Զվարթնոց տաճարի արծվաքանդակ խոյակները
Advertisement 1000 x 90

Զվարթնոց տաճարի արծվաքանդակ խոյակները

«Բոլորովին ինքնատիպ են նաև արծվաքանդակ կրող խոյակներու ձևը, որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է. պետքն է որ ստեղծեր է այդ ձևը և արտասովոր մեծությունը, ոչ թե ճաշակը: Այդ խոյակներու վրա է, որ նստեր են աջ ու ձախ կողմերեն՝ ութ մեծ աղեղներու յուրաքանչյուր ծայրերը, ետևի կողմեն զիրենք մայր սյուներուն միացնող գմբեթներու ոտքը, և առջևեն, դրսի պատեն մեկնող կամարին մասը: Այդ ձևով և այդ մեծությամբ խոյակը մը միայն կրնար հանգիստ տալ չորս զանազան կողմերե անհավասար չափերով և անկանոն ուղղությամբ եկող կամարներու ծայրերուն:»,- Զվարթնոց տաճարի արծվաքանդակ խոյակների ինքնատիպության մասին միանգամայն իրավացիորեն հիշատակում է Թորոս Թորամանյանը:

Մեկ այլ տեղ Թորամանյանը հիշատակում է, որ «…անոնց վրա քանդակված արծիվներն ալ շատ կարելի է հայկական ավանդության մը հետ կապված են»:

Արծվաքանդակ խոյակները Զվարթնոց տաճարի ամբողջ մտահղացման պսակն են, որոնք եզակի երևույթ են վաղ միջնադարի հայկական (և ոչ միայն հայկական) ճարտարապետության մեջ: Հելլենիստական ճարտարապետության մեջ ևս լայն տարածում ունեն կենդանագլուխ խոյակները, ընդ որում որոշակի տեղ է գրավում նաև արծվի պատկերումը: Այդ նույն մոտիվները զգալի տարածում են գտել նաև բյուզանդական ճարտարապետաության մեջ:

Արծվի պատկերը հաճախ է օգտագործվել ինչպես համաշխարհային այնպես էլ հայկական միջնադարյան հերալդիկայում (խորհրդանշանների համակարգում):

Բոլոր չորս արծվախոյակներն էլ մեզ են հասել համեմատաբար լավ վիճակում: Ուշագրավ է, որ արծիվներից ոչ մեկը նույնությամբ չի կրկնում մյուսին և նրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ գծերը: Սակայն, հնարավոր չէ չնկատել, որ բոլոր արծիվներն էլ ձգված են դեպի վեր, բացել են թևերը և պատրաստ են թռչելու. պատկերված է հենց այն պահը, երբ արծիվները պոկվում են գետնից: Այստեղ կա իրար նայող արծիվների երկու զույգ: Հարավ-արևմտյան և հարավ-արևելյան անկյուններում տեղադրված արծիվների գլուխները համապատասխանաբար թեքված են դեպի աջ ու ձախ և նրանք, կարծես, նայում են միմյանց: Ուշագրավ է, որ զգալիորեն տարբերվում են արևմտյան ու արևելյան կողմերում դասավորվածները: Այս կոմպոզիցիան, որը լավ հայտնի է հին արևելքում, իր ցայտուն դրսևորումն է գտել հայկական զարդարվեստի հնագույն հուշարձաններում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով արծիվների գլուխների աջ կամ ձախ թեքված լինելը բոլորովին ինքնանպատակ չէ. «Արծիվների գլուխները դեպի աջ կամ դեպի ձախ շրջելը, ցույց է տալիս, թե որ ուղղությամբ ես դու իշխում կամ որտեղ նպատակ ունես իշխելու՝ արևելքում, արևմուտքում թե երկու ուղղությամբ էլ: Տվյալ դեպքում Զվարթնոց տաճարի արծիվների՝ երկու ուղղությամբ թեքվելը պայմանավորում է նրանց՝ որպես ճարտարապետական կառույցի, եզակիությունը համաշխարհային ճարտարապետության մեջ»:

Արծիվների այսպիսի դասավորությունը չէր կարող պատահական լինել և, չբացառելով քրիստոնեական սիմվոլիկայի դերը, պետք է նշել, որ նրանց ընդհանուր կոմպոզիցիայի հարցում որոշակի նշանակություն են ունեցել նաև աշխարհիկ մտածողությունն ու աշխարհիկ արվեստի հուշարձանները: Արծիվները՝ որպես պահապան էակներ, լավ հայտնի են եղել V-VII դարերի արվեստի գործերում:

Զվարթնոց տաճարի արծվաքանդակ խոյակներից մեկը, որը կշռում է 2տ. 40 կգ, 2007 թվականին տարվել է Փարիզ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Լուվր թանգարանում ցուցադրելու նպատակով:

«Լուվրում ցուցադրված արծվաքանդակ խոյակն ընդգրկվեց ցուցադրության մեջ իր կատարողական վարպետության և վաղ միջնադարում հայկական ու անդրկովկասյան ճարտարապետության մեջ եզակին լինելու շնորհիվ՝ խոյակի վրա նման թևատարած արծիվ չկա և ոչ մի տեղ»,- ավելացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

hushardzan.am