Չի կարելի չափազանց լուրջ լինել, դա խանգարում է ապրել։ Ամեն դեպքում, Հայաստանի հանդեպ ամբողջ թշնամանքով հանդերձ, աստված արևելքից և արևմուտքից մեզ հարևաններ է տվել, որոնք կարողանում են լավ ուրախացնել։ Ամենայն լրջությամբ` հերթական «գոհարով» հիանում է Ռուբեն Գյուլմիսարյանը։
Ստամբուլում կա մի համալսարան, այդ համալսարանում` ծովային գիտությունների մի ֆակուլտետ, իսկ այդ ֆակուլտետում դասավանդում է Յավուզ Օրնեկը։ Նա ձեզ համար «ինչ-որ» մեկը չէ, այլ ակադեմիկոս։
Եվ ահա այս թուրք ակադեմիկոսը, ինչպես հաղորդում է Hürriet պորտալը, պնդում է, որ Նոյ նահապետը համաշխարհային ջրհեղեղից առաջ իր որդու հետ խոսել է բջջային հեռախոսով, և այդ մասին գրված է Ղուրանում ու Հին կտարականում։ Հավանաբար, ակադեմիկոսը նախկինում արդեն հայտնվել է հիմար դրության մեջ` նման բացահայտում անելու համար, քանի որ հրապարակման մեջ ասվում է` համալսարանը նրբանկատորեն խնդրել է նրան խայտառակ չանել իրենց։
«Նրանք ինձ խնդրեցին, որ ես այդ մասին հիմա չխոսեմ։ Ես կարող եմ ներկայացնել իմ ապացույցները, երբ կրքերը հանդարտվեն», – ասել է ակադեմիկոսը։ Ոչ, մենք չենք կասկածում, որ Ստամբուլի համալսարանի ուսանողների և դասախոսների շարքում, ինչպես նաև Թուրքիայում նորմալ մարդիկ կան։ Եվ նրանք հասկանում են, որ այստեղից արդեն ծաղրուծանակի հոտ է գալիս և ոչ միայն ուսումնական հաստատության նկատմամբ։
Զարմանալի է, բայց այս ամենով հանդերձ, ակադեմիկոսը շարունակում է ակադեմիկոս մնալ և նույնիսկ դասավանդել համալսարանում։ Նա ասում է, որ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, թեև հեռուստաշոուի ժամանակ, որտեղ նա շարադրել է իր հանճարեղ մտքերը, թույլ չեն տվել մինչև վերջ արտահայտվել։
Դե, անհերքելի ապացույցների մասին չեն ցանկացել լսել։
Բայց այստեղ զարմանալու բան չկա։ Կրթության մակարդակի նվազեցում նկատվում է գրեթե ամբողջ աշխարհում, դա միայն Թուրքիային չի վերաբերում։ Բայց Թուրքիայում դա խորանում է պետական իշխանության ներկա դրսևորման պատճառով։ Եթե երկրի նախագահը կարող է ցանկացած անհեթեթություն ասել և շատ կողմնակիցներ ունենալ, ի՞նչ եք ուզում հասարակ ակադեմիկոսից։
Մնում է հուսալ, որ Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների ակադեմիկոսին զսպելու միջոց կգտնվի։ Այլապես պետք է վերանայել ջրհեղեղի պատմությունը և Արարատի վրա որոնել ոչ թե տապան, այլ նահապետի բջջային հեռախոս։
Մյուս անհավանական, բայց, այնուամենայնիվ, իրական պատմությունը մեր մյուս ուրախ հարևանների մոտ տեղի է ունեցել շուրջ մեկ տարի առաջ։ Խոսքն այն մասին է, որ Հաֆիզ Գաջիևը` «Ենի մուսավաթ» կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ Մուհամմեդ մարգարեն արաբ չի եղել. այդ ամենը սխալ է։ Դուք հարց կտաք` իսկ ո՞վ էր նա և ինքներդ էլ կպատասխանեք. դե, իհարկե, ադրբեջանցի։ Հարևան պետության պատմաբանների տեսության համաձայն` մեր մոլորակի բոլոր մարդիկ ադրբեջանցիներ են, բայց ոչ բոլորն են դա խոստովանում, մի՞թե չգիտեիք։
Որպես ապացույց` Գաջիևն այդ ժամանակ մարգարեի տարբեր պատկերներ է ներկայացրել, վերլուծել նրա հագնվելու, խոսելու, մարդկանց հետ շփվելու ձևը։ Նրա խոսքով` բոլոր այդ նշանները հարյուր տոկոսով ցույց են տալիս, որ Մուհամմեդն ադրբեջանական ծագում ունի։ Դե, ո՞վ կասկածեր։
Եթե չեք հիշում` Գաջիևն այն կերպարն է, որը 10 եվրո պարգևատրում է խոստացել նրան, ով կկտրեր «Քարե երազներ» վեպի հեղինակ Ակրամ Այլիսլիի ականջը։ Նա հավանություն էր տվել 2015թ–ին Թուրքիայի` ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանելու գործողություններին։ Իսկ հետո կոչ արել ծծմբաթթու լցնել այն ադրբեջանցի տղամարդկանց ոտքերի վրա, որոնք կիսատաբատ (շորտեր) են հագնում։
Թուրքիայի նման Ադրբեջանում էլ, հավանաբար, նորմալ մարդիկ կան։ Միայն, եթե Թուրքիայում դեռ կարող են ծիծաղել ոչ ադեկվատ ակադեմիկոսի վրա, ապա Ադրբեջանում վախենում են նման բան անել։ Քանի որ նման գաջիևներին հեռուստահաղորդումների ժամանակ չեն ընդհատում, նրանք ցանկացած անհեթեթություն կարող են դուրս տալ։ Ինչն էլ շարունակաբար անում են։
Քիչ մնաց մոռանայի. վերջերս նրանց մոտ լուր է տարածվել, որ ավարտվում է վարձակալման ժամկետը, որի համաձայն հայերը 99 տարով Ադրբեջանից վերցրել են Երևանը։ Ինչ-որ մեկ տեղյա՞կ է` վարձակալումը երկարացրե՞լ են։