արել, նկարել է միանգամից, առանց ռետինի միջամտության։ Չհավանած գծանկարը չի փորձել շտկել, դեն է նետել ու մաքուր թղթի վրա նորից է սկսել նկարել։ «Նախապես տեսնում եմ նրանց։ Նշմարվում են թղթի վրա ջրանիշերի նման, ես ընդամենը գծում եմ տեսածս», – ասում էր Նայդանը։
Երբ դեռ կարդալ չգիտեր, երեկոները հայրն էր իր դստրիկի համար հեքիաթներ կարդում։ Նայդանը լսում էր ու ընթացքում շարունակ նկարում էր հոր կարդացած հեքիաթի մոտիվներով։ Սալթան ցարի մասին Պուշկինի հեքիաթը լսելիս հասցնում է 36 պատկերազարդում անել։ Հին հունական առասպելներն էր սիրում նկարազարդել, «Փոքրիկ իշխանը»՝ դե զարմանալի չէ, 13-ում հասնում է «Եվգենի Օնեգին»-ին, հետո՝ «Պատերազմ և խաղաղություն»։ 15 տարեկան էր, երբ կարդաց «Վարպետն ու Մարգարիտան»։ Հայրը գրում է. «Նադյուշան հանկարծ կերպարանափոխվեց ու հասունացավ։ Իր բոլոր երազանքները և պատկերաշարերը դրեց մի կողմ, խնդրեց ինձ՝ Բուլգակովի մասին ինչ հնարավոր է գտնել և անմիջապես ու հափշտակված սկսեց ստեղծել իր կարապի երգը…»։
Նայդանը Միխայիլ Բուլգակովի այս վեպի առաջին պատկերազարդողն է։
Տարիներ անց Ելենա Նյուրենբերգ-Բուլգակովան՝ գրողի այրին, հրավիրում է Նայդանի հորը, թերթում է վաղամեռիկ աղջկա գծանկարները և ասում, որ ասպարեզում եղած պատկերազարդումներից լավագույնը Նայդանի ստեղծածն է։
«Աննա Կարենինա»-ն կարդալուց հետո նրա «ջրանիշերը» հուշում են՝ Աննան պետք է պարի, և Տոլստոյի այս գիրքը Նայդանի ձեռքի տակ բալետի պատկերազարդումներով է վերածնվում։ Ռոդիոն Շչեդրինը գրեթե պայծառատես աղջկա մահից մի քանի տարի հետո է գրում համանուն բալետը, և Նայդանն այդպես էլ չի տեսնում Մայա Պլիսեցկայայի պարը։
Մոր մայրենի լեզվով Նայդան նշանակում է «կապրի հավերժ»։
12 հազարից ավելի գծանկարների հեղինակ է, վեց անգամ ավելի շատ՝ վեց անգամ ավելի երկար ապրած Կլոդ Մոնեի նկարներից։
Նրա մահից հետո աշխարհի տարբեր ծագերում մոտ 160 ցուցահանդես է բացվել։
Նրա անունով է կոչվում Կրթության կենտրոնը (նախկինում՝ դպրոց), որտեղ սովորել է։ 1982-ին հայտնաբերված մի փոքրիկ մոլորակ անվանակոչվել է Նայդան։ Կովկասում Նայդան Ռուշևայի լեռնանցք կա։ Դրամատուրգ Աննա Ռոդիոնովան պիես է գրել (1973) նրա մասին՝ «Աղջնակ Նադյան»։
Չհասցրեց դպրոցն ավարտել։ Մարտի ութի նախօրյակին տղաներն իրենց համադասարանցի աղջիկների գրասեղաններին նվերներ են դնում։ Նայդանի սեղանի փաթեթն այդպես էլ չի բացվում։ Դեռ տեղյակ չէին, որ երբևէ առողջական խնդիրներ չունեցած իրենց սիրելի համադասարանցին նախորդ օրն անսպասելի կորցրել է գիտակցությունը, և նրա կյանքի համար հինգ ժամ պայքարելուց հետո բժիշկները խոստովանել են, որ անզոր են։
17 տարեկան էր։
Լիզա Ճաղարյան