Մեր նախնիները գինին կարասում էին պահում: Վերջերս «կարաս» բառը «վարձել» է խոշոր գինեգործը:
Karas բառը որպես ապրանքանիշ գրանցելը կարող է խանգարել գինեգործության հայկական ավանդույթների տարածմանը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Այս ապրանքանիշի իրավունքը պետությունը տվել է «Տիեռաս դե Արմենիա» ընկերությանը, որի սեփականատերը արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն է: Ընկերությունն այս անվանումով գինիներ է արտադրում արդեն մի քանի տարի: Հիմա ուզում է, որ այդ բառն օգտագործելու ու պիտակների վրա գրելու իրավունք այլևս ոչ ոք չունենա: «Կարաս» բառի նշանակությունը բոլորիս քաջ հայտնի է. խոր կավե տարա է (այդ թվում` գինի պահելու համար): Այդ դեպքում ինչպես կարող է որևէ կոնկրետ ընկերություն ամրագրել այդ բառը: Ճիշտ նույնկերպ Հունաստանում կամ մյուս Եվրոպայում ոչ ոքի թույլ չի տրվում գնել «ամֆորա» բառը: Կամ ինչո՞ւ հեռու գնանք. հարևան Վրաստանում էլ արտոնյալ բառը «քվևրի»-ն է:
Գրանցման ժամանակ, պարզաբանում է Հարությունյանը, ընկերությունը մի վերապահություն է նշել. ապրանքանիշը լատինատառ է գրանցվում, իսկ եվրոպական ոչ մի լեզվում karas բառը որևէ նշանակություն չունի:
«Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը բիզնեսի տեսանկյունից սթափ է մտածում. Միության փլուզումից հետո ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության խոշորագույն ներդրողներից մեկն է: Եվ այլ գինեգործական ընկերությունների գործընկերների հետ փոխզիջման գնալը կարող է խանգարել նրանց հետ բերել տասնյակ միլիոնավոր ներդրած գումարները: Սակայն…
«Բառային» օրենքի տեսանկյունից ամեն ինչ կարծես թե պահպանված է, իսկ օրենքի մյուս կո՞ղմը: Չէ՞ որ հայկական գինեգործության ավանդույթներն արտերկրում ներկայացնելիս հնարավոր չէ անտեսել այդ բառը: «Կարասը» չի կարելի թարգմանել crock կամ vessel։ Կարասը` կարաս է: Պատմությունը որևէ մեկի մենաշնորհը լինել չի կարող:
Իսկ ընդհանրապես կարելի՞ է նույն ձևով «վարվել» բառարանի մյուս բառերի հետ: «Սեղան», «աթոռ», «դուռ», «պատուհան»… որևէ մեկը կարո՞ղ է այս բառերի վրա փող դիզել: Պատասխանը կարելի է գտնել մեր օրենքներում: «Մտավոր սեփականության պաշտպանության մասին» օրենքը թույլ է տալիս, բայց այն ապրանքատեսակների համար, որոնց հետ բառն անմիջական կապ չունի: Այսինքն Apple ապրանքանիշը չի կարելի գրանցել, օրինակ, խնձորի ջեմ արտադրելու համար, բայց կարելի է գրանցել համակարգիչների կամ այֆոնների համար:
Բայց չէ՞ որ կարասն ուղիղ կապ ունի հնագույն գինիների հետ: Չէ՞ որ Երվանդունիների օրոք գինին ապակե տարաների մեջ չէին լցնում:
Այդ պատճառով էլ Մտավոր սեփականության պաշտպանության գործակալության որոշման դեմ հանդես եկավ մեկ այլ գինեգործ` Zorah Karasi ընկերության սեփականատեր Զորիկ Ղարիբյանը, որը ևս Սփյուռքից է: Նամակը դեռ անպատասխան է մնացել: Սակայն այդ գինու հետ կապված խառնաշփոթի հետևանքները պետք է «մարսեն» ոչ միայն նրանք` երկուսը, այլև մեր երկիրը: